Հայաստանի տնտեսությունը` օրհասական վիճակում. փորձելու են ներդրողներ ներգրավել շինարարության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շարունակում են նվազել։ Ըստ ԱՎԾ տվյալների` 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 44.4 մլրդ դրամ, մինչդեռ 2014թ. նույն ժամանակահատվածում դրանք մոտ երկու անգամ ավելի շատ էին` 80.2 մլրդ դրամ։ Բնականաբար, նման ցուցանիշների առկայության դեպքում ոչ միայն հնարավոր չէ խոսել առողջացող տնտեսության մասին, այլեւ ակնառու է դառնում, որ բացասական այս դինամիկայի շարունակության դեպքում Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է օրհասական վիճակում։

Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը փորձում է մեծացնել ներդրումների ծավալը եւ համոզել գործարար միջավայրին, որ Հայաստանը շահեկան երկիր է ներդրումներ կատարելու համար: Վարչապետը բազմիցս է նշել, որ կառավարության ծրագիրը նախատեսում է արագընթաց բարեփոխումներ՝ ներգրավելով համայն հայության ողջ ներուժը: Կառավարության ղեկավարն առաջնահերթ է համարել ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանից փորձել է պարզել, թե ինչպե՞ս է նախարարությունը կանխելու ներդրումների նվազումը, եւ արդյո՞ք հաջողվել է գործարարներին համոզել, որ Հայաստանը բարենպաստ երկիր է ներդրումներ իրականացնելու համար:

-Պարո’ն Կարայան, ամսեամիս շարունակվում է ներդրումների ծավալի անկումը մեր երկրում: Ո՞րն է այդ բացասական դինամիկայի հիմնական պատճառը:

-Ես միայն կարող եմ փաստել, որ ներկայումս սկսելու են աճել: Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ այս տարի արդեն իսկ լուրջ ներդրումների աճ կունենանք: Հենց առաջին եռամսյակում մենք աճ կարձանագրենք:

-Տնտեսագետների պնդմամբ՝ ներդրումների ցուցանիշի նվազումը փաստում է, որ մարդիկ ուղղակի մեր երկրում ապագայի հետ կապված դրական սպասելիքներ չունեն, եւ այդ իսկ պատճառով երկարաժամկետ՝ ապագային միտված ծրագրեր չեն իրականացնում՝ բավարարվելով առօրյա խնդիրների լուծմամբ կամ կարճաժամկետ ծրագրերով:

-Հիմա ունեն:

-Հունվարի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին։ Վարչապետն ընդգծել է, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողների համար կառավարությունը կապահովի թափանցիկ, հավասար, մրցակցային պայմաններ՝ Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Միաժամանակ, գործարար համայնքին են ներկայացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք ուղղված են տնտեսության առաջնային ոլորտների զարգացմանը։ Ի վերջո, հաջողվեց գործարարներին համոզել, որ ներդրումներ կատարեն Հայաստանում:

-Այո՛, այո՛:

-Կոնկրետ ո՞ր ընկերություններն են պատրաստվում ներդրումներ կատարել:

-Այն կազմակերպությունները, որոնց հետ մենք արդեն իսկ աշխատանքներ իրականացրել ենք: Նաեւ ունենք օտարերկրյա ներդրումներ իրականացնող կազմակերպություններ:

-Երկրի տնտեսության համար կարեւոր ճյուղերից մեկի՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: Անկախ տնտեսագետների կանխատեսումներով՝ այս տարվա ընթացքում դրական զարգացման համար որեւէ նախադրյալ տեսանելի չէ:

-Ես համաձայն եմ, որ շինարարության ոլորտում ներդրումները երկրի տնտեսության զարգացման համար շատ կարեւոր են, մենք ներկայումս քաղաքաշինության պետական կոմիտեի հետ միասին մշակում ենք նաեւ ներդրումային ծրագրեր քաղաքաշինության ոլորտում եւ փորձելու ենք ներդրողներ ներգրավել նաեւ այդ ոլորտում:

-Պարո՛ն Կարայան, արդյո՞ք կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իր գործունեությամբ հաճախ խոչընդոտներ չի ստեղծում գործարարների համար:

-Ո՛չ, որովհետեւ պետական եկամուտների կոմիտեի աշխատանքներն ուղղված են հավասար մրցակցային դաշտ ապահովելուն, եւ պետական եկամուտների կոմիտեն այսօր աշխատանքներ է իրականացնում, որպեսզի ստվերը բացահայտվի: Եվ մոտեցումը բոլորի համար լինելու է նույնը, դա չի խանգարում ոչ մի ներդրողի:

Վահագն Հակոբյան




Լրահոս