ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում զոհված հայ զինծառայողներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը հետմահու պարգևատրվեց «Արիության» մեդալով, շարքայիններ Էրիկ Աբովյանը և Էդգար Նարայանը՝ «Մարտական ծառայության» մեդալով: Զոհված զինծառայողների պարգևները ՀՀ նախագահից ստացան նրանց ծնողները ՀՀ բանակի օրը՝ հունվարի 28-ին, նախագահական նստավայրում հրավիրված արարողությանը:
Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավարևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով մինչև 7 զոհ, վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: