Ծառուկյանը «մաքրում» է ՀՀԿ-ի դեմքը քրեաօլիգարխիայից. ի՞նչ են խոստացել դրա դիմաց. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքականության մեջ պատահական ոչինչ տեղի չի ունենում: Երբ Հովիկ Աբրահամյանը հեռանում էր ՀՀԿ-ից, ենթադրվում էր, թե ոմանք կհետեւեն նրա օրինակին` առնվազն սեփական շահերից ելնելով: Դժվար է կանխատեսել` ինչպիսին կլինի նոր ՀՀԿ-ն, բայց կուսակցական հին մոդելը` քրեաօլիգարխիկ դեմքով, դառնում է պատմություն:

Եթե նույնիսկ Մհեր Սեդրակյանը կամ Սուրիկ Խաչատրյանը մնան ՀՀԿ-ում, նրանց դերակատարությունը զրոյական է դառնալու` վերջիններիս քաղաքական պահանջարկվածության բացակայության պատճառով: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ավելի անկեղծ է եղել` ՀՀԿ-ից հեռանալու եւ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցելու մտադրությունը բարձրաձայնելով:

Պատահական չէ, որ Վարդանիկի որոշումը հաջորդեց Արգամիչի հայտարարությանը` ինչ-որ առումով դառնալով Աբրահամյանի թիմի քաղաքական ծրագրի ռեալիզացիայի առաջին դրսեւորումը: Կանխատեսելի էր, որ հանրապետական «մենշեւիկները» հանգրվանելու են Ծառուկյանի թիմում:

Հասկանալի չէ վերջինիս քաղաքական ռեաբիլիտացիայի մոտիվը: Ծառուկյանը դառնում է քրեաօլիգարխիայի նոր քաղաքական տանիքը եւ առաջիկա ընտրություններում ու նոր իշխանության կայացման գործընթացում «մաքրելու» է ՀՀԿ-ի դեմքը` անկախ այն հանգամանքից, թե իր քաղաքական վարքագիծն ինչքանով է համաձայնեցված Բաղրամյան 26-ի հետ: Ուրիշի «բեռը» որեւէ մեկը հենց այնպես չի պահի, մանավանդ` գործարար Գագիկ Ծառուկյանը: Ենթադրվում է` իշխանությունները նրան ինչ-որ բան խոստացել են`այս «անշնորհակալ» ծառայության համար, սակայն սա միանգամայն այլ խոսակցության թեմա է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս