«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը:
Այսօր կանդրադառնանք Հայաստանի Հանրապետական կուսակցության ավագ Արա Բաբլոյանի գործունեությանը: Նկատելի է, որ նա վերջին շրջանում բավականին պասիվ է եւ Սերժ Սարգսյանի հակառակորդներին պատասխանելու բեռը թողել է երիտհանրապետականների ուսերին:
Մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանի պետական կարիերան ծաղկել է 1991 թվականից, երբ նա զբաղեցրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը: 2007թ. Բաբլոյանը պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով եւ այժմ էլ զբաղեցնում է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Բաբլոյանը քանիցս փորձել է կրկին բազմել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնին, սակայն ապարդյուն: 5-րդ գումարման ԱԺ-ում Բաբլոյանը նույնպես փայլել է ՀՀԿ-ականի «տաղանդով»՝ կողմ քվեարկելով 861 անգամ, դեմ 9, ձեռնապահ 1: 45 անգամ հրաժարվելով քվեարկություններին մասնակցելուց՝ Բաբլոյանը բացակայել է 47 նիստից: Այս ընթացքում հարցապնդմամբ հանդես է եկել միայն մեկ անգամ, իսկ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել 5 անգամ:
Ն. Հովսեփյան