Մեր զինվորները ո՛չ Նժդեհից են խոսում, ո՛չ էլ Անդրանիկից, բայց ծառայում են տղավարի. Դավիթ Ամալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: «Ժողովուրդ»-ը տոնական այս առիթով զրուցել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ, ով 1990-94թթ. մասնակցել է Արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետեւ 5-րդ բրիգադի զորամիավորումներում: Նա նաեւ «Երկրապահ կամավորական միության» անդամ է: Պարոն Ամալյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է հայ զինվորի կերպարին` նկատելով, որ նա Նժդեհից չի խոսում, ոչ էլ Անդրանիկից, Մաշտոցից կամ Րաֆֆուց, բայց ավելի շատ գործ է անում, քան խոսողները: Հայ զինվորը, երգահանի խոսքով, հայրենասիրությունից, առհասարակ, չի խոսում, բայց ծառայում է հերոսաբար:

-Պարո՛ն Ամալյան, հայ զինվորի, հայոց բանակի մասին երգերի հեղինակ եք, կատարող: Իսկ հիմա այդ թեմայի շուրջ ստեղծագործո՞ւմ եք:

-Չէ՛, ես հիմա բանակի մասին երգ, առհասարակ, չեմ գրում: Ժամանակին, այո՛, գրել եմ, հայոց բանակին նվիրված քայլերգեր, այլ ստեղծագործություններ ունեմ, բայց հիմա արդեն ուրիշ բաների մասին եմ գրում: Իսկ բանակի մասին գրողներ կան, ես նրանցից մի քանիսի երգերն եմ կատարելու հունվարի 28-ին Օպերային թատրոնում կայանալիք հայոց բանակին նվիրված կառավարական համերգի ժամանակ:

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեք գրում այդ թեմայով:

-Չգիտեմ, չեմ կարող ասել, ընդհանրապես, ես իմ երգի թեմաները նախօրոք չեմ որոշում: Բանակային թեմայով վերջին երգը, որ գրել եմ, նվիրված է Մոնթե Մելքոնյանին, ռոք ժանրի ստեղծագործություն է: Դա գրել էի Մոնթեին նվիրված ֆիլմի համար, որի ստեղծումն այդպես էլ ընթացք չստացավ, այդ գործը, սակայն, ընդգրկվեց իմ երգացանկում:

-Պարո՛ն Ամալյան, գիտենք, որ պարբերաբար այցելում եք Հայաստանի զորամասեր եւ քաջ ծանոթ եք մեր զինվորների առօրյային, գիտեք, թե ինչպիսին է նրանց հոգեվիճակը: Եթե բնութագրելու լինեք այսօրվա հայ զինվորին, ի՞նչ որակներ կառանձնացնեք:

-Ի դեպ, միայն ես չէ, որ այցելում եմ զորամասեր եւ ուրախ եմ, որ այդ միտումը դառնում է համատարած: Կարող եմ ասել, որ մեր սերունդն աճ է տվել: Մեր ժամանակ, երբ խմում էինք զոհված, սերունդ չտված տղերքի կենացը, ասում էինք. «Սերունդ չտված պտուղը հողին ավելի շատ սերմ է տալիս»: Փաստորեն, չէինք սխալվում: Այն ժամանակ այդ խոսքերը մեզ համար մխիթարանքի պես բան էին: Բայց այսօր դա իրականություն դարձավ: Մեր երեխեքը զոհված տղերքի գործի շարունակողն են, անսպասելի լավն են, իսկ գալիք սերունդն էլ ավելի լավն է լինելու: Մեր այսօրվա զինվորները ո՛չ Նժդեհից են խոսում, ո՛չ էլ Անդրանիկից, Մաշտոցից կամ Րաֆֆուց, բայց ավելի շատ գործ են անում, քան խոսողները: Նրանք հայրենասիրությունից չեն խոսում, բայց ծառայում են տղավարի, հերոսաբար: Նրանց համար կարեւորը մարդկային արժեքն է, իսկ հայրենասիրությունը շատ կեղծ կատեգորիա է: Բառն ինքը կեղծ է: Օրինակ` Չելենտանոն հայրենասիրական երգ երգած կա՞: Մեր շատ երգեր «Հայաստան»-ով են սկսվում, բայց դրանց մեջ Հայաստան չկա: Հիմա մեր զինվորներն է՛լ ավելի վճռական են, գործող: Թեեւ միշտ են այդպիսին եղել` սկսած Հայրենական մեծ պատերազմի տարիներից մինչեւ Արցախյան պատերազմ, մինչեւ Քառօրյա պատերազմ: Այդպիսին եւ ավելի լավն ենք լինելու միշտ:

Հավելենք, որ 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Մինիստրների խորհրդում ստեղծվեց պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»` այդ կերպ արձանագրելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս