Նոր ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ այս տարվա ապրիլից ձեւավորվող խորհրդարանում այս կամ այն կուսակցության ընտրացուցակով պատգամավոր դարձած անձինք հնարավորություն կունենան լքել խմբակցությունը ու պահպանել մանդատը` դառնալով անկախ պատգամավոր: Այս դրույթն ուշագրավ է հատկապես վերջին ներքաղաքական իրադարձությունների համատեքստում, երբ «մարդ-կուսակցություններն» իրար հերթ չտալով՝ իրենց ծառայություններն են առաջարկում Գագիկ Ծառուկյանին ու Սեյրան Օհանյանին՝ պատրաստակամություն հայտնելով միանալ նրանց կողմից ղեկավարվելիք, ֆինանսապես ապահովված դաշինքներին: Ակնհայտ է, որ այդ դաշինքներին միանալն օգուտ է լինելու միայն իրենց՝ «քաղաքական լուսանցքում» հայտնված, ընտրությունից ընտրություն քաղաքական առեւտրով զբաղվող միավորներին: Իսկ դաշինքի հիմնական ուժերի համար դա կարող է լուրջ գլխացավանք դառնալ:
Թեկուզ եւ հենց այն պատճառով, որ Ծառուկյանի կամ Օհանյանի հաշվին ԱԺ-ում հայտնվելուց կարճ ժամանակ անց, առաջին իսկ լուրջ քվեարկության դեպքում այդ «մարդ-կուսակցությունները» կարող են պարզապես լքել խմբակցությունը՝ պահպանելով իրենց մանդատները: Ի դեպ, իշխանությունների հաշվարկն էլ հենց դա է, եւ այդ պատճառով են նրանք հանգիստ հետեւում ներքաղաքական դաշտում կատարվող գործողություններին՝ ձեռքի հետ իրենց ականները ներդնելով տարբեր դաշինքներում ու թույլ տալով, որ նրանք դառնան պատգամավոր: Դե, իսկ հարկ եղած պահին այդ ականները պայթեցնելը տեխնիկայի գործ է: Տես՝ էջ 3
«Իզվեստիա» թերթի հետ զրույցում ՌԴ ՆԳ նախարար Ալեքսանդր Պրոկոպչուկը սկանդալային հայտարարություն է արել. ռուսական իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել մի խումբ անձանց նկատմամբ, որոնք նախապատրաստվել են ահաբեկչություն իրականացնել ոչ միայն ՌԴ-ում, այլ նաեւ Հայաստանում՝ ծրագրելով պայթեցնել Հայաստանի պետական կառույցները: Այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ առումով. «Ժողովուրդ» օրաթերթը 2017 թվականի հունվարի 17-ին հրապարակել էր, որ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի դեմ հարձակման փորձ է ծրագրվել, եւ դրանից հետո առավել ուժեղացվել էր Բաղրամյան 26-ի եւ հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը: Եվ հիմա այդ համատեքստում ՌԴ ՆԳ նախարարի հայտարարություններն ուշագրավ երանգ են ստանում: Տես՝ էջ 4
Իշխանություններին նախորդ տարի այդպես էլ չհաջողվեց ոչ միայն պետական բյուջեով խոստացված 2.4 տոկոս, այլեւ անգամ մեկ տոկոսի տնտեսական աճ ապահովել: Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016թ. վիճակագրական տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 0.5 տոկոս: Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը տարին ամփոփում է անգամ առանց մեկ տոկոս տնտեսական աճի. խոսուն ցուցանիշ, որը վկայում է իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով ձախողումների մասին: Նշենք, որ նախորդ տարվա մեջ ավելացել են միայն արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 6.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 7.4 տոկոսով: Փոխարենը կտրուկ նվազել են գյուղատնտեսական ապրանքների արտադրության ծավալները՝ 5.2 տոկոսով, շինարարությունը՝ 10.2 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 6.2 տոկոսով:
Արդեն հինգ տարի է՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Նրա պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում նախարարության տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, դրանց անմիջական մասնակիցները ձերբակալվել են, անուղղակի մասնակիցները՝ հրաժարական ներկայացրել: Իսկ ահա անձամբ նախարարը մինչեւ հիմա շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել: Դեռ ավելին՝ ամեն հերթական կոռուպցիոն սկանդալից հետո մեղավոր են դուրս գալիս բոլորը, բայց ոչ ոլորտի թիվ մեկ պատասխանատուն: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով: Ի դեպ, օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվեց նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, որ այդ պաշտոնում աշխատում էր բավական երկար տարիներ՝ համակարգելով հատուկ խնամք պահանջող հիմնարկների՝ մանկատների, ծերանոցների աշխատանքը:
ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ
Առաջիկա ընտրություններում տեխնիկական միջոցների ներդրման հանձնաժողովը, որը բաղկացած է իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից, երեկ հրավիրած նիստում հանգել է փոխզիջումային տարբերակի, համաձայն որի՝ թեեւ ոչ բոլոր ընտրատեղամասերում եւ ոչ անհրաժեշտ քանակով, սակայն տեսախցիկներ, այնուամենայնիվ, կտեղադրվեն: Թե կոնկրետ քանի տեսախցիկ կլինի, եւ ինչպես են ընտրվելու ընտրատեղամասերը, առայժմ հայտնի չէ, քանի որ հանձնաժողովի աշխատանքն ավարտվեց երեկ ուշ երեկոյան: Ըստ ամենայնի, այդ մանրամասները հայտնի կդառնան արդեն այսօր: Իսկ մինչ այդ նման հանգուցալուծումը, թերեւս, կարելի է հաջողություն համարել՝ նկատի առնելով այն, որ տեսախցիկների տեղադրման գործընթացն առհասարակ տապալման եզրին էր:
Հիշեցնենք, որ անցած հունիսին 4+4+4 ձեւաչափով կայացած համաձայնությունը ենթադրում էր ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման շատ ավելի գործուն մեխանիզմներ, սական ինչպես եւ սպասվում էր՝ դրանք կյանքի չկոչվեցին, քանի որ իշխանություններն ամբողջ 2 ամիս ժամանակ ձգելով՝ ի վերջո հայտարարեցին, որ դրանց ներդրումն անհնար է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Մինչ այդ, սակայն, նկատենք, որ ԵՄ ներկայացուցիչները հասցրել էին ողջունել ՀՀ իշխանությունների այդ «պատմական համաձայնությունը»՝ չմտածելով, որ նման հանգուցալուծում կարող է լինել:
Խորը հիասթափությունը հաղթահարելով՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նոր լավատեսությամբ ողջունեց արդեն նոր՝ սեպտեմբերի 13-ին կայացած համաձայնությունը իշխանության եւ ԱԺ ընդդիմադիր ուժերի միջեւ: Ուշագրավ է, որ նա բացառեց նախորդ փորձի կրկնությունը՝ հայտարարելով. «Դա շատ վատ կազդի ՀՀ-ի հեղինակության վրա, որովհետեւ կարծում եմ, որ այս անգամ համաձայնագրի տեխնիկական, ֆինանսական եւ այլ կողմերը ապահով են այն իմաստով, որ կարող ենք վստահ լինել, որ այս համաձայնագիրն իրագործելի է»: Սակայն արդեն նախօրեին հրավիրած ասուլիսում դիվանագետը նուրբ հեգնանքով մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ-ի իշխանություններին՝ այդ գործընթացում առավելագույն ջանքեր ներդնելու համար՝ միեւնույն ժամանակ նկատելով, որ տեխնիկական միջոցների համար ԵՄ հատկացրած 7 մլն դոլարի աջակցությունը ՀՀ կառավարությունը պետք է որ դիտարկի որպես ԵՄ կողմից արված նվիրատվություն, որը ազատվում է ԱԱՀ-ից: Այդ դեպքում տեսախցիկների ներդրման խնդիրն ամբողջությամբ հնարավոր կլիներ լուծել:
ՀՀ կառավարությունը, սակայն, չգնաց դրան. փոխարենը երեկ հաղորդվեց, որ այս ծրագրին կհատկացնի ԱԱՀ չափով գումար: Ասել է թե՝ ապահովվեց ֆորմալ նվազագույնը. ե՛ւ տեսախցիկները կներդրվեն, ե՛ւ ՀՀ կառավարությունը դրա համար փող կտա: Իսկ այն, որ իրականում տեսախցիկների մեխանիզմը լիարժեք չի լինի, իսկ կառավարության հատկացրած գումարն էլ ընդամենը ԱԱՀ-ի փոխհատուցումն է, ֆորմալ մակարդակում չի արձանագրվի: