Բժշկական հաստատությունում երիտասարդ աղջկա նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով՝ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա դատախազի ցուցումով ձերբակալվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Ա.Կ.-ն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ հունվարի 25-ին ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժշկի կողմից նշված բժշկական կենտրոն դիմած երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու փաստի առթիվ: