Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ աշխատանքները պետք է կառուցվեն ընթացակարգերի, յուրաքանչյուր գերատեսչության մասով ակնկալվող ներդրումների, կատարողականների կարգապահության, ժամկետների, ինչպես նաև պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի ու հանրության հետ հետադարձ կապի ապահովման հարցերի շուրջ:
Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի և կատարված աշխատանքների մասին: Վարչապետը խոսել է նաև տրված հանձնարարականների կատարողականների մասին՝ հատկանշելով մի շարք խնդիրներ: «Մենք մեր գործընկերների հետ մարզերում, համայնքներում, բիզնեսում կառավարչական մակարդակի պրոբլեմներ ունենք: Դա անընդունելի է: Ես շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին: Ժամկետանց կատարողականները գործընկերային էթիկայի խախտում են: Ռեֆորմը հանգիստ ռեժիմում, առանց շունչը կտրվելու չի կատարվում: Օրներս պետք է չհերիքի բարեփոխումների համար», – ասել է կառավարության ղեկավարը:
Պետական գերատեսչությունները ներկայացնում են ներդրումային ծրագրեր
Պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարներին վարչապետի կողմից հանձնարարվել էր՝ գույքագրել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերը և ներկայացնել 2017 թ. ընթացքում կանխատեսվող ներդրումների փաթեթները: Այդ կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա արդեն պետական գերատեսչություններից ստացվել է 249 ներդրումային ծրագիր, որոնց հիմքում ընկած են հետևյալ չափանիշները՝ ֆինանսավորման աղբյուր, ծրագրի սկիզբ, 2017 թ. կատարողականի կանխատեսում և նոր աշխատատեղերի ստեղծում:
Վարչապետը, դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, հորդորել է սահմանված վերջնաժամկետում ներկայացնել ներդրումային նախագծերի առաջարկությունները: Ի պատասխան մարզերից ստացված ծրագրերը ևս այդ փաթեթում ներառելու հարցին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ բիզնես տրամաբանության գնահատել ծրագրերը և համապատասխանության դեպքում ներառել այդ ցանկում: «Մենք ախտորոշել ենք յուրաքանչյուր գերատեսչության պրոբլեմ, որոշել ենք տեսլականը՝ ինչ պետք է անենք և այդ տեսլականի մեջ քայլեր ենք արել: Ըստ այս տեղեկանքի՝ 249 նախաձեռնություն կա, որոնց ֆինանսական աղբյուրները պարզ են, որոնց մոտավոր վերլուծությունը ցույց է տալիս, որ կիրագործվեն 2017 թվականին և շարունակական կլինեն 2018-ին», – նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է ավարտել պետգույքի կառավարման և օտարման ծրագրի մշակման աշխատանքները
Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով: Կարեն Կարապետյանը հանձնարարել է Պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով. «Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում», – ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: Կարեն Կարապետյանը կարևորել է հետադարձ կապի շարունակական ապահովումը և հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր ոլորտում մշակել հանրային իրազեկման ռազմավարություն և դրա իրագործման կոնկրետ քայլեր: