Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող ՀՀԿ-ն սկսել է պառակտվել. երեկ ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել այդ կուսակցության եւ, ընդհանրապես, իշխանության առանցքային դեմքերից մեկը՝ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացի այդ՝ ըստ շրջանառվող լուրերի՝ առաջիկա օրերին նրան են հետեւելու մի շարք այլ ՀՀԿ-ականներ:
Հայաստանյան քաղաքական դաշտին քիչ թե շատ տիրապետող մարդու համար հասկանալի է, թե ՀՀԿ-ի համար ինչ ծանր հարված է Հովիկ Աբրահամյանի հեռանալը: Ի վերջո, նա ավելի քան տասնութ տարի կարեւորագույն պետական պաշտոններ է զբաղեցրել՝ լինելով տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, վարչապետ: Բացի այդ՝ խորհրդարանական ընտրություններում եղել է ՀՀԿ-ի, նախագահական վերջին երկու ընտրություններում Սերժ Սարգսյանի, սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ՝ «Այո»-ի շտաբների պետը: Ասել է, թե նա եղել է իշխանական կեղծարար այս համակարգի առանցքային օղակներից մեկը, որն, ի դեպ, տիրապետում է նաեւ հսկայական ինֆորմացիայի:
Թե որն է Հ. Աբրահամյանի՝ այս քայլին գնալու պատճառը, դժվար է միանշանակ ասել. նա խոստացել է պարզաբանումներով հանդես գալ այսօր: Բայց հետադարձ հայացք գցելով ներքաղաքական վերջին իրադարձություններին՝ Աբրահամյանի հեռանալը միանգամայն տեղավորվում է ընդհանուր տրամաբանության մեջ: Ի վերջո, նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ անվստահությունը միշտ էլ եղել է, բայց նրանք հանդուրժել են միմյանց՝ լավ իմանալով, որ յուրաքանչյուրը դիմացինի մասին կոմպրոմատների լուրջ բազայի է տիրապետում: Սակայն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նրանց ճանապարհները կտրուկ բաժանվեցին. ընտրություններից առաջ հասարակական տրամադրությունները մեղմելու եւ իշխանության հեղինակությունը փոքր-ինչ բարձրացնելու համար Սերժ Սարգսյանի պարտադրանքով Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից, հետո նա մեկուսացավ նաեւ ներկուսակցական գործընթացներից:
Նկատենք, որ ՀՀԿ-ից դուրս գալուց առաջ Հովիկ Աբրահամյանը եղել է Մոսկվայում եւ հանդիպում ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ. ի դեպ, այդ հանդիպման մասին եղավ նաեւ կիսապաշտոնական հաղորդագրություն:
Հատկանշական է, որ ՀՀԿ-ից հեռանալու մասին Հովիկ Աբրահամյանի որոշումը հաջորդեց քաղաքականություն վերադառնալու մասին իր խնամու՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին: Նույն այն խնամու, որին «բամփելու» առաջարկ էր ներկայացրել նա ընդամենը երկու տարի առաջ, երբ ԲՀԿ նախագահի դեմ սանձազերծվել էր հայտնի արշավը: Այսօր, սակայն, խոսվում է, որ Աբրահամյանն ու ՀՀԿ-ից հեռանալ ցանկացող մյուս հայտնի դեմքերը պատրաստվում են միավորվել «Ծառուկյան» դաշինքի շուրջ:
Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը, գոնե առաջին հայացքից, կարող է բավական լուրջ հակակշիռ լինել ՀՀԿ-ին եւ տրոհել վերջինիս միահեծան կառավարման ռեժիմը, անգամ կարող են վերցնել իշխանությունը: Ու եթե ՀՀԿ-ականների հոսքը դեպի «Ծառուկյան» դաշինք պայմանավորված խաղ չէ, եթե իշխանության առանցքային այս դեմքերը Ս. Սարգսյանի հետ համաձայնեցված չեն գնացել «քաղաքական գործուղման», ապա խորհրդարանական ընտրությունների արդյունքները խոստանում են բավական ուշագրավ պատկեր:
Դատեք ինքներդ. Հովիկ Աբրահամյանի վերահսկողության տակ է Արարատի մարզը, Գագիկ Ծառուկյանինն է Կոտայքի մարզը, նա նաեւ լուրջ քվեներ ունի Շիրակի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերում: Սյունիքին «տիրում է» Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, որին վերջերս հեռացրին ոչ միայն մարզպետի, այլեւ ՀՀԿ մարզային գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Եվ բնական է, որ Լիսկան եւս չի աշխատի ՀՀԿ-ի համար: Ասել է, թե Հայաստանի մարզերից առնվազն 5-ը, ըստ էության, դուրս են իշխանությունների վերահսկողությունից: Նրանց վերահսկողության տակ չէ նաեւ Արագածոտնի մարզը, որտեղ ՀՅԴ-ն է ուժեղ: Երեւանի խոշոր համայնքները եւս կարելի է ՀՀԿ-ի վերահսկողությունից դուրս եկած համարել՝ Կենտրոնը, Էրեբունին, Նուբարաշենը, մասամբ՝ Աջափնյակն ու Արաբկիրը:
Այնպես որ, իշխանական բուրգը իսկապես սկսել է ճաքեր տալ, ընդ որում, շատ անսպասելի կերպով: Ու չի բացառվում, որ իշխանությունը գնալով մուտացիայի ենթարկվի՝ այս անգամ փոխակերպվելով «Ծառուկյան» դաշինքի: Ակնհայտ է, որ Ծառուկյանը նախկինում ունեցած իշխանության չափաբաժինը չի ցանկանում, այլ ձգտում է ավելիին: Ասել է թե` նա իշխանության բավականին մեծ մասնաբաժին է ուզում` որոշիչ ձայներով:
Հ.Գ. Հայաստանյան քաղաքական դաշտում իշխանությունների կողմից վերահսկվող ու չվերահսկվող ընդդիմադիրներին տարբերելու լակմուսի թուղթ կա. չվերահսկվող ընդդիմությունը սովորաբար ենթարկվում է հալածանքների: Հիմա, եթե ՀՀԿ-ից հեռացածների դեմ հալածանքների, քրեական գործերի շարանը սկսվի, նշանակում է՝ սա պայմանավորված խաղ չէր: Չնայած՝ չի բացառվում, որ իշխանությունը չգնա նման սրացման՝ նախընտրական ժամանակահատվածում՝ վախենալով հասարակական հակազդեցությունից, կամ էլ գերվստահ լինելով իր ուժերի վրա: Մեզ մնում է հետեւել իրադարձությունների ընթացքին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
Չնայած խորհրդարանական ընտրություններին մնացել է գրեթե երկու ամիս, այնուամենայնիվ, քաղաքական ուժերը դեռեւս փնտրտուքների մեջ են: «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ իր հերթին օրերս հայտարարել էր, թե քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում, եւ սպասում են հանգրվանին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՎԿ խոսնակ Էդգար Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են գտնվում այդ փնտրտուքները: «Դեռ չեն ավարտվել, քննարկումներ կան որոշակի, կարծում եմ՝ առաջիկա օրերին ամեն ինչ արդեն պարզ կլինի, շատ ժամանակ էլ չի մնացել»: Հարցին՝ արդյո՞ք ձեւավորվող դաշինքները ՀՎԿ-ին մտահոգության տեղիք չեն տալիս, Առաքելյանը նշեց. «ՀՎԿ-ն հենց այդպիսի դաշինքի յուրատիպ օրինակ է, մենք ունենք շատ հզոր կառույցներ, հետեւաբար վախենալու կամ անհանգստանալու խնդիր չունենք»: Եթե հաշվի առնենք, որ ՕԵԿ-ին միացան ու «Հայկական վերածնունդ» անվանումով կուսակցություն դարձան վաղուց ի վեր քաղաքական լուսանցքում հայտնված «մարդ-կուսակցությունները», ապա կարելի է ենթադրել, թե ինչ «հզոր» դաշինք է կազմել Արթուր Բաղդասարյանը:
ՈՒԶՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ
Սյունիքի մարզում բժշկական կենտրոնների տնօրենների դեմ վհուկների որս է սկսվել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հունվարին նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի թեթեւ ձեռքով աշխատանքից ազատվեց Կապանի ԲԿ տնօրեն Սմբատ Օրբելյանը: Երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հերթը հասել է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սաշիկ Խաչատյանին: Վերջինս, ի դեպ, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է եւ այդ պաշտոնին նշանակվել էր 2015 թվականին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 28-ին մարզպետը որոշում է կայացրել ստեղծել աշխատանքային հանձնաժողով, որը ստուգելու է հիվանդանոցի կողմից կատարված գնումները: Մեր աղբյուրների պնդմամբ՝ նա փորձում է խախտումներ գտնել, որի հիման վրա էլ նախկին մարզպետի ազգականին կազատի աշխատանքից:
ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ «ԱԶԱՏ»-ԻՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը, քննարկելով «Ազատ» ջրօգտագործողների ընկերության վերաբերյալ վարչական վարույթի նյութերը, որոշում է կայացրել Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող այդ ընկերությունից ժամանակին չկատարված պարտավորությունների համար գանձել ավելի քան 20 մլն դրամ: Իսկ «Ազատ» ՋՕԸ տնօրենը Արման Գեւորգյանն է, ում գործունեության մասին մամուլում շատ անգամներ է գրվել՝ նշելով, որ «Ազատ» ՋՕԸ պետը հասցրել է իր պաշտոնավարման ընթացքում ջերմոցներ հիմնել ու առաջնահերթության կարգով ոռոգում է սեփական ջերմոցները։ Նշենք, որ «Ազատ» ՋՕԸ-ի տնօրեն Արման Գեւորգյանը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրերի տնօրեն Նորիկ Գեւորգյանի որդին է: Պարզվում է՝ ջերմոցներ կառուցելու համար գումարներ կան, իսկ հարկային պարտավորությունները մարելու համար՝ ոչ:
ՄԻՆՉԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԸ
«Բանագնացները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա բանակցությունները վերջնական տեսքի բերելը լուրջ իրադարձություն կլինի: Դա, հավանաբար, տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում: Բանակցությունների տեմպը շատ բարձր է: Սա նոր որակ կբերի երկկողմ հարաբերություններին»,-երեկ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Միեւնույն ժամանակ Սվիտալսկին չի ցանկացել հստակեցնել՝ արդյոք շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մինչ խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, թե իրենց չեն կապում ՀՀ քաղաքական օրացուցի որեւէ իրադարձության հետ:
ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դիրքերից քաղաքական պայքարի մեջ մտնելու փաստին, ասել է. «Ինձ համար շատ բաներ հասկանալի չեն: 1992-ին, երբ ես քաղաքական մեծամասնության հետ ունեցել եմ տարաձայնություններ, հրաժարական եմ տվել վարչապետի պաշտոնից, հետեւաբար, եթե որեւիցե մեկը, լինելով իշխանության մեջ, ունի սկզբունքային տարաձայնություններ, դրա ելքը բոլորիս հայտնի է: Իսկ տվյալ պարագայում ինձ համար առնվազն վիճահարույց, կասկածահարույց է, երբ դու իշխանության մեջ ես եւ հանկարծակի դառնում ես նույն իշխանությանը քննադատող»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ հասարակությունը ինքը պետք է գնահատական տա նման երեւույթներին:
ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Հունվարի 24-ին, ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արեւմուտքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: