Պատգամավորն ընդդեմ «Գյումրեցու ոգու». մենամարտի առաջին ռաունդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դատական հայց է ներկայացրել «Գյումրեցու ոգի» կուսակցության դեմ, որի ղեկավարը Սահակ Սահրադյանն է: Պատճառը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին Գյումրու տեղական երեք հեռուստաընկերություններով հեռարձակված «Ճանաչիր» վերնագրով տեսանյութն է:

Գյումրիի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հոհաննես Մարգարյանի դեմ հեռարձակված այդ հակաքարոզչական տեսանյութում նշվում է, թե Մարգարյանը կապ ունի հայտնի «կաթի փոշու» պատմության հետ։ Տեսանյութում ասվում է, որ այդ փոշին Գյումրի է բերվել որպես հումանիտար օգնություն 88-ի երկրաշարժից հետո. «Գյումրեցի Մարգարյանը գողանում էր սոցիալական ծանր պայմաններում ապրող համաքաղաքացիների հասանելիքն ու գերշահույթ ստանում:

Հրուշակեղենի գործարանի տնօրենը պարտավոր էր օգնություն ստացած կաթի փոշին կիրառել մանկապարտեզներին, դպրոցներին տրվելիք թխվածքաբլիթների ու այլ քաղցրավենիքների պատրաստման համար, բայց նա առանց վարանելու վաճառում էր օգնություն ստացածը»,- նշվում է տեսանյութում:

Հունվարի 24-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հովհաննես Մարգարյանն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության դատական առաջին նիստը:

«Դատական նիստը նորմալ ընթացավ: Դիմել են դատարան միջնորդությամբ, որ հետաձգվի առաջին նիստը, որպեսզի փաստաբանները կարողանան ծանոթանալ հայցադիմումին: Իմ փաստաբանները միջնորդել են դատարանին, որ մինչեւ փետրվարի 8-ը տա ժամանակ, որպեսզի ծանոթանան մեր հայցադիմումին: Միջնորդությունը եղել է հետեւյալը, որ հաջորդ անգամ դատական նիստը չհետաձգվի այդ միջնորդությամբ, որ տանեն, ծանոթանան անկախ նրանից, թե մյուս փաստաբանները ծանոթացել են, թե ոչ, որովհետեւ այդտեղ տեխնիկական խնդիր է, եւ յուրաքանչյուր փաստաբան կարող է մի քանի շաբաթ պահանջի հետաձգել, որ ինքն էլ ծանոթանա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Մենք զրուցեցինք նաեւ պատասխանող կողմի հետ: «Ես հեռուստաընկերություններին ընդամենը տրամադրել եմ, ես ինքս հաղորդումները չեմ սարքել, կարծում եմ, որ նախընտրական շրջանն այն հատվածն է, որ ժամանակին տեղի ունեցած իրադարձություն է, եւ հանրությունը իրավունք ունի իմանալու»,-նշեց Սահակ Սահրադյանը:

Նրա կարծիքով՝ ցանկացած մարդ էլ իրավունք ունի տեսանյութում ներկայացվածը հերքելու. «Այնպես որ, արդարադատությունը նրա համար է, քաղաքացիական արդարադատությունը տվյալ դեպքում, որ դատարանը պարզի՝ արդյոք վիրավորանքի, զրպարտանքի էլեմենտ կա, թե ընդամենը քաղաքական պայքարի սովորական դրսեւորումներից է: Որովհետեւ եթե հասնենք նրան, որ ով ինչ ասում է, դրա դիմաց հայց լինի, կարծում եմ՝ քաղաքական գործունեությունը Հայաստանում պետք է դատարանի շենքում տեղի ունենա»,- նկատեց Սահրադյանը:

Վահագն Հակոբյան




Լրահոս