Ամարասի Արթուրն՝ ընդդեմ ազատամարտիկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում ընթանում է Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 50 հասցեում գրանցված «Հովնանյան ինթերնեյշնել» ՍՊԸ-ի քաղաքացիական հայցով դատավարությունը: Ներխուժումը վերացնելու պահանջի հայցով պատասխանողը Դիլիջան քաղաքի բնակիչ Արարատ Մադաթյանն է: Հունվարի 24-ին այդ գործով դատավարության նախնական նիստն էր:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Օհանյանը բավարարել է «Հովնանյան ինթերնեյշնել» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը եւ արգելանք է դրել Ա. Մադաթյանի գույքի, դրամական միջոցների վրա: Տավուշի մարզի դատարանում քննվում է նաեւ Արարատ Մադաթյանի եւ նրա կնոջ՝ Մարինե Ծովյանի վերաբերյալ քրեական գործը, որն առնչվում է նույն խնդրին՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարող, նախկին առողջարանի տարածքում գտնվող 640 քառակուսի մետր մակերեսով հողամասի վրա տեղադրված ընկերության վագոն-տնակին: Ամուսիններն այդ հողամասին կից կառուցել են ավտոլվացման կետ՝ նախկինում հողամասից ու վագոն-տնակից իրենց վտարումը համարելով անօրինական:

Ա. Մադաթյանին եւ Մ. Ծովյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 322 հոդվածի 1-ին մասով (Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս պետական կամ հասարակական շահերին), Մ. Ծովյանին նաեւ` 333 հոդվածի 1-ին մասով (Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է):

Սույն քրգործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2016թ. դեկտեմբերի 23-ին, հաջորդ նիստը նշանակված է հունվարի 30-ին: Դիլիջան քաղաքից «Ժողովուրդին» հայտնեցին, որ վիճահարույց տարածքը 1989թ. եղել է երկրապահ կամավորականների շտաբ, որի պետը եղել է Ա. Մադաթյանը: 1996թ-ից այն սեփականաշնորհվել է եւ պատկանել է Մադաթյան ընտանիքին: Այդ տարածքը ծառայել է որպես մթերային խանութ, ավտոլվացման կետ, մեքենաների սպասարկման տարածք եւ այլն: Համացանցում տեղադրված է մի տեսանյութ, որտեղ Ա. Մադաթյանը բողոքում է այդ գործով իր դեմ կատարված ապօրինություններից:

Արարատ Մադաթյանը պնդում է, որ Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Պետրոսյանի օրոք՝ 1996-ին, ինքը օրինական կերպով սեփականաշնորհել է այդ տարածքը: Սակայն «Հովնանյան ինթերնեյշնել» ՍՊԸ-ն հետագայում դարձել է նախկին առողջարանի տարածքի սեփականատերը, որտեղ էլ գտնում է նշված հողամասը: Դիլիջանի կենտրոնում գտնվող այդ հողամասը համարվում է «յուղոտ պատառ»:

Նշենք, որ «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն պատկանում էր հայտնի գործարար, բարեգործ Վահագն Հովնանյանին, ով մահացել է 2015թ., 83 տարեկան հասակում: Ընկերության գործերով զբաղվում է Վահագն Հովնանյանի դստեր ամուսինը՝ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը: Նա պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի համախոհներից է եւ պատրաստվում է մտնել ակտիվ քաղաքականություն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս