«Ժողովուրդ»-ը գործնական ծրագրերի, նոր դերերի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների եւ երկրից գնալու վերաբերյալ մտորումների շուրջ զրուցել է մի շարք հումորային նախագծերից հայտնի, Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանի հետ:
-Անդրանի՛կ, առաջիկայում Ձեզ ի՞նչ նոր դերերում կտեսնենք: Եթե չեմ սխալվում, հասցրել եք նկարահանվել մի քանի նախագծերում:
-Այո՛, ամռանը ընդգրկվել եմ «Հայկական հարսանիք» կոչվող ֆիլմ-նախագծում, որի ռեժիսորը Արման Մարությանն է, գլխավոր դերում` Հայկ Մարությանը: Հրանտ Թոխատյանը մարմնավորել է նրա հորը, ես` հարսանիքի քավորինը: Նախագծի շրջանակում ներկայացվելու են 25-30 րոպե տեւողությամբ կարճամետրաժ ֆիլմեր` հայկական, վրացական եւ ռուսական հարսանիքների մասին: Որքանով տեղյակ եմ` այն նախ ցուցադրվելու է Ռուսաստանում, ապա` Հայաստանում: Բացի այդ` թերեւս գարնանը կմեկնարկեն «Սուպեր մամա-2» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ես էլի հանդես կգամ նույն հումորային կերպարով:
-Իսկ թատերական կյանքում ի՞նչ նորություններ ունեք:
-Դեռ նոր դերեր չեմ ստացել, բայց, կարծում եմ, առաջիկայում նման հնարավորություններ կընձեռվեն: Ամեն դեպքում, ես իմ կյանքն առանց թատրոնի չեմ պատկերացնում, հոգեւոր առումով այն ինձ համար ամեն ինչ է:
-Թերեւս ցանկացած մասնագետ մտորումներ է ունենում այն մասին, թե ինչով է ինքը զբաղվելու, որտեղ է դրսեւորվելու 10-20 տարի անց: Դուք այդ մասին մտածո՞ւմ եք:
-Կարծում եմ` ցանկացած հայ լավ ապրելու ծրագրեր է կազմում: Եվ եթե մտածի, որ այստեղ էլ անելիք չկա, երկրից դուրս պետք է փնտրի այն: Ամեն դեպքում, ես օպտիմիստ եմ եւ կարծում եմ` վիճակը կնորմալանա:
-Այսինքն` Դուք մտածում եք, որ տարիներ անց, գուցե, գնա՞ք երկրից:
-Չեմ ցանկանա գնալ, բայց եթե այսպես շարունակվի, կարծում եմ` այո: Ինձ թվում է` մարդիկ ծնվում են, որ լավ ապրեն: Բայց եթե նկատում ես, որ շարժ չկա, հոգեւոր կյանքը կանգնած է, հետաքրքրություն չկա, ի՞նչ անես: Ես ո՞ր պատգամավորից եմ վատը, որ ինքը լավ ապրի, ես` չէ: Ես գոնե մի փոքր ծիծաղ եմ պարգեւում ժողովրդին, իսկ պատգամավորները առավոտից իրիկուն լացացնում են: Իրենք լավ ապրեն, ես` չէ՞: Իրենք կարողանան տարին 5-6 անգամ գնալ արտերկիր` հանգստանալու, ես Կենտրոնից Կվարտալ չկարողանա՞մ բարձրանալ:
-Բայց արդյո՞ք գնալը լուծում է:
-Բնականաբար, լուծում չէ: Բայց անձամբ ես կուզենամ լավ ապրել: Ասեմ ավելին` հայը պարտավոր է լավ ապրել, այնինչ՝ հայերից քչերին է դա հաջողվում:
-Ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում արտերկրից գայթակղիչ առաջարկներ ստացե՞լ եք:
-Եղել է, որ թատերական ներկայացումներով եղել եմ երկրից դուրս, առաջարկել են մնալ այնտեղ, հեռուստահաղորդումներ կյանքի կոչել, բայց մերժել եմ: Դեռ դրա կարիքը չունեմ: Հայաստանում ես ինձ դեռ լավ եմ զգում: Բայց միայն ես չպետք է լավ զգամ, այլեւ բոլոր նրանք, ովքեր նորմալ ապրելու կարիք ունեն:
-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:
-Դե, եթե չմասնակցեմ, ձայնս կտան ուրիշի, ճիշտ կլինի մասնակցելը:
-Երկրում դրական փոփոխությունների ակնկալիք ունե՞ք:
-Դրան եմ սպասում, բայց չեմ կարծում, որ իմ մասնակցությունը ընտրություններին ինչ-որ բան կտա…Որպեսզի իրավիճակը դեպի լավը փոխվի, պետք է, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: Մի բան էլ ասեմ` ես ՀՀ-ում ընդդիմություն չեմ տեսնում: Ով ինչ ուզում է` ասի, սաղ էլ ծախված են: Հայաստանում ընդդիմադիրս ո՞րն է: Կանչում են մի տեղ, ասում են՝ ի՞նչ է եղել, ի՞նչ ես ուզում, ինչքա՞ն է պետք, հանում են, փողը տալիս, ասում են՝ դե գնա՛:
-Ի դեպ, երբեմն որոշ շոուբիզնեսցիներ ասում են, թե ընդդիմադիր են, մեկ էլ տեսնում ես` իշխանական թեւին մոտ կանգնած պաշտոնյան կամ վերջինիս պատկանող ընկերությունը, օրինակ, իրենց ֆիլմի հովանավորն է…
-Դե, էդ եմ ասում էլի, իմ ասածը նաեւ այդ մարդկանց է վերաբերում: Իսկ իշխանությունը լավ էլ ապրում է, եղունգ ունես` գլուխդ քորիր…
«ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ՉԹՄՐԵԼ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Հանդիսատեսն ու հեռուստադիտողը հետաքրքրվում են ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհի Շողեր Գրիգորյանի մասնագիտական գործունեությամբ եւ անձնական կյանքով: Բանն այն է, որ Շողերին վերջին անգամ տեսել ենք «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր» ֆիլմում, սակայն նախկին ակտիվությունը, կարծես, դերասանուհին իր ոլորտում չի ցուցաբերում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շողերը, ով, ի դեպ, ամիսներ առաջ մայր է դարձել, կես կատակ-կես լուրջ նշեց, որ ինքն այժմ խաղում է իր փոքրիկ ռեժիսորի` որդու համար. «Փորձում եմ չթմրել ընտանեկան երջանկության մեջ, գիտեմ, որ ինձնից նորություն են սպասում: Դա շատ պարտավորեցնող է: Բայց այժմ ես խաղում եմ փոքրիկիս համար. եթե ծիծաղում է, ուրեմն կերպարս հաջողվել է (ժպտում է): Իսկ, առհասարակ, չեմ պատկերացնում ինձ առանց թատրոնի: Գիտեմ, որ երբ ժամանակը գա, մենք դարձյալ միասին կլինենք։ Հուսով եմ, որ այդ պահը շուտ կգա, փոքրիկս արագորեն ինքնուրույն կդառնա, եւ ես հանգիստ կանցնեմ իմ սիրելի աշխատանքին: Շատ եմ կարոտում թատրոնը, այնպես, ինչպես մարդուն են կարոտում…»,-ասաց նա:
Մենք հարցրինք` Երեւանի հետ կապված ինչ ծրագրեր ունի Շողերը, եւ արդյոք հնարավոր է, որ վերադառնա հայրենիք. «Ես ու ամուսինս պլանավորում ենք մի նախագիծ կյանքի կոչել, որի արդյունքում կարող ենք մասնակցություն ունենալ հայաստանյան կյանքին: Բայց այդ մասին դեռեւս չեմ խոսի, տեսնենք` որքանով դա մեզ կհաջողվի: Իսկ վերադառնալու, Հայաստանում հաստատվելու մասին դեռ չենք խոսում, բայց դա էլ կլինի, անխուսափելի է: Ի վերջո, օտարությունը հոգնեցնող է: Գուցե սկզբում հետաքրքիր է ծանոթանալը օտար մշակույթին, մտածողությանը, բայց հետո զգում ես, թե որքան ես հոգնել անընդհատ ներկայանալուց, անընդհատ օտար լինելուց…»,-խոստովանեց նա:
Իսկ հարցին, թե արդյոք Հայաստանից ֆիլմերում կամ այլ հեռուստանախագծերում նկարահանվելու հրավերներ ստանում է, Շողերը պատասխանեց. «Հայաստանից հրավեր չի եղել, բայց եթե հարմար առաջարկ լինի, սիրով կընդունեմ»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԸՆԴԴԵՄ ԹՐԱՄՓԻ
Մի շարք հոլիվուդյան աստղեր ոչ մի կերպ չեն ցանկանում ԱՄՆ 45-րդ նախագահի «գահը» զիջել Դոնալդ Թրամփին: Just Jared-ը տեղեկացնում է, որ Նյու Յորքում շարունակվում են Թրամփի դեմ բողոքի ցույցերը, որոնց միացել են նաեւ այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Շերը, Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը, Ջուլիանա Մուրը, Սալի Ֆիլդը, Մայքլ Մուրը, Մարկ Ռուֆալոն:
«Թրամփը կարծում է, որ մենք հանձնվել ենք, բայց այդպես չէ: Այսօր բոլորս միասին ենք, եւ Ամերիկան փրկելու հույս ունենք այն խայտառակությունից, որում հայտնվել է»,- ամբիոնից հայտարարել է մեր հայրենակից Շերը:
ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ՈՒ ՍՊԱՆԵԼ
Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազը, որը 1989 թվականին կատարել է «Lambada» հիթը, կողոպտվել ու սպանվել է: Globo հեռուստաալիքը հայտնում է, որ հանցագործները նրան պատկանող հյուրանոցից տարել են 15 հազար ռեալ (շուրջ 4,5 հազար դոլար), ճենապակե սպասք եւ այն ոսկե սկավառակը, որը Բրազն ստացել էր նշանավոր «Lambada»-ի կատարման համար: Սպանության գործով կալանավորված երկու կասկածյալներից մեկը` երգչուհուն պատկանող հյուրանոցի նախկին աշխատակից Ուոլաս Վիեյրան, խոստովանել է գործած հանցանքը: Երգչուհու այրված դին գտել են նրա սեփական ավտոմեքենայում՝ նրան պատկանող հյուրանոցի շենքի մոտ:
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Գերմանիայում կազմակերպվել է կոդային փակով եւ ազդասարքով արտասովոր ներքնաշորերի արտադրություն: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը: Սպիտակեղենը պատրաստված է ամուր կտորից, որը չի պատռվում եւ դժվարությամբ է կտրտվում: Այն հանելու համար անհրաժեշտ է մուտքագրել կոդը, իսկ եթե գրանցվում է չարտոնված մուտք, միանում է 130 դեցիբել ուժգնությամբ շչակը: Արտադրողի նպատակը նման սպիտակեղենի միջոցով կանանց սեռական բռնություններից պաշտպանելն է: Ընկերությունը հիշեցնում է 2015-ի Ամանորի գիշերվա իրադարձությունները, երբ Քյոլնի հարյուրավոր բնակչուհիներ հարձակումների ենթարկվեցին Հյուսիսային Աֆրիկայից գաղթածների կողմից: