Ի՞ՆՉԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՓԱԿՄԱՆ ՈՐՈՇՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վերջին նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգ, որի արդյունքում հնարավոր է՝ փակվի կամ ամբողջությամբ վերափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա դեկտեմբերին բացահայտված սկանդալը. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պաշտոնատար անձինք մարմնավաճառներ էին «մատակարարել» այնտեղ գտնվող դատապարտյալներին: ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, երկու պաշտոնատար անձանց առաջադրվել էր մեղադրանք: Բայց սա միակ աղմկահարույց բացահայտումը չէր. ստուգումների արդյունքում բացահայտվել էին լուրջ խախտումներ հոգեմետ դեղերի մատակարարման հարցում, որտեղ մասնակցություն են ունեցել կալանավայրի պաշտոնյաները, ինչպես նաեւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվել են դատապարտյալներ, որոնք ամենեւին էլ հիվանդ չեն եղել:

 

 
Իշխող ՀՀԿ-ականները տարբեր համայնքներում «դռնեդուռ» ընկած փորձում են մարդկանց համոզել ընդգրկվել իրենց ռեյտինգային ցուցակներում, որպեսզի գոնե այդպես կարողանան ուրիշների դեմքով ձայներ ստանալ: ՀՀԿ-ն ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու առաջարկ է անում անգամ նախկին պաշտոնյաներին, որոնք ողջ ընտրատարածքում անգամ 100 ձայն չունեն: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ից պատրաստվում է առաջադրվել նաեւ քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսիսյանը, որը, ինչպես գիտեք, քաղաքական կերպար չէ եւ ընտրություններին հազիվ թե կարողանա ձայն բերել: ՀՀԿ-ի այս քայլերը, թերեւս, պայմանավորված են վերջերս ներքին օգտագործման համար անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, ըստ որի՝ իրենք հազիվ 20 տոկոս ձայն ունեն:

 

 

 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո պետական գերատեսչություններին հրահանգել է հրաժարվել «Յուքոմ» ընկերության ծառայություններից, փոխարենը օգտվել իրեն պատկանող «Ռոստելեկոմ» կապից: Հիշեցնենք՝ Մարտիրոսյանը մինչեւ նախարար նշանակվելը եղել է «Ռոստելեկոմ» ընկերության ղեկավարը: Նրա այդ քայլը, սակայն, դուր չի եկել Սերժ Սարգսյանի փեսային` Միքայել Մինասյանին, ում դե ֆակտո պատկանում է «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, եւ նախարարը իշխանության երիտթեւի համար դարձել է անցանկալի անձ: Վ. Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպիսին են Մ. Մինասյանի հետ հարաբերությունները, կարգավորվե՞լ են: Սակայն նա հերքել է այդ լուրերը: «Ոչ մի պրոբլեմ չի էլ եղել, որ կարգավորվեր կամ չկարգավորվեր»,- ասել է Մարտիրոսյանը:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ է, ինչ խանութներում վաճառվող «Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքի տուփերի վրա փակցված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության դրոշմապիտակները: Պարզվում է` «Աշտարակ կաթ»-ի ապրանքանիշն այժմ արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից, եւ այդ պատճառով էլ արտադրանքի վրա ԼՂՀ ֆինանսների նախարարության դրոշմապիտակներ են փակցված: «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ «Ադրա Ռեմարա» ընկերությունը իր գործունեութունը Հայաստանում իրականացնում է «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով: «Այն հանդիսանում է ղարաբաղյան ընկերություն, որի իրավաբանական հասցեն Արցախում է: Քանի որ ինքը ղարաբաղյան ընկերութուն է, այս պատճառով դրոշմապիտակները ձեռք է բերում հենց ԼՂՀ ՖՆ-ի կողմից»,- ասաց նա:

 

 

 
ԳԵՐԸՄԲՌՆՈՂ
Մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կանգնած է փակման վտանգի առաջ, քանի որ անդամ պետությունների միջեւ առկա չէ կոնսենսուս՝ կառույցի դաշտային առաքելությունների ծրագրերի շուրջ: Պարզ ասած՝ Ադրբեջանը որոշել է տորպեդահարել ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի գործունեությունը՝ վետո դնելով տարբեր ծրագրերի բյուջեների վրա: Բանն այն է, որ ԵԱՀԿ-ում բոլոր ոոշումները կայացվում են 57 անդամների միջեւ բացարձակ կոնսենսուսի առկայության դեպքում միայն: Եվ ահա սեփական երկրում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը կասեցրած պաշտոնական Բաքուն հիմա էլ փորձում է հասնել Հայաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի չեղարկմանը: Անցնող օրերին հայկական դիվանագիտական շրջանակները բացի տեղեկացնելուց, որ խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են, կարծես թե այլ բան չէին անում: Փոխարենը՝ ԵԱՀԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դենիել Բաերը օրերս ելույթ էր ունեցել կազմակերպության մշտական խորհրդի նիստում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին կոչ անելով հնարավորինս արագ լուծում տալ այս հարցին:
«Ավստրիայի նախագահության առաջիկա կարեւորագույն խնդիրներից մեկը առանձին երկրներում գործող բոլոր դաշտային առաքելությունների մանդատի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումն է»,- ասել էր ամերիկյան դեսպանը:
Եվ ահա երեկ ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք տեղյակ ենք դաշտային առաքելությունների խնդրի շուրջ ծավալված շահարկումներին եւ ենթադրություններին, եւ նման հետաքրքրությունը բնական է: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք»:
Ինչ խոսք՝ նման հայտարարությունը խիստ ողջունելի է եւ ուրախալի, բայց արդյոք այն նշանակում է, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի գործունեության շարունակության հարցը լուծված է: Հայաստանյան փորձագետներն առայժմ նման լավատեսության համար առավել հստակ հաստատում, քան ԵԱՀԿ ղեկավարության «մտադրություններն» են, չեն տեսնում եւ ուստի չեն բացառում, որ անկախ այդ «մտադրություններից» գրասենյակի հետագա գործունեության հարցը հնարավոր չլինի կարգավորել:
Այստեղ, սակայն, առավել էական է այն, թե ինչպես է Ադրբեջանին հաջողվում հետեւողականորեն՝ քայլ առ քայլ, միջազգային կառույցներում իր ունեցած բոլոր հնարավոր միջոցները օգտագործել՝ Հայաստանի շահերին դեմ լուծումների հասնելով: Մինչդեռ Հայաստանի դիվանագիտությունը երբեք չի օգտվում նման հնարավորություններից, ավելին՝ հաճախ ինքն է ստանձնում հակահայկական այդ որոշումների հեղինակների համար արդարացումներ ներկայացնելու գործը:




Լրահոս