Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ խոսել է ներքաղաքական վերջին զարգացումների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու մասին:
Իր խոսում Սերժ Սարգսյանն ասել է. «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երևույթ եմ համարում:
Մյուս հարցը առավել քան ծիծաղելի է. ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»: