Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտը ինտենսիվ փնտրտուքների մեջ է. բանակցություններ, քննարկումներ, դաշինքներ…Եվ չնայած նոր անվանումներով մի քանի ուժերի հայտնությանը՝ իրականում գրեթե բոլոր խաղացողներն էլ դաշտում արդեն իսկ որոշակի գործունեություն ծավալած եւ հանրությանը հայտնի դեմքեր են: Նոր խաղացողներ, որպես այդպիսիք, ըստ էության, չկան: Եվ կարելի է ակնկալել, որ 6-րդ գումարման խորհրդարանի կազմը առանձնապես չի տարբերվի գործող ԱԺ-ից: Ուստի հարկ է անդրադառնալ կրկին հաջորդ խորհրդարանում հայտնվելու մարմաջ ունեցող պատգամավորներին: Այս անգամ կներկայացնենք 2015թ. փետրվարին ավերակների կույտի վերածված ԲՀԿ-ից անվերադարձ հեռացած Մարտուն Գրիգորյանի, Բազմասեր Առաքելյանի եւ Մուշեղ Պետոյանի «օրինաստեղծ» գործունեությունը:
ԲՀԿ-ի շարքերում բավականին ակտիվ գործունեություն ծավալող Մարտուն Գրիգորյանը հատկապես իր պատասխանատու վարքով աչքի ընկավ 2015թ. հունվարին Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանությանը հաջորդած ժողովրդական հուզումների օրերին: Այնուհետեւ, Գրիգորյանն էլ ավելի ակտիվորեն սկսեց ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» ֆորմատով ստեղծված «Եռյակի» շարքերում պայքարել իշխանությունների դեմ: Սակայն երբ Սերժ Սարգսյանը կապիտուլյացիայի ենթարկեց այժմ քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանին, Գրիգորյանը մեկն էր այն կուսակցականներից, որոնք անմիջապես լքեցին ԲՀԿ-ն ու սկսեցին նոր «հարազատ» կուսակցության փնտրտուքները: Հատկանշական է, որ Մարտուն Գրիգորյանը շատ կարճ ժամանակում մոռացավ, որ «Եռյակի» կազմում հանրահավաքների էր մասնակցում ու պատրաստվում էր Գ. Ծառուկյանի հետ ձեռք ձեռքի տված Հայաստանն ազատել «չարիքի իշխանությունից»: Հիշողության այդ հապճեպ կորստի հետեւանքն էլ դարձան սահմանադրական փոփոխությունների առթիվ Մարտուն Գրիգորյանի ու «անկախ» պատգամավորների հանդիպումները Սերժ Սարգսյանի հետ եւ դրանից հետո այդ փոփոխություններին ձոնված նրանց ներբողները: Հատկանշական է, որ «Եռյակի» շրջանակներում Մարտուն Գրիգորյանն ու նրա նախկին ԲՀԿ-ական ընկերները ցանկանում էին տապալել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, սակայն վերջինիս բլից-կրիգից հետո 180 աստիճանով հեղափոխվեցին ու սկսեցին ինքնամոռաց կերպով գովաբանել դրանք: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների՝ Մարտուն Գրիգորյանը ձգտում էր նաեւ բազմել Գյումրու քաղաքապետի աթոռին, սակայն Սերժ Սարգսյանը չտվեց նրան այդ հնարավորությունը:
Ինչեւէ, հայացք ձգելով Մարտուն Գրիգորյանի օրենսդրական գործունեությանը 5-րդ գումարման Ազգային ժողովում՝ հարկ է արձանագրել, որ նա կողմ է քվեարկել օրինագծերի 57 տոկոսին, ձեռնպահ՝ մոտ 7 %, դեմ՝ 2%: Գրիգորյանը բացակայել է ԱԺ 256 նիստերից՝ 5 տարվա ընթացքում ամբիոնից ելույթ ունենալով 4 անգամ: Հավելենք, որ նա կողմ է քվեարկել այնպիսի օրինագծերի, ինչպիսիք են «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ», «1000 դրամների նախագիծ» եւ այլն: Նրա՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին տվյալներ չկան: Նման քվեարկություններով եւ օրինաստեղծ գործունեությամբ Մարտուն Գրիգորյանը կարող է իր արժանի տեղը զբաղեցնել ՀՀԿ-ական ընտրանու կողքին:
Ծառուկյանի առաջին «անկումից» հետո ԲՀԿ-ն լքած հաջորդ պատգամավորը Բազմասեր Առաքելյանն է՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի սանիկը: Մեկ անգամ վայելած լինելով պատգամավորական մանդատը՝ Բ.Առաքելյանը կարծես ցանկանում է կրկին իր բախտը փորձել: Նրա 5-ամյա գործունեությունը փաստում է, որ ՀՀԿ-ի պատվավոր անդամ դառնալու ճանապարհին անհրաժեշտ խոչընդոտները հաստատապես հաղթահարել է: Այսպես՝ Բազմասեր Առաքելյանը կողմ է քվեարկել 611, դեմ՝ 42, ձեռնպահ՝ 96 անգամ, իսկ քվեարկությանը մասնակցելուց հրաժարվել է 103 անգամ: Առաքելյանը նույնպես հետեւողականորեն կողմ է քվեարկել «Բյուջե 2017»-ին, «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններին, Պնախարարի «1000 դրամների օրինագծին» եւ այլն: Անշուշտ, նա նույնպես չի փայլել օրենսդրական նախաձեռնություններով, իսկ 5 տարվա մեջ ԱԺ ամբիոնին մոտեցել է միայն մեկ անգամ:
ԲՀԿ վերադարձի կամուրջներն այրած մյուս պատգամավորը Մուշեղ Պետոյանն է՝ Արթիկի քաղաքապետի պաշտոնին ՀՀԿ-ի կոմից առաջադրված, սակայն այդպես էլ չընտրված գործիչը: 5-ամյա խորհրդարանականի իր կարգավիճակով Պետոյանը ԱԺ-ում կողմ է քվեարկել 423 օրինագծերի, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 59: Բացակայելով 334 նիստերից՝ Մուշեղ Պետոյանն այդպես էլ որեւէ անգամ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել: Հատկանշական է, որ Պետոյանը, կողմ քվեարկելով «1000 դրամների» օրինագծին, բացակայել է ապօրինի հարստացման քրեականացում նախատեսող օրինագծի, «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների, «Բյուջե 2017»-ի քվեարկություններից: Նման պատասխանատու նիստերից նրա բացակայությունները կարող է եւ թանկ արժենան՝ զրկելով նրան նոր մանդատ ստանալու հնարավորությունից:
Ակնկալելի է, որ վերածնվող ԲՀԿ վերադառնալու անկարող Մարտուն Գրիգորյանը կհանգրվանի ՀՀԿ-ում՝ դառնալով վերջինիս ամենագրավիչ թեկնածուն Շիրակի մարզում: Հատկանշական է, որ ՀՀԿ-ն եւ մասնավորապես Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում միշտ էլ խնդիրների են բախվել, ուստի այժմ նման «հին-թարմ» դեմքով հանդես գալը միտված է տեղում իրավիճակի շտկմանը: Բազմասեր Առաքելյանն էլ ինքնուրույնաբար հասցրել է լուծել սեփական հարցերը՝ պատրաստվելով դառնալ ՀՀԿ-ի թեկնածուն Արագածոտնի մարզն ընդգրկող ընտրատարածքից: Ինչ վերաբերում է Մուշեղ Պետոյանին, ապա նա թերեւս կսպասի անորոշության մեջ՝ հույսով, որ Սերժ Սարգսյանը ոչ մեկին չնեղացնելու հերթում գուցե եւ հիշի իր մասին:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԴԱՀԿ-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ՆԿԱՐՉԻ ԳՈՐԾԵՐԸ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել երիտասարդ հայտնի նկարիչ Արմեն (Ռոնով) Մկրտչյանի 2 ստեղծագործությունները:
Նշենք, որ 46-ամյա Արմեն (Ռոնով) Մկրտչյանը Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ է, Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության, Կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի անդամ: 1986-ին ավարտել է Երեւանի Հ. Կոջոյանի անվան քանդակագործության եւ գեղանկարչության դպրոցը, 1996-ին՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Ի դեպ, վերջինս 1999-ին «Ահա կույսը արգանդում» վավերագրական-հեղինակային ֆիլմով մուտք է գործել կինո` որպես նկարիչ, ռեժիսոր եւ սցենարիստ: Սակայն հայտնի նկարչի երկու ստեղծագորությունները՝ «Ամալֆեա այծը», եւ «Մոնաս-Միապետություն» նկարները հայտնվել են ԴԱՀԿ-ի ձեռքում, ինչն էլ գերատեսչությունը հանել է վաճառքի:
Օրինակ՝ «Ամալֆեա այծը» նկարը ստեղծվել է 2014 թվականին, Հայաստանում: Հեղինակն անդրադարձել է հունական դիցաբանության մեջ հայտնի Ամալֆեա այծին: Այն ունի գեղարվեստական նշանակություն, նյութը՝ խառը տեխնիկա է, կոլաժ, չափերը՝ 76.5*57սմ է, ապակեպատ է, պլաստիկ շրջանակով, գտնվում է բավարար վիճակում: Այս նկարի մեկնարկային գինը կազմում է 525 հազար դրամ, չունի գնային առաջարկ եւ գտնվում է Երեւանում: Իսկ «Մոնաս-Միապետություն» նկարը ստեղծվել է 2004-2005 թվականներին Իտալիայի Միլան քաղաքում: Այն հեղինակային գրաֆիկական մեկնաբանությունն է մոնաս-մոնադա փիլիսոփայական հասկացության, ունի գեղարվեստական նշանակություն, նյութը թուղթ է, տուշ, թանաք: Նկարի չափերը 65*50սմ է, ապակեպատ է, փայտյա շրջանակով, գտնվում է բավարար վիճակում: Նշված նկարի մեկնարկային գինը կազմում է 375 հազար դրամ:
Ամփոփելով սա՝ նկատենք, որ ԴԱՀԿ-ն բնակարանների, ավտոմեքենաների աճուրդային գործարքներից բացի՝ զբաղվում է նաեւ գեղարվեստական գործերի վաճառքով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆԵՐՈՋԸ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Իջեւանի 29-ամյա բնակիչ Արթուր Շահինյանը 2016թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Իջեւան քաղաքի ծայրամասում գտնվող կարգավորման ջրամբարի հարակից հանդամասում, իր մոր եւ կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու հանգամանքի շուրջ վիճաբանության մեջ է մտել աներոջ՝ Իջեւան քաղաքի Թավրիզյան փողոցի 50-ամյա բնակիչ Վաչագան Գուրգենի Ակինյանի հետ եւ կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «Չիֆսան» տեսակի որսորդական ողորկափող հրացանով կրակել է նրա որովայնին եւ կրծքվանդակին: Վ. Ակինյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Ա. Շահինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, նա կալանքի տակ է: Այս քրեական գործով դատավարությունը նշանակված է հունվարի 26-ին:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԴՆԵԼ
Երեկ Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն ասել է, որ բերքի մթերման հետ կապված խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ներդնել արտադրող-մթերող պայմանագրի մշակույթ: Նրա կարծիքով՝ այժմ գործող կտրոնային համակարգից անցումը պայմանագրային հարաբերություններին կպարտավորեցնի թե՛ գյուղացուն, թե՛ մթերողին: «Առաջին քայլն այն է, որ գյուղացին եւ վերամշակող-մթերող կազմակերպությունն ունենան փոխշահավետ պայմանագրային պարտավորություն իրավական ուժով, այլապես մենք միշտ պրոբլեմ ենք ունենալու, որովհետեւ ընկերություններ կան, որ ասում են՝ ես պայմանագիր չեմ կնքում, դե, խաղող ա, կընդունենք: Դրա համար էլ խնդիրների առաջ ենք կանգնում»,- նշել է Արտակ Սարգսյանը:
Անդրադառնալով 2015թ.-ին իրենց բերքը մթերած, սակայն դեռ գումարը չստացած քաղցրաշենցիների խնդրին՝ Սարգսանը հիշեցրեց, որ այժմ հարցը գտնվում է դատախազությունում, քանի որ նախարարությունն անընդհատ բախվում է այն խնդրին, որ կա՛մ գնորդ չի լինում, կա՛մ հումք: «Ինչպես գիտեք՝ գործը հանձնվել է իրավապահ մարմիններին, այն հիմա դատախազությունում է, բայց խաղողագործը ինչքա՞ն կարող է սպասել, նրա մեղքը ո՞րն է: Նախարարությունում պայմանավորվում են, ընկերությունը պարզաբանում է, որ ունի հումք, բայց չի կարող վաճառել, հումքից վերցնում են լաբորատոր փորձաքննություն, պայմանավորվում են գնորդի հետ, որ գումարը վճարվի գյուղացուն, ստացվում է էնպես, որ հումք չի լինում: Էս աբսուրդը արդեն մի քանի անգամ առաջ է եկել»,-նշեց Ա. Սարգսյանը:
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ
ՀՀ կառավարությունում մեկնարկել է պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության նախարարները, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: