Գյումրու ծննդատան շուրջ կրքերը չեն հանդարտվում. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Կուտակված պարտքերի եւ թերբեռնված աշխատանքի արդյունքում ծննդատունը հայտնվել է փակման վտանգի առջեւ:

Նշենք, որ Գյումրու ծննդատունը հիմնվել է 1921 թվականին, իսկ որպես առանձին բուժհաստատություն՝ գործարկվել 1937 թվականից: Այն Հայաստանում համարվում է պիլոտ ծննդատուն, եւ մարզի խոշորագույն կլինիկան է, ունի 120 աշխատող: Բայց արդեն մի քանի օր է, ինչ համառորեն շրջանառվում են ծննդատան փակվելու մասին լուրերը, ինչը խիստ մտահոգել է ծննդատան աշխատակիցներին: Բանն այն է, որ տարիներ առաջ «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ն մոտ 46 մլն դրամի չափով պարտք է կուտակել: Այն գոյացել է չվճարված աշխատավարձերի, դեղորայքի պարտքերից:

Սակայն ՀՀ Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ 46 մլն դրամ պարտքից վերջին տարիներին մասնակի մարում է կատարվել, եւ այժմ պարտքը կազմում է 21 մլն դրամ: Ըստ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի՝ 21 մլն դրամ պարտքը չի կարող ծննդատան փակվելու պատճառ լինել:

«Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչի՞ արդյունքում է ծննդատունը պարտքեր կուտակել, Ֆելիքս Գրիգորյանը պատասխանեց. «Պարտքերի կուտակման պատճառները մի քանիսն են, բայց հիմնականում դա կապված է ծնունդների թվի նվազման հետ: Իսկ ծննդատունը հիմնականում ֆինանսավորվում է ծննդօգնությունների հաշվին: Եթե դրանց թիվը նվազում է, հետեւաբար, պակասում է նաեւ ֆինանսավորումը: Որպես օրինակ նշեմ, որ Գյումրիում տարիներ առաջ մեր ծննդատունը տարեկան ունեցել է 4500 ծնունդօգնություն, իսկ հիմա երեք բուժհաստատություն միասին վերցրած ունենում են 1500 ծնունդօգնություն»:

Ըստ մասնագետի՝ ծնունդօգնությունների թվի նվազումը անմիջական կապ ունի Հայաստանի բնակչության թվաքանակի նվազման հետ: «Օրինակ՝ 200 հազարանոց Գյումրին հիմա ունի 80-90 հազար բնակիչ: Բացի այս՝ մարդկանց սոցիալ-տնտեսական ծանր պայմանները թույլ չեն տալիս ունենալ երրորդ կամ չորրորդ երեխա: Կան նաեւ ընտանիքներ, որոնք անգամ երկրորդ երեխան շքեղություն են համարում: Բայց հիմնական պատճառը արտագաղթն է»,- ներկայացրեց Գրիգորյանը:

Բացի այս՝ մարզի գլխավոր մանկաբարձը համոզված է, որ ծննդատան՝ փակման եզրին հայտնվելը պայմանավորված է Գյումրիում գործող «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում» մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի ստեղծմամբ:

Զրույցի ընթացքում Ֆ. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում» մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի ստեղծման արդյունքում իրենց հատկացվող բյուջետային ֆինանսավորումը նվազել է, ինչի պատճառով էլ ծննդատունը պարտքեր է կուտակել: Սակայն չնայած դրան՝ Ֆ. Գրիգորյանը վստահեցնում է, որ ծննդատունը վնասով չի աշխատում:

«Միայն առողջապահության նախարարության որոշ պաշտոնյաներ են պարբերաբար բարձրացնում ծննդատան փակման հարցը: Բայց ես նշեմ, որ Գյումրիում մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք ստեղծելու կարիք չկար, այն դեպքում, երբ նույնիսկ Գյումրու ծննդատունն է թերբեռնված աշխատում: Բացեցին ու այժմ երկուսն էլ (խոսքը Գյումրու ծննդատան եւ «Մոր եւ մանկան ասվտրիական հիվանդանոցում» մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի մասին է) նույն վատ վիճակում են:

Քանի որ այնտեղ նույնպես ծնունդօգնությունների թիվը քիչ է՝ գործունեություն ծավալելու համար: Հիմա որոշ մարդիկ այդ սխալը փորձում են ուղղել՝ այդ բաժանմունքը կամ էլ Գյումրու ծննդատունը փակելով: Ինչը այդքան հեշտ բան չէ: 100 հոգու թողնել գործազո՞ւրկ, չեն կարող մարսել, այն դեպքում, երբ առջեւում խորհրդարանական ընտրություններն են»,- վրդովված նկատեց Ֆ. Գրիգորյանը՝ հրաժարվելով նշել այն պաշտոնյաների անունները, որոնք փորձում են ծննդատունը փակել:

Իսկ ահա Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով ծննդատան փակման մասին լուրերին, շտապեց տեղեկացնել, որ այն փակելու վերաբերյալ ոչ մի քննարկում չի եղել: «Ոչ ոք չի պատրաստվում Գյումրու ծննդատունը փակել: Երա՞զ են տեսել: Ոչ ոք այս ժամանակաշրջանում դա չի քննարկում, ծննդատան մասին մոռացել են»,- հավաստիացրեց վարչության պետը:

Անդրադառնալով ծննդատան կուտակած պարտքերին` մարզպետարանի պաշտոնյան հայտարարեց, որ բոլոր բժշկական հաստատություններն էլ պարտքեր ունեն, եւ Գյումրու ծննդատունը բացառություն չէ: Բայց Գյումրու ծննդատան խնդիրներն այլ են. «Այն ժամանակաշրջանում, երբ բացվեց «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, Գյումրու ծննդատանը նվազեց ծնունդօգնությունների քանակը: Այսինքն՝ նրանք այդ մասով կրկնակի հարված ստացան: Չնայած որ դիմացել են մրցակցությանը: Ուղղակի իրենց հատկացվող ֆինանսավորումը նվազել է»,- եզրափակեց պաշտոնյան:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս