Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձը եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մտադրությունը ամենատարբեր կերպ է մեկնաբանվում. Ծառուկյանը վիրավորված է, քեն է պահել կամ էլ` Ծառուկյանին Սերժ Սարգսյանն է գործուղել քաղաքական դաշտ:
Անհարմարություն առաջացրեց
Այն, որ Ծառուկյանի վերադարձը ձեռնտու չէ ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ դաշտում եղած մյուս ուժերին, որոնք կարող էին լրացնել նրանից հետո մնացած բացը, ակնհայտ է: Հետեւաբար ասել, որ Սերժ Սարգսյանն է նրան գործուղել, առնվազն չափազանցրած կլինենք: Նախ նկատենք, որ ինքը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդին ողջունեց դաշինքների կազմավորումը, բայց միաժամանակ բացասական արտահայտվեց Գագիկ Ծառուկյանի վերադարձի փաստի մասին: «Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմավորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցությանը ընտրապայքարին, ինչպես ասացի՝ դրական երեւույթ եմ համարում»,- հայտարարել էր նա:
Սերժ Սարգսյանը նույն խոսքերն ասել է նաեւ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունեցել Ծառուկյանի` քաղաքականություն վերադարձի նախօրեին` Առինջի նրա առանձնատանը: Ս. Սարգսյանը փորձել է համոզել, որ Ծառուկյանը ետ կանգնի քաղաքականություն վերադառնալու մտքից, նաեւ ասել, որ նրա տեղը սպորտն է եւ գործարարությամբ զբաղվելը: Սակայն ԲՀԿ առաջնորդը պնդել է իր ցանկությունը` հիմնավորելով, որ իր թիմի եւ հասարակական պահանջ կա, ու նրանց մեջ միակ պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել, այն է, որ պետք է կոռեկտ, առանց վիրավորանքների քարոզարշավ իրականացնեն:
Կհաջողվի՞ արդյոք, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց նրա թիմի նկատմամբ ագրեսիան արդեն իսկ տեսանելի է: ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի որդին դեռ չի հայտարարել «Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին, արդեն երեկ պաշտոնանկ արվեց նրա փեսան` Էրեբունու թաղապետը:
Ինչքա՞ն կհանդուրժեն
Իսկ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ Ծառուկյանի դեմ արշավը նորից սկսվի: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանից: «Ծառուկյանի նկատմամբ ի՞նչ պետք է սկսվի: Ինքը իրավական նորմերին համապատասխան գործընթաց է սկսել՝ քաղաքականություն մտնելու եւ իր քաղաքական քայլերն իրականացնելու: Եթե քայլերը մնան օրենքների շրջանակներում, բնականաբար, ամեն ինչ նորմալ կլինի»,- վստահեցրեց նա:
Նկատենք, սակայն, որ առաջիկայում ընտրական պայքարը հազիվ թե սահուն ընթացք ունենա: Ի վերջո, Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում եւ ընտրություններին մասնակցում մեծ ակնկալիքով. եթե անգամ նրան չհաջողվի մեծամասնություն կազմել, ապա մտադրված է խորհրդարանում լուրջ ներկայացվածություն ունենալ` փորձելով իշխանությունից մեծ բաժին վերցնել. նպատակ, որին հասնելու համար նա պատրաստ է մեծ գումարներ ու ռեսուրս ներդնել:
Բացի այդ՝ հազիվ թե նրա մեջ մարած լինի 2015թ-ի փետրվարյան հայտնի իրադարձությունների հուշն ու կատարվածի համար զղջալ տալու պարտադրանքի ցանկությունը: Սրան գումարած՝ առաջիկայում որոշակի դեր կխաղա խնամին՝ ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը: Բնական է, որ այս ընտրություններին Աբրահամյանը կկանգնի Ծառուկյանի կողքին ու կաջակցի նրան, ինչը ակնհայտորեն դուր չի գալիս Սերժ Սարգսյանին, ու նրանց միջեւ հեռակա բանավեճն արդեն սկսվել է: Այն խորանալու միտումներ է ցուցաբերում, որն անհետեւանք չի կարող մնալ նաեւ Ծառուկյանի համար: Այնպես որ, իշխանությունների հետ բախումներն ինչ-որ փուլում` մինչեւ ապրիլ, այնուամենայնիվ, սպասելի են: Առավել եւս, որ Ծառուկյանի վերադարձից հետո տիրող էյֆորիան նյարդայնացնում է իշխանություններին: Բոլոր նեղացածները հավաքվում են Ծառուկյանի շուրջ: Ու հիմա ՀՀԿ-ն փորձելու է դրա դեմ քայլեր անել: Չի բացառվում, որ Ծառուկյանի դեմ արշավն իշխանությունները տանեն վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանի միջոցով:
Կարեւորագույն պայմանավորվածություն
Բանն այն է, որ Ծառուկյանի վերադարձը խառնել է նաեւ Կարապետյանների պլանները. Ծառուկյանը 2015թ. քաղաքականությունից հեռացավ նրանց միջնորդությամբ՝ հայտարարելով, որ փակում է այդ էջը: Բացի այդ՝ տեղեկություններ կան, որ այս ամռան վերջին Կարապետյանների հետ բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2018թ. հետո Սերժ Սարգսյանն իշխանությունը կփոխանցի ներկայիս վարչապետին, եթե 2017թ. ԱԺ ընտրություններում ուժերի հարաբերակցությունը չփոխվի, ու ՀՀԿ-ն կրկին մենիշխանություն ունենա:
Եւ հիմա, երբ Ծառուկյանը բացել է քաղաքականության էջը, եւ ՀՀԿ-ի մենիշխանությունը, ըստ էության, ինչ-որ իմաստով հարցականի տակ է դրվում, սցենարը խառնվում է: Դրան գումարած այն փաստը, որ Կարեն Կարապետյանը նոր Սահմանադրության համաձայն՝ չի կարողանա 2018թ.-ին՝ նախագահի պաշտոնում Ս. Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո, դառնալ վարչապետ, քանի որ չի բավարարում վերջին չորս տարում ՀՀ-ում մշտական բնակության ցենզին. համենայն դեպս, այդպես են ակնարկում ՀՀԿ-ականները: Ուստի չի բացառվում՝ Սերժ Սարգսյանն էլ ինչ-որ պահից այս պայմանավորվածությունը չեղարկի: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերին «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքը չի բացառում, որ լիազորությունների ավարտից հետո դառնա վարչապետ: «Մենք 2017թ. ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»,- ասել էր նա։
Այսպիսով՝ Ծառուկյանի մուտքը խոչընդոտ է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՀԿ-ում դիրքավորվող Կարեն Կարապետյանի համար: Ու առաջիկայում դեռ շատ ուշագրավ իրադարձություններ են սպասվում:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որի «ականջները» փորձում են տեսնել այս կամ այն դաշինքի հետեւում` սկսած Ծառուկյանից, վերջացրած Սեյրան Օհանյանով, ապա դաշտին տիրապետող անձինք վստահեցնում են, որ Քոչարյանը որեւէ գործընթացի մասնակից չէ. Ալպիական լեռնաշղթայի բարձունքներում դահուկ է քշում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ