ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններին սկսել է քննադատել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը դեռ երեք ամիս առաջ նույն այդ իշխանության մաս էր կազմում: Օհանյանը, որ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է գլխավորել «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», «Դեմոկրատական» ԱԻՄ կուսակցություններից կազմավորված ընդդիմադիր դաշինքը, օրերս տարածած հայտարարության մեջ խոսել է թուլացած տնտեսության, ահագնացող արտագաղթի, ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշի հասած աղքատության եւ իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահության մասին: Միաժամանակ Օհանյանը նաեւ հայտարարել է, թե պաշտոնավարման ընթացքում ինքը պատասխանատու է եղել բանակի խնդիրների համար եւ ի պաշտոնե իրավասու չի եղել միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը: Օհանյանի այս հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում, քանի որ ինքն ութ տարի շարունակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ այս ամենի մասին նա կարող էր բարձրաձայնել պաշտոնավարման ժամանակ կամ համաձայն չլինելով իշխանությունների գործելաոճին՝ կարող էր աղմուկով հրաժարական ներկայացնել: Իսկ երբ նա իշխանություններին քննադատում է հիմա, միաժամանակ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելով, ակնհայտ է դառնում, որ նախկին նախարարի մղումներն անկեղծ չեն, եւ այս ամենն անում է ընդամենը քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Էլ չենք ասում այն մասին, որ այդ ընթացքում նրա ղեկավարած ոլորտը եւս չի փայլել: Ու վերջապես, Օհանյանը, ութ տարի շարունակ լինելով իշխանության մաս, ինքն էլ որոշակի պատասխանատվություն ունի այդ ընթացքում Հայաստանում կատարվածի ու այսօր առկա իրավիճակի համար:

 

 
Արդեն մի քանի օր է՝ ՊԵԿ հարկային ծառայությունը ստուգումներ է անցկացնում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ «ՍԱՍ»-ում ստուգումների հրահանգը իջեցվել է ամենաբարձ մակարդակով, ընդ որում, հրահանգված է ստուգել «ամենայն մանրամասնությամբ եւ խստորեն»: Միաժամանակ հարկային մարմիններին հրահանգված է գաղտնի պահել ստուգումների հետ կապված բոլոր մանրամասները՝ թե կոնկրետ ինչն են ստուգում, ինչ են հայտնաբերել եւ այլն: Նկատենք, որ Սասի Արտակը համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից մեկը. նա գործում է Ս. Սարգսյանի անվտանգության թիվ մեկ պատասխանատու, գեներալ Վաչիկ Ղազարյանի անմիջական հովանու ներքո: Կարելի է ենթադրել, որ առաջիկա ԱԺ ընտրություններին Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրվել պատրաստվող Արտակ Սարգսյանը ներիշխանական խաղի կանոններ է խախտել, եւ հարկային այս ստուգումները հենց դրա հետեւանքն են:

 

 

 

«Ծառուկյան» դաշինքում առաջիկայում սպասում են անակնկալ «հայտնություններ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ դաշինքի ընտրացուցակում պատրաստվում են ընդգրկվել անգամ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնք ամենատարբեր պատճառներով որոշել են իրենց ապագան այլեւս չկապել իշխող այս քաղաքական ուժի հետ: Մեր աղբյուրները պնդում են, որ «Ծառուկյան» դաշինքին անդամակցելու մասին հայտարարելու են այնպիսի հանրապետականներ, որոնք ունեն ֆինանսական լուրջ միջոցներ, տիրապետում են որոշակի լծակների, ինչպես նաեւ՝ ընտրական տարբեր տեխնոլոգիաների: Մեր աղբյուրները չմասնավորեցրին, թե կոնկրետ ովքեր են այդ անձինք, սակայն վստահեցրին, որ Ծառուկյանի կողքին նրանց հայտնվելը քաղաքական դաշտում շոկ է առաջացնելու: Մեզ մնում է սպասել զարգացումներին:

 

 

 
Օրերս աշխատանքից ազատվել է ՊԵԿ հարկային ծառայության Գավառի տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան: Հ. Կարապետյանի անձնակենտրոն գործունեությանը «Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալու առիթներ բազմիցս է ունեցել: Կարապետյանը տարիներ շարունակ զբաղեցնելով ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության պետի պաշտոնը՝ այնտեղ «Կոոպերատիվ գանձումների բաժին» անվանումով ապօրինի կառույց է պահել, որը զբաղված է եղել ընկերություններից լուրջ գումարներ հավաքագրելով: Չնայած նախորդ տարի բացահայտվեց նրա ապօրինությունը, սակայն Շահգալդյանի փեսան մինչեւ հիմա մնացել է անպատիժ. բացահայտումից հետո տեղափոխեցին այլ աշխատանքի, հիմա էլ, փաստորեն, այդտեղից «լուռ ազատել են»: Մինչդեռ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր, թե ինքը երկրի ղեկավարության կողմից ունի համակարգը անառողջ էլեմենտներից մաքրելու խիստ հանձնարարական եւ թելադրելու է խաղի նոր կանոններ: Բայց փաստորեն այդ հանձնարարականը գործում է ընտրովի սկզբունքներով:

 

 

 
ԻՅԱ, ԻՐՈ՞Ք
20 տարի շարունակ իշխանության առանցքային պաշտոնները զբաղեցրած անձը չի կարող մեկ օրում դառնալ արմատական ընդդիմություն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերջին ընդդիմադիր հայտարարություններին: Բաղդասարյանը փորձել է հիմնավորել իր պնդումը՝ նշելով, թե. «Արմատական ընդդիմությունը ծնվում է տարիների ընթացքում եւ գաղափարական է լինում։ Ես չեմ կարծում, որ մեկ շաբաթում, մեկ ամսում գաղափարներ կարող են փոխել եւ լինել նոր ինչ-որ քաղաքական գաղափարներ կրող քաղաքական գործիչներ»:
Անկեղծ ասած՝ նորմալ քաղաքական մշակույթ ունեցող երկրի համար Բաղդասարյանի պնդումները, թերեւս, ճիշտ են: Նման մշակույթում ապրող հանրության համար ընկալելի չէ, երբ մարդը, ով տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցնում եւ երբեւէ չի ընդդիմանում իշխող ուժի վարած քաղաքականությանը, մեկեն հագնում է արմատական ընդդիմադիրի պատմուճանը: Սակայն մեր հանրությունն այս առումով, մեղմ ասած, բազմաչարչար է եւ անցած տարիների ընթացքում քաղաքական այնպիսի այլասերված վայրիվերումների է ականատես եղել, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի զարմանքն անհասկանալի է: Իսկ եթե հիշենք, որ այդ վայրիվերումները հենց Հանրապետական կուսակցության ղեկավարների մշակած սցենարներով են իրականացվել, ապա Բաղդասարյանի զարմանքն ուղղակի կարելի է շինծու համարել:
Օրինակ՝ ինչու է Բաղդասարյանը անհնար համարում «մեկ օրում» ընդդիմադիր դառնալը, երբ նրա կուսակցապետի բնորոշած «հաճախորդները», որոնց նա անվանում էր «դհոլ» կամ «իդիոտ», հենց «մեկ օրում» դարձան Սերժ Ազատիչի ամենաջերմեռանդ երկրպագուները: Ինչու է զարմանում Բաղդասարյանը, երբ նրա կուսակցապետը, բառիս ուղիղ իմաստով, մեկ օրում Գագիկ Ծառուկյան «քաղաքական դերակատարին» հեռացրեց ասպարեզից, եւ այդ գործընթացից ոգեւորված ՀՀԿ-ականները, փորձելով հնարավորինս շատ սիրաշահել իրենց ղեկավարին, հանդես եկան այնպիսի բնորոշումներով, ասես երբեք չէին եղել նույն Ծառուկյանի գործընկերը, միասին հաց չէին կիսել եւ ճամփա չէին անցել: Եվ այսօր էլ, երբ դարձյալ որոշվեց, որ Ծառուկյանը վերադառնում է, այդ նույն ՀՀԿ-ականները «մեկ օրում» մոռացան իրենց տված բնորոշումները եւ հայտարարեցին, թե «դրական են գնահատում Ծառուկյանի վերադարձը»:
Ով-ով, ՀՀԿ-ում չպետք է խոսեն «մեկ օրում» կատարված փոփոխություններից. Հանրապետություն բլոկից 90-ականներին «մեկ օրում» «երկրապահ» դարձած, 4 տարի ԵՄ հետ բանակցող թունդ եվրոպամետ ուժից «մեկ գիշերում» Եվրասիական միության ջատագով դարձած ուժի ներկայացուցիչները լավ կլինի՝ առհասարակ չխոսեն «գաղափարների փոփոխության» մասին:




Լրահոս