Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հունվարի 17-ին եւ 24-ին նախատեսված մրցույթները չեն կայացել, քանի որ դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից հունվարի 17-ի մրցույթին մասնակցել է 5, իսկ հունվարի 24-ի մրցույթին՝ 4 անդամ: Մինչդեռ մրցույթը կայացած է համարվում, եթե դրան մասնակցել է դպրոցի կառավարման խորհրդի առնվազն 6 անդամ:
Տնօրենի պաշտոնի հավակնորդները 3-ն էին՝ Խաշթառակի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գերասիմ Թիրաբյանը, Իջեւանի ավագ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Սամվել Սիմոնյանը եւ կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Ռուզաննա Մովսիսյանը: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից հայտնեցին, որ Խաշթառակի դպրոցի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվելու: