ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Աբովյան 22 հասցեում
Տեւական ժամանակ է՝ այս սառցաբեկորը կախված է մնացել օդում: Հավանականությունը մեծ է, որ շատ պատահական այն կարող է հայտնվել գետնին, էլ չենք խոսում այն մասին, որ կարող է վնասել անցորդներին: Բայց այս փաստը, հավանաբար, այնքան էլ չի անհանգստացնում Երեւանի քաղաքապետարանին:
ՀԱՐՑ. Օրերս հանրապետական ռադիոյով լսեցի այսպիսի լուր, որ զանգահարողի տատիկը 100 տարեկան է, եւ խնայբանկում նրա թողած սովետական ավանդները չեն փոխհատուցվում: Նրան պատասխանեցին, որ նա նախօրոք չի գրանցվել, եւ խնայբանկի գրքույկները կնքված չեն: Ես 80 տարեկան եմ, ունեմ ավանդ, եւ իմ գրքույկը կնքված չէ, ես նույնպես գրանցված չեմ: Խնդրում եմ ասեք՝ որտե՞ղ են գրանցվում եւ ո՞ւմ կողմից:
Արուսյակ Վարդանյան (80 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների փոխհատուցման գործընթացը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանված նորմերին համապատասխան:
Սահմանված է, որ փոխհատուցումը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան՝ մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից եւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ավանդատուների հաշվառման, ինչպես նաեւ փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները:
ՀԱՐՑ. Ես բնակվում եմ շենքում եւ բնականաբար համատիրությանը որոշակի գումար եմ վճարում: Խնդրում եմ կոնկրետ պատասխանել՝ համատիրությանը վճարած գումարներով ի՞նչ ծախսեր են կատարվում: Շքամուտքերի, վերելակների բարեկարգման աշխատանքներից բացի՝ ուրիշ ի՞նչ աշխատանքներ են արվում այդ բնակիչների կողմից տրված գումարներով: Խնդրում եմ կոնկրետ պատասխանել:
Սուսաննա Համբարձումյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բացի հարցադրման հեղինակի կողմից նշված շքամուտքերի եւ վերելակների նորոգումներից՝ համատիրությանը վճարած գումարներով իրականացվում են նաեւ տանիքների, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի ներքին ցանցերի վերանորոգումների, ապակեպատման, ջերմամեկուսացման, աստիճանավանդակների բազրիքների եւ նրանց փայտյա դետալների նորոգման կամ նորով փոխարինելու, ինչպես նաեւ մուտքերի եւ շենքի շրջակայքի սանիտարական մաքրման, դեռատիզացիոն եւ դեզինսեկցիոն աշխատանքներ: Պարտադիր նորմերով սահմանված աշխատանքները չկատարելու եւ շենքի շինության սեփականատերերին մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը հաշվետվություն չներկայացնելու համար համատիրության ղեկավարի նկատմամբ նախատեսված են պատժամիջոցներ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 152 եւ 152.1 հոդվածների պահանջներին համապատասխան:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք որ համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով կամ դեպքերում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը կամ օրենքով սահմանված տեղեկանքները սահմանված կարգով կամ ժամկետներում շենքի սեփականատերերին չտրամադրելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: