Երբ նախարարն անցնում է կոռեկտության սահմանը. ամբողջովին զբաղված է սեփական PR-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու այս 119 օրերին ավելի հաճախ աչքի է ընկել հայրենասիրական ճառեր արտասանելով, տեսլականներ շարադրելով ու մեծ հաշվով շոուներ կազմակերպելով՝ ազգ-բանակի կառուցում, հազարական դրամների պարտադիր դրամահավաք: Կարճ ասած՝ նա ամբողջովին զբաղված է սեփական PR-ով: Իսկ ահա կարեւորագույն խնդիրների լուծումները պարոն Սարգսյանը հմտորեն շրջանցում է:

Կուսումնասիրի 1

Հունվարի 25-ին Տավուշի մարզի մարտական դիրքում ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի դին: Ավելի ուշ հրապարակվեց, որ ըստ նախնական տվյալների՝ զինվորը իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել: Կատարվածից հետո պարզ դարձավ, որ ժամկետային զինծառայող Շ. Գալստյանը միակողմանի ծնողազուրկ էր, ուստի հարց է առաջանում, թե ինչպես կարող է միակողմանի ծնողազուրկ, ընտանիքի միակ զավակ երիտասարդը զորակոչվել բանակ՝ առաջնագիծ: Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, մեկնաբանելով այս իրողությունը, ասաց, թե իրեն զեկուցած տվյալներով՝ զինծառայողի զորակոչի ընթացքում որեւէ կանոնի խախտում չի եղել: Նա չքննարկեց անգամ հարցը՝ գուցե իրեն ինչ-որ բան սխա՞լ են զեկուցել: Իսկ թե ինչպես է միակողմանի ծնողազուրկ, ընտանիքի միակ զավակ երիտասարդը զորակոչվել բանակ, նախարարը չկարողացավ ուղղակի պատասխան տալ՝ խոստանալով կրկին անձամբ ուսումնասիրել խնդիրը:

Կուսումնասիրի 2

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարվանից ահազանգել է՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողներց շատերի անձնագրերում զորացրվելուց հետո չի նշվում պատերազմին մասնակցելու փաստը` կնիքը: Չի արվում, որպեսզի մեր սահմանը պաշտպանած զինվորները որոշակի արտոնություններից չօգտվեն: Իհարկե, ահազանգը չէինք հանրայնացրել` «թշնամու ջրաղացին ջուր չլցնելու» հայտնի շահարկման պատճառով, բայց խնդիրը այդպես էլ չի լուծվել, եւ զինվորը բանակից հեռանում է անարդարության ու հիասթափության մեծ բեռով:
Օրեր առաջ օգտվելով պաշտպանության նախարարի ամփոփիչ ասուլիսի հնարավորությունից՝ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Վ. Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չի կարգավորվում խնդիրը: «Մենք ստացել ենք այդ ահազանգը նախագահի հետ զորացրված զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ թեժ գծով, զանգերի միջոցով, այժմ համակարգային ուսումնասիրություն է կատարվում»,- պատասխանեց նախարարը: Հետաքրքիր է՝ ինչքա՞ն պետք է տեւեն այդ ուսումնասիրությունները, եւ մի՞թե այդքան դժվար է այս տարրական հարցի լուծումը:

Ուսումնասիրությունից հետո

«ժողովուրդ» օրաթերթը Վ. Սարգսյանից հետաքրքրվեց. Ձեր կուլիսային եւ հրապարակային հանդիպումների շարքից նկատելի է, որ օրվա մեջ բավականին ժամանակ եք տրամադրում կուսակցական աշխատանքին: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ արդյո՞ք ամիսներ անց չենք պարզի, որ ՊՆ-ում առկա են բազմաթիվ բացթողումներ, ինչպես պարզվեց նախորդ տարվա քառօրյա պատերազմի օրերին:
Նախարար Սարգսյանին ակնհայտորեն զայրացրեց հարցը, ու նա անցավ վիրավորանքների. «Գիտեք, շատ կարեւոր է երկխոսության մեջ, երբ ինձանից ազնվություն եք ակնկալում, փոխադարձ լինել, արհեստավարժ եւ կոռեկտ: Որովհետեւ Դուք անում եք պնդում, որը իրականությանը չի համապատասխանում, եւ դրա վրա կառուցում եք հարց: Այսինքն՝ ես զարմանում եմ, որ Դուք իմ գործունեության մեջ տեսել եք գերակշռում կուսակցության գործունեության: Այս 118 օրվա մեջ ես կուսակցության գործունեությամբ զբաղվել եմ կուսակցական համագումարի օրը` լինելով դահլիճում, որը ոչ աշխատանքային էր, եւ երեկոյան հինգշաբթի օրերը մասնակցելով կուսակցության նիստերին: Մնացած իմ աշխատանքը նվիրված է եղել պաշտպանության նախարարությանը»:

Քծնանքին սովոր

Նախարարը հավելեց, թե հարցն այդքան էլ լավ չհասկացավ, բայց ժամանակ չկորցրեց կսմիթել իրեն ոչ ցանկալի հարց ուղղած լրագրողին՝ մեղադրելով ոչ արհեստավարժ եւ ոչ կոռեկտ լինելու մեջ: Թերեւս լավ կլիներ, որ դասախոսի կեցվածքով ամբիոնի մոտ կանգնած նախարար Սարգսյանը վերջապես սովորեր առերեսվել իրականության հետ, որակումներ չտալ հնչած հարցերին եւ պատրաստ լինել լսելու նաեւ քննադատություն: Նա վաղուց դուրս է եկել քծնանքի միջավայրից, որտեղ տարիներ շարունակ աշխատել է: Հիմա նա երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարն է, որտեղ չկան ու չպետք է լինեն յուրայիններ եւ օտարներ, լավ ու վատ հարցեր տվողներ:

Մեր խորին համոզմամբ՝ հունվարի 20-ին զորացրված զինծառայողների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը առավել շատ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում: Ինչո՞ւ, որովհետեւ պատերազմից 9 ամիս է անցել, եւ այդ մտահոգությունները, եթե իրապես ազնիվ էին, պետք է առավել վաղ դրսեւորվեին նույն նախարարի կողմից:
Նախընտրական քարոզչություն էր նաեւ Հ1-ի եթերում ինքնագովազդով զբաղվելը, կուսակցական յուրայինների «գույքագրում» անելը եւ այլն: Մնացած հրապարակայինն ու կուլիսային գործունեությունը չթվարկենք` հայտնի ջրաղացին «թափ չհաղորդելու» պատճառով:

Իսկ թե բանակում ինչ թերություններ կան ու դեռ կհայտնաբերվեն Վ. Սարգսյանի պաշտոնավարման օրոք, ժամանակը ցույց կտա: Բայց փաստ է, որ նոյեմբերի վերջից արված մեր ահազանգը, որ ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների անձնագրերի մեջ մասնակցի համապատասխան կնիքը չի դրվում, դեռ լուծված չէ: Ավելին՝ նախարարը երեկ խոստովանեց, որ դեռ ուսումնասիրում է խնդիրը: Մինչդեռ վաղուց այդ պարզագույն հարցը պետք է լուծված լիներ մեծ կազմակերպիչ Վիգեն Սարգսյանի կողմից:

Քնար Մանուկյան




Լրահոս