Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Գյումրիում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, լսել նրանց խնդիրները և առաջարկությունները՝ գործարար միջավայրի բարելավման հետ կապված:
Տնտեսվարողները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց ծրագրերը՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերական արտադրանքի կազմակերպման ոլորտներում, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք վերաբերել են ֆինանսական միջոցների ներգրավմանը, տրանսպորտային փոխադրումների կազմակերպման հարցերին, հարկային արտոնությունների տրամադրմանը և այլն:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը Գյումրի քաղաքին ցուցաբերելու է մեծ ուշադրություն և ավելացրել, որ անհրաժեշտ է ներկայացնել քաղաքի զարգացման լավ գաղափարներ: «Կան բազմաթիվ գործընկերներ, որոնք Հայաստանում գումար ներդնելու ցանկություն ունեն և այդ պարագայում անգամ նրանք պատրաստ են իրենց սպասումները երկարաձգել:
Բայց գաղափարը մենք պետք է ճիշտ մատուցենք նրանց: Իմ խնդրանքն է՝ Գյումրիում գտնել առողջ գաղափար, որը կկարողանանք վաճառել: Խոշոր բիզնեսմենը չի գալու Գյումրի, որպեսզի մոնիթորինգ անի, ուսումնասիրի, թե ինչի պահանջարկ կա»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ կամայական ծրագրի, որը կարող է Գյումրիում միջավայր, տրամադրություն փոխել, աշխատատեղ ստեղծել՝ կառավարությունն առանց երկարաձգելու հավանություն է տալու:
Վարչապետ Կարապետյանն անդրադառնալով Գյումրիի գործարարների միության նախագահի՝ բիզնես ոլորտն աշխուժացնելու նպատակով վարկային արտոնություններ տրամադրելու մասին հարցին, նշել է. «Ես աշխարհում չգիտեմ բիզնես, որն էժան փող չի ուզում: Եթե իրականում բիզնես ծրագրերի մեջ շահութաբերությունն այնպիսին է, որ բանկի տոկոսը կրիտիկական դեր կխաղա, բայց այդ ծրագրի մուլտիպլիկատիվ էֆեկտը Գյումրի քաղաքի, երկրի տնտեսության համար դրական է, մենք կգտնենք սուբսիդավորման ճանապարհը: Բայց կլինեն նաև շատ ծրագրեր, որոնց բանկի տոկոսը կրիտիկական չէ»:
Վարչապետը տնտեսվարողներին առաջարկել է ծրագրերն առարկայական քննարկելու համար ամփոփել ու կոնկրետացնել դրանք և նշել, որ այդ գործում կառավարությունը պատրաստ է ցուցաբերել նաև խորհրդատվական ծառայություններ՝ Կենտրոնական բանկի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, այլ ոլորտների հարթակների հիման վրա:
Ի պատասխան Գյումրիում գործունեություն ծավալող բիզնեսներին առանձին հարկային արտոնություններ տրամադրելու մասին գործարարներից մեկի հարցադրմանը՝ վարչապետն ընդգծել է, որ անկախ բիզնեսի գործունեության վայրից կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր բիզնես առաջարկ և կախված դրա տրամաբանությունից ու ակնկալվող արդյունքներից՝ հետաձգել արտադրության նպատակով ներկրված ապրանքի համար ԱԱՀ վճարի ժամկետը: «Պետության խնդիրն է՝ բիզնեսմենի համար ստեղծել մաքսիմալ պայմաններ, պետությունը պետք է խթանման գործընթաց իրականացնի, բայց այն պետք է լինի ժամանակավոր, որովհետև եթե բինզեսն անտրամաբանական է, մշտապես չես կարող խթանել»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մշտապես պատրաստ է օգտագործելով տարբեր հարթակներ՝ քննարկել Գյումրիի զարգացմանն ուղղված առաջարկություններ, ծրագրեր և ավելացրել, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: