ՀՀԿ-ից արտահոսքը շարունակվում է. հերթը հասավ Լոռու մարզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզում հիմա էլ ՀՀԿ շարքերից որոշել է դուրս գալ Գուգարք գյուղի հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սամվել Մացակյանը, ով կուսակցական շարքերը համալրել էր դեռևս 2002թ-ից: Տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Մացակյանը հայտարարել է, թե կուսակցությունից դուրս գալը բնավ պայմանավորված չէ պաշտոնից զրկվելու հանգամանքով: Մացակյանը դպրոցի տնօրեն է նշանակվել 1997թ-ից, իսկ կուսակցական դարձել՝ 2002-ից:

ՀՀԿ շարքերից դուրս գալը Մացակյանը կապել է կուսակցության մարզային կառույցում ստեղծված իրավիճակով. «Լոռու մարզային կառույցի ղեկավարի՝ մարզպետի կանխակալ որոշումներով, Լոռու մարզային Հանրապետական կառույցում գործում է ռեժիմի քաղաքականություն ու այս կառույցում շատ են այն քաղաքական գործիչները, որոնք հաճախորդի դեր են կատարում: Այ սրանք ինձ վրդոհվեցրել են, ու ես պաշտոնապես հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս կուսակցությունից»:

Մացակյանը դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվել է 2016թ-ի դեկտեմբերին: Մացակյանը դուրս գալով ՀՀԿ-ից, որոշել է սատարել Լուսավոր Հայաստան կուսակցությանը: Հիշեցնենք, որ Լոռիում ՀՀԿ-ից նախորդ շաբաթ դուրս եկավ նաև Լեռնապատի նախկին գյուղապետ Վանո Եղիազարյանը, իր այդ քայլը Եղիազարյանը պատճառաբանեց այս կերպ.«Անպատվաբեր է մնալ մի կուսակցության շարքերում, որի հիմքում ազգային գաղափարաբանությունն է, սակայն իրականում ազգը պառակտող ու խառնակիչ գործունեություն է իրականացնում` հարազատին հանելով հարազատի, բարեկամին` բարեկամի, հային` հայի դեմ»:

ՀՀԿ-ից դուրս եկավ նաեւ Վանաձորի թիվ 8 դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանը: Նա այդ որոշումը պատճառաբանել է նաեւ մարզպետ Արթուր Նալբանդյանի գործոնով: Ի տարբերություն Մացակյանի, Կարինե Ստեփանյանը հայտարարել է, թե իրեն պարզապես ցուցակագրել էին 13 տարի առաջ որպես ՀՀԿ-ական, ու ինքը երբևէ չի ծառայել կուսակցությանը, ինչն էլ հիմք է հանդիսացել ընկնել մարզային իշխանությունների սև ցուցակը:




Լրահոս