Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում լարված, ջղային ու նաեւ հիասթափության մթնոլորտ է տիրում: Պատճառը ՀՀ կառավարության խայտառակ, «ՀՀ կրթության մասին օրենքի» մի շարք դրույթներ արհամարհող, բացահայտորեն վարչարարական քմահաճությամբ եւ «ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո» պարտադրված` ռեկտորի ընտրության մասին կանոնակարգն է:Ըստ այդ նոր կանոնակարգի` սահմանվել է, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր կարող է առաջադրվել գիտական աստիճան ու կոչում չունեցող (բավական է անգամ դոցենտի կոչումը) ցանկացած անձ, որն արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր արտիստի կոչումներին: Կառավարության անհեթեթության հասցված այս որոշումը ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Արա Ավետիսյանի կողմից մեկնաբանվել է «ուրույնաբար». «Արվեստի բուհ-ի ռեկտորն ընդամենը ֆինանսատնտեսական գործունեությամբ զբաղվող մեկն է, սովորական մենեջեր»: Այս որոշումը ներառել են նաեւ Գեղարվեստի ակադեմիան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Առայժմ վերը նշված բուհ-երում լռություն է տիրում, գուցե դեռեւս չեն ըմբռնել որոշման վտանգավորությունը, մինչդեռ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ընդգծված ժխտողական կեցվածք է: Մի քանի օրից լրանում է գործող ռեկտոր Հրաչյա Գասպարյանի պաշտոնավարման ժամկետը: Նա նորից առաջադրվելու իրավունք չունի, քանի որ ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ ՀՀ ԱԺ-ն տարիներ առաջ ընդունել է օրենք, որն իրավունք չի տալիս 65 տարին լրացած անձանց զբաղեցնել ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: (Ի դեպ, եթե 65 տարին սահման է տնօրենների համար, ինչո՞ւ պաշտոնանկ չի արվում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, չէ՞ որ հատկապես ԳԱԱ-ի մասին մենք տակավին չունենք օրենք, եւ այն գործում է ՊՈԱԿ-ի կարգավիճակով):Լիակատար օրենսդրական խառնաշփոթ, որն այս դեպքում հրահրվել է միտումնավոր` իշխանությունների սիրելի բեմադրիչ Արմեն Մազմանյանին ԵԹԿՊԻ ռեկտոր դարձնելու համար: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մի քանի օր առաջ դոցենտի վկայական ստացած մարդուն բուհ-ի ռեկտոր դարձնելու համար էլ նախարարությունը փոփոխություններ է կատարել ինստիտուտի կառավարման խորհրդում, այնտեղից դուրս բերել հայտնի գրող Ռուբեն Հովսեփյանին, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Օրդոյանին, պրոֆեսոր, նշանավոր կինոգետ Սուրեն Հասմիկյանին` նրանց փոխարեն խորհրդում ընդգրկելով իշխանությունների նվագի տակ մշտապես ծռմռվող, այս ինստիտուտի հետ որեւէ առնչություն չունեցող մարդկանց: Ուրեմն, վիճակն իսկապես օրհասական է, քանի որ այս ամենն արվել է երկրի նախագահի ու վարչապետի հանձնարարություններով` արհամարհելով այն հանգամանքը, որ բուհ-ի կառավարման խորհուրդը ղեկավարում է Սոս Սարգսյանը` կենդանի դասական, ով ազգային արժեք ու հպարտություն լինելուց զատ թատերական աշխարհի ամենահեղինակավոր անհատականությունն է:Անտարակույս, Արմեն Մազմանյանի անձն այստեղ չի կարեւորվում, եւ առաջնային է դառնում այն, որ բուհ-ի հեղինակազրկումը, ոչ ստանդարտ ձեւաչափերի կիրառումը մի օր կարող են հանգեցնել այն բանին, որ ՀՀ ԿԳՆ-ն պետական բուհ-երի շարքից դուրս թողնի արվեստի եւ ֆիզկուլտուրայի ինստիտուտները` հայտարարելով, որ մեր երկրին այդ բուհ-երը պետք չեն: Գուցե սա չափազանց հոռետեսական դիտարկում է, քանի որ առկա է նաեւ բուհ-երի քաղաքականացման խնդիրը խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ: Քաղաքական խաղերը մի կողմ թողնելով` մտահոգվենք հատկապես այն խնդրով, որ արվեստի բուհ-երը այս որոշման կիրառմամբ կդադարեն լինել բարձրագույն ուսումնական, գիտական կառույցներ: Որպես կանոն, գիտական խորհրդի նախագահը բուհ-ի ռեկտորն է, ով, բնականաբար, պրոֆեսոր է, իսկ գիտական խորհուրդը կազմված է բուհ-ի առաջատար մանկավարժ-գիտնականներից, ամբիոնների վարիչներից, ուսումնական ստորաբաժանումների ղեկավարներից, որոնք պրոֆեսորներ են, շատերը` գիտությունների դոկտորներ եւ թեկնածուներ: Եվ հանկարծ` նրանց պիտի ղեկավարի, բուհ-ի գիտական եւ ուսումնական գործընթացները ուղղորդի, գիտահետազոտական աշխատանքներին գնահատական տա դոցենտը կամ էլ գիտական կոչում չունեցող մեկը` սովորական մենեջերը: Նույնն է, թե պաշտպանության նախարարությունը կամ էլ ոստիկանությունը ղեկավարի լեյտենանտը կամ էլ կապիտանը: Սա ոչ միայն անհեթեթություն է: Սրանով արժեզրկվում են գիտական կոչումները եւ պաշտոնները, արժեզրկվում է բարձրագույն կրթությունը: Եթե պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ստորաբաժանումների ղեկավարների համար պարտադիր է պրոֆեսորի կոչումը, ինչո՞ւ այն չպետք է պարտադիր լինի ռեկտորի համար, որը բոլորի ղեկավարն է: Այս հարցին ՀՀ կառավարությունն ու կրթության եւ գիտության նախարարությունը չեն պատասխանում: Չեն պատասխանում, որովհետեւ նրանց նպատակն ու «վերեւից իջեցված» հրահանգն այլ է. ամեն կերպ Մազմանյանին դարձնել բուհ-ի ռեկտոր: Եվ քանի որ նշյալ բեմադրիչն արդեն տեւական ժամանակ տառապում է արվեստի «առեւտրականացման» գաղափարով, փոխնախարարը հենց մենեջեր բառն էլ օգտագործում է` հազիվ թե կարողանալով բացատրել այդ բառի իմաստը եւ նշանակությունը, քանի որ դա ոչ թե իր, այլ Մազմանյանի «հենակետն» է: ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ շարունակելի
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՎԵՐՈՒՄ` ՀԱՆՈՒՆ ԽՄԲԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ