Քաղաքականությունն իրենց բիզնեսը դարձրածների համար խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դրախտային պայմաններ են ստեղծվել:
ՀՀԿ-ից բացի՝ ընտրություններին մասնակցելու է ֆինանսական լուրջ ռեսուրսներ ունեցող առնվազն եւս երկու ուժ: Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ հայտարարել է լայն դաշինք կազմելու մասին: Ընտրություններին մասնակցելու է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` կրկին լայն դաշինքով:
Ու հիմա քաղաքականությունը բիզնեսի վերածած մարդ-կուսակցությունները, ոգեւորված նախընտրական փուլում Ծառուկյանի եւ Օհանյանի ֆինանսական ռեսուրսներից, իսկ խորհրդարանում հայտնվելուց հետո` պատգամավորական մանդատից օգտվելու հեռանկարով, անցել են գործի: Այս օրերին նրանք մամուլը հեղեղել են Ծառուկյանի եւ Օհանյանի դաշինքներին միանալու մասին իրենց հայտարարություններով՝ բնականաբար, գովերգելով առաջնորդներին` շատ հաճախ առանց նրանց հետ համաձայնեցնելու:
Սեյրան Օհանյանի առաջնորդությամբ ձեւավորվելիք դաշինքին միացել է Արամ Գ. Սարգսյանի Դեմկուսը: Նրանց միանալու մասին են հայտարարել Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ն ու Տիգրան Կարապետիչն իր կուսակցությամբ, Հմայակ Հովհաննիսյանը` քաղաքագետների իր միավորմամբ:
Ավելի շատ են «Ծառուկյան» դաշինքում հայտնվել ցանկացողները. իրենց մտադրության մասին հայտարարել են Նարեկ Գալստյանի ղեկավարած «Սոցիալ-դեմոկրատական հնչակյանները», Լյուդմիլա Սարգսյանի «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյանները», Հակոբ Ավետիքյանի «Հայաստանի ռամկավարները», նախագահական բոլոր ընտրությունների մշտական թեկնածու Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը», Արարատ Զուրաբյանի ՀՀՇ-ն, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» եւ այլն: Առաջիկա օրերին եւս սպասվում են այդ դաշինքներին միավորվող նման նոր «հզոր ուժեր»:
Թե ինչ կարող է նրանց տալ այդ դաշինքներում հայտնվելը, միանգամայն պարզ է. նախընտրական շրջանում մի քիչ գումար «թռցնելու» հնարավորություն, իսկ ընտրություններից հետո միգուցե եւ դառնան պատգամավոր, ու հինգ տարվա ապահով կյանքը կարելի է երաշխավորված համարել:
Իսկ թե ինչ կարող է տալ Ծառուկյանի ու Օհանյանի շուրջ ստեղծվող դաշինքներին վաղուց ի վեր քաղաքական լուսանցքներում հայտնվածների միանալը, մեծ հարցական է: Լավագույն դեպքում՝ դաշինքի համար նրանց ներկայությունը կարող է «գլխաքանակ» ապահովել, որպեսզի հասարակությանը փորձեն ցույց տալ, թե իրենց շուրջ համախմբվել է այսքան շատ կուսակցություն: Ուրիշ ոչինչ: Բայց դա, ըստ էության, ոչինչ չի տա, ընդհակառակը՝ լուրջ խոչընդոտներ կստեղծի:
Դատեք ինքներդ. Արամ Գ.Սարգսյանի Դեմկուսում, իրենից բացի, դժվար է որեւէ այլ մարդու մտաբերել: Նույնը կարելի է ասել Տիգրան Կարապետիչի ու Պարույր Հայրիկյանի կուսակցությունների մասին: Բավական է միայն նշել, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Գասպարիչի կուսակցությունը ողջ Հայաստանում ընտրողների 0.3 տոկոսի ձայնն էր ստացել՝ 5.5 հազար քվե: Տիգրան Կարապետիչի կուսակցությունը վերջին անգամ ընտրություններին մասնակցել է 2007թ եւ ստացել 2.7 տոկոս ձայն՝ 37 հազար քվե, իսկ արդեն 2008թ. նախագահական ընտրություններում Կարապետիչի օգտին քվեարկել էր 9.7 հազար մարդ: Եվրոպական հայացքներ ունեցող Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը ընտրություններին միայնակ չի մասնակցել, 2013թ. նախագահական ընտրություններին Հայրիկյանը ստացել է 18 հազար քվե` մարմնական վնասվածքների գնով:
«Ծառուկյան» դաշինքին միանալու հայտ ներկայացրած ՍԴՀԿ-ն, որ մինչ այդ այլ կուսակցությունների հետ էր «քաղաքական առեւտրի» մեջ, ասել է, թե ինքը 10 հազար ձայն կարող է բերել ողջ երկրում: Մինչդեռ ՍԴՀԿ-ն ԱԺ ընտրություններին ինքնուրույն մասնակցել է 2007թ-ին եւ ստացել 0.07 տոկոս ձայն՝ 989 քվե` զբաղեցնելով վերջին պատվավոր հորիզոնականը: Ի դեպ, այդ ժամանակ Լյուդմիլա Սարգսյանն էլ էր նույն այդ կուսակցությունից: Արամ Հարությունյանը, որը եւս իր «քաղաքական առեւտրի» ժամանակ ասել է, թե մոտ 100 հազար քվե ունի, նախագահի թեկնածու է եղել, իրականում 2007-ին ստացել է 4 հազար ձայն՝ 0.3 տոկոս, իսկ Ա.Հարությունյանն անձամբ 2008թ. նախագահական ընտրություններում 2 հազար 892 քվե է ստացել:
Այս ցուցանիշները գրանցվել են մի քանի տարի առաջ: Բայց պարզ է, որ այս ընթացքում նրանց վարկանիշը ոչ թե վերելք, այլ սրընթաց անկում է ապրել: Առավել եւս, որ նրանք լուրջ քաղաքական գործունեություն, ըստ էության, չեն էլ ծավալել, եւ հետո, առանց չափազանցության, այս կուսակցությունների անդամներին կարելի է հաշվել մեկ, լավագույն դեպքում՝ երկու ձեռքի մատների վրա: Նույնը կարելի է ասել նորաստեղծ կուսակցությունների մասին (Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը»): Իսկ այն կուսակցությունները` ՀՀՇ-ն, ՀՌԱԿ-ը եւ էլի մի քանիսը, որոնք ընտրության չեն մասնակցել, բայց ակնհայտ է՝ մասնակցելու դեպքում անգամ 1 տոկոս ձայն չեն ստանա:
Այնպես որ, «քաղաքական թափառականները» իրականում կարող են լուրջ գլխացավ դառնալ նույն դաշինքների համար: Բանն այն է, որ ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն՝ որեւէ կուսակցության ընտրացուցակով ԱԺ պատգամավոր դարձած ազգընտիրը խմբակցությունից դուրս գալու դեպքում պարտավոր չէ մանդատը վայր դնել:
Այսինքն՝ այսօր որեւէ քաղաքական ուժի օգնությամբ խորհրդարանում հայտնվելուց հետո ցանկացած պատգամավոր կարող է ականի նման պայթել եւ հեշտությամբ լքել խմբակցությունն ու պահպանել մանդատը` դառնալով անկախ պատգամավոր: Իսկ որ նման «բազմաբեւեռ» դաշինքներում մեկ-երկու ամսից նման խնդիրներ կարող են առաջանալ, միանշանակ է:
Այնպես որ, Ծառուկյանն ու Օհանյանը, տեսնելով իրենց շուրջ տիրող այս հրճվանքը, ոչ թե ուրախանալու, այլ, ընդհակառակ, մտահոգվելու լուրջ առիթ պետք է ունենան, քանի որ մեծ թվով ականներ են դրվում իրենց շուրջ, որոնք կարող են պայթել ապրիլի 3-ից սկսած` մեծ շուքով ու սկզբունքայնության քողի տակ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿՆԵՐ
Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցնելու մասին տարածած հայտարարության մեջ ուղիղ տեքստով չի մատնանշել որոշման պատճառները: Սակայն նման որոշում կայացնելու դրդապատճառներն ակնհայտ են դառնում հայտարարության տողատակերում: Աբրահամյանը նշել է, թե կայացրել է իր կյանքի կարեւոր եւ դժվար որոշումներից մեկը, ընդ որում, ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու որոշումը կայացնելն իր համար հեշտ չի եղել: Մյուս կողմից, սակայն, նա նշել է. «Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել եւ մնում են ինձ համար առաջնային: Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր եւ պետականամետ»,- գրել է Աբրահամյանը: Այլ կերպ ասած՝ նա ակնարկել է, որ ՀՀԿ-ում թիմային աշխատանքն ու թիմի անդամների արժանապատվությունը առաջին տեղում չեն, մեղմ ասած, եւ որ ամենակարեւորն է՝ հազիվ թե իրենից հետո եկողները լինեն հայրենասեր ու պետականամետ: Աբրահամյանը նաեւ նշել է իր ապագա պլանների մասին. «Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին: Շարունակելու եմ ապրել եւ աշխատել հանուն Հայաստանի»:
ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Մոտ երկու ամիս է անցել ԵՄ հատկացրած դրամաշնորհները յուրացնելու գործով երկու մեղադրյալների նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումից, բայց նրանք դեռեւս չեն հայտնաբերվել: Հիշեցնենք՝ 2016թ. սկզբին ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունը ՀՀ քննչական կոմիտեին էր հանձնել իրենց աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, ըստ որի՝ ԵՄ ծրագրով հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ արդյունքում յուրացվել է ավելի քան 65 միլիոն դրամ: Այդ կապակցությամբ հարուցվեց քրեական գործ, եւ ինչպես տեղեկացրել էր ՔԿ-ն, 8 անձի առաջադրվել էր մեղադրանք, երկու անձի՝ «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հ/կ նախագահ Հրայր Գյոնջյանի եւ Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում:
ՉԴԻՄԱՑԱՎ
Երեկ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Փաստորեն, Ամիրյանը, որ դեռ մինչեւ վերջերս ամեն գնով խուսափում էր կուսակցականացվելուց, չդիմացավ եւ ընդունեց այս իշխանությունների հաստատած խաղի կանոնները: Մինչդեռ նախկինում ՀՀԿ-ին անդամագրվելու մասին հարցերին նա միշտ խուսափողական պատասխան էր տալիս՝ ասելով, որ այդ հարցի շուրջ դեռ մտածելու ժամանակ ունի: «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, անշուշտ, պետք է անդամակցել, եթե զգամ, որ, իսկապես, խիստ կարիք կա: Այս պահի դրությամբ ես դեռ կարիք չեմ զգում: Ժամանակը ցույց կտա, եւ ոչ միայն իմ մտածելու, այլեւ իրավիճակի, իրադրության խնդիրներ գոյություն ունեն»,- նախորդ տարվա դեկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր նա: Իսկ երեկ Ամիրյանն ասել է. «Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաեւ քաղաքական պատասխանատվություն կրի»: Փաստորեն, համակարգը խժռում է իր կազմում եղած բոլոր նորմալ անձանց:
ՆՈՐ ԴԱՎԱՃԱՆ
Ադրբեջանական haqqin.az կայքը երեկ տեղեկացրել է, որ Բաքվում ապաստանած հայերի թիվը ավելացել է եւս մեկով: Սեփական հայրենիքը ուրացած հերթական հայը Լիդա Բալասանյանն է, ով մոտ ժամանակներս ադրբեջանական քաղաքացիությունը վերականգնելու համար փաստաթղթեր կստանա: Նա Բաքու է մեկնել իր հարազատների հետ: Ադրբեջանական կայքի խմբագրությունում նրան դիմավորել է լրագրող ներկայացած եւ Բաքու մեկնած Սյուզան Ջաղինյանը, ով թղթակցում է վերը նշված կայքին: Այս խայտառակությանը որեւէ կերպ հակազդելու համար կարծում ենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղուց պետք է համապատասխան մարդկանց ցուցակ ունենար եւ բալանսավորեր նրանց Բաքվից Հայաստան բերելու գործընթացը: Հուսանք՝ Սերժ Սարգսյանի հատուկ հրահանգն այս առիթով չի ուշանա:
ՑԻԿԼՈՆԻ ՏԱԿ
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Հունվարի 25-ին եւ 26-ին դրա ազդեցության գոտում կլինեն հատկապես Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արարատ, Արմավիր, Վայոց ձոր մարզերը եւ Երեւանը, որտեղ ժամանակ առ ժամանակ կտեղա միջին ինտենսիվության ձյուն: Հունվարի 27-ին եւ 28-ին ցիկլոնի կենտրոնը կմոտենա հանրապետության տարածքին, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 29-ի առավոտյան ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-27-ին հատկապես գիշերային ժամերին բոլոր մարզերում կբարձրանա 8-10 աստիճանով:
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մամեդյարովի այցը կապված է Լավրովի վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված ոչ ադրբեջանանպաստ հայտարարության հետ, եւ այս հանդիպումը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ
«ՀՀԿ անդամությունը դադարեցնելը որեւէ կերպ չի կարող ազդել Գայանե Սողոմոնյանի հետագա աշխատանքի վրա։ Գայանե Սողոմոնյանը այսօր էլ եկել է աշխատանքի եւ կշարունակի աշխատել իր պաշտոնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին, թե կշարունակի՞ արդյոք պաշտոնավարել ՀՀԿ-ն լքած Գայանե Սողոմոնյանը։ Նշենք, որ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը, ով զբաղեցնում է քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնը, նախօրեին կասեցրել է իր անդամությունը ՀՀԿ-ին։