«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն օրերս խոստովանել է, որ գործող Սահմանադրության մեջ կան ներքին անհամապատասխանություններ:
Պատասխանելով ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի պնդմանը, թե խորհրդարանական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը, Դ. Հարությունյանն իր ձեւակերպումների մեջ նշել է. «Թվացյալ խնդիրն իրականում առաջացել է ներսահմանադրական անհամապատասխանության պատճառով. հենց ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 209-րդ հոդվածի 3-րդ մասում 91-րդ հոդվածի ներառումն է պատճառ դարձել այդ ներսահմանադրական անհամապատասխանության»:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում իշխանությունները միաբերան պնդում էին, թե իրենց ներկայացրած Սահմանադրությունն ընդունելուց հետո Հայաստանում կլուծվեն քաղաքական բոլոր խնդիրները: Այնինչ՝ առաջին իսկ կարեւոր խնդրին բախվելով՝ պարզ դարձավ` մայր օրենքն ունի անհամապատասխանություններ: Հետեւությունները թողնում ենք ընթերցողին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: