Քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համագումարը, որին բացի կուսակցական գործիչներից մասնակցում էին նաև դաշինքի անդամները, մասնավորապես «Համախմբում» կուսակցության վարչության նախագահ Վարդան Օսկանյանը, ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը և այլք:
Վիկտոր Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան բազմաթիվ գործիչներ, կուսակցություններ, որոնց հետ բանակցություններ են վարում: Այն հարցին` հնարավոր է միավորվի «Ծառուկյան» դաշինքին, Դալլաքյանը ընդգծեց, որ ինքը Գագիկ Ծառուկյանի հետ վաղուց ունի թե´ անձնական, թե´ գործնական հարաբերություններ և նրա հետ պարբերաբար հանդիպել է:
«Նա լուրջ անելիքներ ունի մեր երկրի և ժողովրդի համար: 2003 թվականից մենք ունենք ջերմ հարաբերություններ, պարբերաբար հանդիպում ենք: Մանրամասներ չեմ ներկայացնի, բայց կարող եմ ասել, որ նրա հետ ունեցած հանդիպումները շատ արդյունավետ են»,-ասաց նա:
Դալլաքյանը նաև նշեց, որ քիչ գործիչներ են ողջունել Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը և նրանց թվում է եղել նաև ինքը: