Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ՀՀ քաղաքական դաշտում գրեթե ամեն օր վերադասավորումներ են տեղի ունենում, նոր դաշինքներ ձեւավորվում կամ փլուզվում: Բացի կուսակցություններից՝ քաղաքական գործընթացներին հաճախ այս կամ այն կերպ մասնակցություն են ունենում նաեւ առանձին անհատներ, ովքեր եւս փորձում են անմասն չմնալ տեղի ունեցող իրադարձություններից:
Քաղաքական գործընթացներին հնարավոր մասնակցության հետ կապված՝ վերջերս շրջանառվում էր նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի անունը: Ըստ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների՝ Մանուկյանը ցանկանում է միանալ նոր ստեղծվող «Ծառուկյան» դաշինքին:
«Ժողովուրդ»-ի հետ նախորդ զրույցում Հ. Մանուկյանը չէր բացառել, որ կարող է մաս կազմել քաղաքական գործընթացների: Այս անգամ զրուցելով նախկին նախարարի հետ՝ փորձեցինք պարզել նրա ապագա ծրագրերը, ինչպես նաեւ անդրադարձանք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու շուրջ կառավարության վերջին որոշմանը:
-Պարո՛ն Մանուկյան, որքանո՞վ եք ճիշտ համարում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակման որոշումը, արդյո՞ք դրա փոխարեն առաջարկվող տարբերակները կարող են բարելավել իրավիճակը:
-Ճիշտ եմ համարում: Սրա մասին քննարկումները մենք սկսել ենք դեռ 2014 թվականին: Եթե ընտրվեն ճիշտ հաշվարկված եւ գրագետ լուծումներ, իրավիճակի փոփոխություն կարող է արձանագրվել այս ոլորտում:
-Իսկ եթե այդպիսիք չընտրվե՞ն: Արդյո՞ք իրականում այս փոփոխությունը ռիսկեր չի պարունակում:
-Ռիսկեր իրականում այսօր ունենք. դա որակյալ բուժսպասարկման խնդիրն է, հաճախ անհրաժեշտ մասնագետների բացակայությունը, պետական ռեսուրսների ոչ արդյունավետ տեղադրումը եւ այլն: Հենց այս ռիսկերի չեզոքացմանը պիտի ուղղված լինի այս գործողությունը: Տեսեք, առաջնային բուժօգնությունը պետք է միշտ կազմակերպվի կոնկրետ քրեակատարողական հիմնարկներում:
Որպես հիվանդանոց ՔԿՀ-ի գոյության խնդիրն առաջացել է երկրորդային բուժսպասարկման ապահովման համար, երբ անհրաժեշտություն է առաջանում վիրահատական միջամտությունների, ստացիոնար պայմաններում բուժման եւ ռեաբիլիտացիայի, ինտենսիվ թերապիայի: Սա սովետական մոդելից մեզ փոխանցված համակարգ է, ինչի արդյունավետությունը շատ ցածր է: Օրինակով բացատրեմ. երբեմն առաջանում է որեւէ դատապարտյալի բարդ վիրահատական միջամտության ենթարկելու հարց, ասենք՝ նեյրովիրաբուժական միջամտության: Հայտնի է, որ սա բարդ վիրահատական միջամտություններից է, մասնագետներ այս ոլորտում շատ չկան, սովորաբար դրանք բարձր վարձատրվող մասնագետներ են եւ այլն: Տեսեք՝ ինչ խնդիրների փունջ է առաջանում.
ա/ այն աշխատավարձով, որ հատկացվում է ՔԿՀ-ում աշխատող բժիշկներին, բարդագույն խնդիր է մասնագետ գտնել, ով կհամաձայնի աշխատանքի ընդունվել,
բ/ ՔԿՀ-ում չկա նման վիրահատությունների այնպիսի ծավալ, որ ապահովի մասնագետի արդյունավետ զբաղվածությունը,
գ/ նման միջամտությունների ծախսատարությունը մասնագիտացված կլինիկաներում էականորեն ավելի ցածր է, քան եթե դա արվի դատապարտյալների հիվանդանոցում /քանակի էֆեկտ/ եւ այլն:
-Կառավարության ներկայացրած պարզաբանումը որքանո՞վ եք հիմնավոր համարում, թե՞ փակման այլ պատճառներ եք տեսնում:
-Պարզաբանմանը ծանոթ չեմ, չեմ մեկնաբանի: Իսկ այլ պատճառներ միգուցե եւ կան: Թեեւ եթե նկատի ունեք ինչ-որ կոնկրետ դեպք կամ ռեժիմի խախտում, կամ ապօրինի գործողություններ, ապա դրանք հարցին ուղղակիորեն չեն առնչվում: Դա այլ խնդիր է: Օրենքն ու կարգապահությունը պետք է պահպանվեն ցանկացած համակարգում, ցանկացած ինստիտուցիոնալ լուծումների պարագայում:
-Պարո՛ն Մանուկյան, անդրադառնանք քաղաքական հարցերի: Դուք մեր նախորդ հարցազրույցում չէիք բացառել, որ կարող եք մաս կազմել քաղաքական գործընթացների: Օրեր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Դուք ցանկանում եք միանալ «Ծառուկյան» դաշինքին: Կա՞ նման բան:
-Պետական եւ քաղաքական համակարգում վերջին 20 տարիներին որտեղ ես հայտնվել եմ, հայտնվել եմ ոչ միայն եւ ոչ այնքան իմ ցանկության պատճառով, որքան ինձ արված համագործակցության առաջարկներին իմ համաձայնության արդյունքում: Իմ կյանքում բան չի փոխվել:
-Ամեն դեպքում նման քննարկումներ ունեցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի կամ ԲՀԿ այլ ներկայացուցիչների հետ, Ծառուկյանի հետ անձամբ խոսե՞լ եք:
-Իհարկե՝ ոչ:
-Ընտրություններին մասնակցելու շուրջ մինչ այժմ ո՞ր ուժերի հետ եք բանակցություններ վարել կամ հանդիպումներ ունեցել:
-Բնականաբար, չեմ ասի: Բայց իմացեք, որ գիտակցաբար շատ բաներից հրաժարվողը, ավելի շատ կարող է իրեն թույլ տալ:
-Բայց, ամեն դեպքում, բանակցությունները շարունակվո՞ւմ են այլ ուժերի հետ:
-Նախորդ հարցի պատասխանը սպառիչ էր: Տողատակ կարդացեք…
-Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալը ինչի՞ հետեւանք եք համարում: Ի՞նչ կարող է փոխվել քաղաքական դաշտում:
-Կարծում եմ՝ այս հարցի հասցեատերը Հովիկ Աբրահամյանն է: Քաղաքական դաշտում այս պահին ինչ հնարավոր էր, արդեն փոխվել է:
-Հաշվի առնելով այն տեղեկությունները, թե Հովիկ Աբրահամյանը միանալու է «Ծառուկյան» դաշինքին, կարո՞ղ ենք կարծել, որ վերջինիս վերադարձը խառնեց բոլոր խաղաքարտերը:
-Ձեր հարցում եթե-ներն ու ենթադրությունները չափազանց շատ են: Ես գուշակություններ չեմ սիրում անել, քաղաքականության մեջ կանխատեսումներն են կարեւոր գործիք: Իսկ դրա համար ինֆորմացիայի մինիմալ ծավալ է անհրաժեշտ: Հասկանալու համար խառնեց խաղաքարտերը, թե ոչ, նախ պիտի հասկանալ՝ ով է, կամ ովքեր են խաղաքարտեր բաժանողները:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը