Նախորդ տարին արտաքին քաղաքականության համար մարտահրավերներով բավականին լի էր: 2016-ի ամփոփիչ ասուլիսն այսպես սկսեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ապա շարունակեց. «Մենք բախվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային եւ, դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին: Մեր կողմից ծավալուն քայլեր ձեռնարկվեցին Բաքվի նոր արկածախնդրության փորձերը կասեցնելու եւ եռանախագահների հետ միասին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու ուղղությամբ: Շարունակվեցին ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցանքների կանխարգելման ուղղությամբ: կարեւոր իրադարձություններից կառանձնացնեի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը եւ 2018-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացնելու մասին որոշման ընդունումը:
2016-ին շարունակվեցին ջանքերն՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը: Հայ-ամերիկյան բարեկամական գործունեության զարգացումը կարեւոր տեղ է զբաղեցրել մեր օրակարգում: Հաջող ընթացք ունեցան Եվրոպական միության հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների 7 փուլերը:
Ուշադրության կենտրոնում էր անմիջական հարեւանի երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ համագործակցության առավել զարգացումը: Շարունակվեցին ընդլայնվել եվրոպական պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները, քայլեր ձեռնարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների հետ ավանդական կապերի զարգացման նպատակով: Հայաստանը գործնական ջանքեր գործադրեց Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, հատկապես Չինաստանի հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Աշխատանքներ տարվեցին Արաբական պետությունների հետ համագործակցության խորացման համար:
Հայաստանը շարունակեց քայլեր ձեռնարկել Ամերիկյան աշխարհամասի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման նպատակով, Աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Շարունակվեց ներգրավվածությունը միջազգային կառույցներում եւ բազմակողմ ձեւաչափերում: Հայաստանն ակտիվ գործունեություն ծավալեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- անցած տարվա ձեռքբերումները ըստ ԱԳՆ-ի ներկայացրեց Էդվարդ Նալբանդյանը:
Ու թեեւ ԱԳ նախարարը 2016-ի կարեւոր ձեռքբերում է համարում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը, այդուհանդերձ, ստիպված ենք հիշեցնել, որ միայն այս տարի է դա հաստատվել, իսկ Հայաստանը դեռեւս ո՚չ պաշտոնական թեկնածու ունի, ոչ էլ նախագահ: