Մշակույթի նախարարությանը ձեռնտու չէ ներդրում անել ոչ փողաբեր ոլորտում. քանդակագործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է քանդակագործ Տարիել Հակոբյանի հետ: Նա անդրադարձել է իր ոլորտի հանդեպ պետական ուշադրության պակասին, խոսել է հովանավորների բացակայության մասին: Մենք հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչ ակնկալիքներ ունի քանդակագործը ՀՀ մշակույթի նախարարից, հարցրել ենք` Երեւանում ինչպիսի քանդակների պակաս է նա տեսնում: Պարոն Հակոբյանը մեր զրույցի ընթացքում շեշտել է նաեւ, որ ստեղծագործական միությունների մասին օրենք ընդունելու կարիք կա:

-Պարո՛ն Հակոբյան, հիմա Ձեր ձեռքի տակ պետական պատվերներ ունե՞ք:

-Ո՛չ, չունեմ:

-Ի՞նչն է պատճառը:

-Խոստումներ կան, պատվերները չկան: Օրինակ` Գյումրու հետ կապված կարեւոր գործեր կային, որ կիսատ թողեցինք: Քաղաքապետարանից խոստացել էին, որ Պուշկինի արձանն են Գյումրիում կանգնեցնելու, հեղինակը ես պետք է լինեի, բայց այդ ծրագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց` ֆինանսական եւ այլ գործոններից ելնելով: Իսկ, առհասարակ, պետական այրերն ուզում են, որ քանդակը նվեր տաս քաղաքին, չեն ուզում փող ծախսեն: Որոշ քանդակագործներ խաբում են, ասում են, որ նվեր կանեն, հետո, երբ որ արձանը տանում, տեղադրում են, փող են ուզում: Բայց ես այդ ստախոսների նման գործել չեմ կարող:

-Մեր մշակույթի նախարարից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Ես ոչ մի պետական պաշտոնյայից ոչ մի ակնկալիք չունեմ, մի քիչ վարչապետի հետ կապված հույսեր ունեմ ու վերջ: Մշակույթի նախարարը հենց մտավ այս ոլորտ, սկսեց փոփոխություններ նախաձեռնել գրականության, երաժշտության ասպարեզներում, այսինքն՝ այնտեղ, որտեղից փող է գալիս: Այնինչ՝ նկարիչների միությունում կարեւոր, շրջադարձային ցուցահանդեսներ են կազմակերպվում, պետությունը ոչ մի պատվեր արվեստագետներին չի տալիս, ամեն բան մնում է վերջիններիս նախաձեռնության հույսին: ՀՀ անկախության 25-ամյակը նշվեց, շատ ավելի վաղ, օրինակ` Հայ գրատպության 500-ամյակն էր նշվել, բա չարժի՞ նման առիթներով 10, 20 նկար, քանդակ պատվիրել արվեստագետներին: Բա որ հանկարծ նրանք բունտ անեն, իրենց նախաձեռնությամբ ոչինչ չներկայացնեն, ու այդ ցուցահանդեսները չկայանան…

-Պարո՛ն Հակոբյան, քանդակագործի աչքով մայրաքաղաքին նայելու դեպքում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:

-Այսօր քաղաքը լցվել է լավ ու վատ քանդակներով, ինչ-որ գիպսե մարդուկներով… Գեղարվեստական խորհուրդ չկա, որ դրա անդամները որոշեն` որ քանդակն է արժանի քաղաքում տեղադրվելուն, որը` ոչ: Պատվիրատուն փողը տալիս, ինչ ուզում, դնում են: Օրինակ` ինչի՞ նման է «Երեք դուդուկահարներ» խմբակային քանդակը, անճոռնի բան է, կամ Ռադիոյի տան մոտ վերջերս տեղադրված արձանը` ծուռ-մուռ երկաթե կտորների հավաքածուն: Կարծում եմ` ստեղծագործական միությունների մասին օրենք ընդունելու կարիք կա:

Դրա արդյունքում կստեղծվեն գեղարվեստական խորհուրդներ, պետական բյուջեից քանդակագործությանը, նկարչությանը պարտավոր կլինեն գումար հատկացնել: Հիմա մշակույթի նախարարի քմահաճույքով է որոշվում` փող հատկացնել, թե ոչ, ոչ մի պարտավորություն չկա: Իսկ իրեն ձեռնտու չի փող հատկացնի, փոխարենը նա ներդրում է կատարում այնպիսի ոլորտներում, որոնք, ինչպես նշեցի, փողաբեր են, որտեղ ներդրում կատարելու պարագայում գումարդ վերադառնում է քեզ:

-Դուք Երեւանում ինչպիսի՞ քանդակի պակաս եք տեսնում:

-Մեր մեծերի քանդակների պակասը կա, մարդկանց, որոնց միջոցով աշխարհը ճանաչել է հային, կամ որոնք մեծ ներդրում են ունեցել հայի պատիվը պահելու գործում: Ես ժամանակին ուզում էի, օրինակ, նախաձեռնել Խորեն Աբրահամյանի արձանը ստեղծել, բայց հովանավորներ այդպես էլ չգտնվեցին: Այնինչ՝ սերունդներին մեր մեծերի մասին հիշեցնելու կարիք կա: Սա է կարեւորը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս