Ի՞նչ անակնկալ է պատրաստում Գևորգ Մարտիրոսյանը սիրահարների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը, ով հայտնի է մի շարք մրցույթ-փառատոների, այդ թվում` «Հայաստանի ձայն» հեռուստանախագծի շրջանակում ունեցած հաջողությամբ, պատրաստվում է Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ անակնկալ մատուցել բոլոր սիրահարներին: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ աշխատում է սիրային թեմայով նոր երգի վրա, որը կունենա նաեւ տեսահոլովակ:

Խոսելով առաջիկայի ծրագրերից՝ երգչը նշեց, որ ապրիլին շրջագայելու է Ռուսաստանի Դաշնության` 20-ից ավելի քաղաքներում, ապա համերգներով հանդես է գալու նաեւ Եվրոպայում:

Գեւորգը մեկ այլ նորություն էլ ունի երկրպագուների համար. շուտով նա կթողարկի իր` թվով առաջին ձայնասկավառակը. «Ալբոմում ներառված կլինեն մի շարք նոր երգեր: Ձգտում եմ որակյալ աշխատանք ներկայացնել, այդ պատճառով էլ ձայնասկավառակիս թողարկումը, ինչին շատ եմ սպասել, ուշացնում եմ»,-մեկնաբանեց երգիչը:

Մենք հետաքրքրվեցինք` արդյոք Գեւորգը շարունակում է երգեր հեղինակել. «Այո՛, դրանց մի մասն արդեն իսկ ընդգրկված է իմ երգացանկում (որոշ գործերի պարագայում համահեղինակ եմ), հենց համապատասխան հոգեվիճակ եմ ունենում, ստեղծագործում եմ, այդ ուղղությամբ, սակայն, հատուկ ջանքեր չեմ կիրառում»,-շեշտեց նա:

Իսկ դիտարկմանը, թե Հայաստանի Երգի պետական թատրոնի նախկին մեներգչի երգացանկն ինչ-որ առումով միատարր է դարձել, վերջինս պատասխանեց. «Ձեզ կարող է թվալ, թե կոմերցիայով եմ զբաղված, բայց ասեմ, որ դրան զուգահեռ ստեղծում ենք ավելի որակյալ երգեր: Թե՛ ժանրային, թե՛ որակական փոփոխություններ իմ երգացանկում անպայման կլինեն: Վերջերս, օրինակ, ոչ կոմերցիոն բնույթի մի երգ տեղադրեցի համացանցում, եւ այն բավական լայն արձագանք ունեցավ: Զգացի, որ կա այլ լսարան, որի համար նույնպես պետք է ինտենսիվորեն աշխատել»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս