Արցախ գնացել են ու էլի կգնան. Էդվարդ Նալբանդյանը Լապշինի գործը նախադեպային չի համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը համոզված է, որ Բելառուսի կողմից հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը չի կարող նախադեպ դառնալ: Այս մասին նախարարը հայտարարեց 2016թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ: «Ես չգիտեմ, թե ով և ինչ կարող է վաստակել Լապշինի գործից, բայց վստահ եմ, որ դա հեղինակություն ոչ մեկին չի ավելացնի: Այն հակառակ ազդեցություն կարող է գործել նրանց համար, ովքեր խոչընդոտում են մարդկանց հիմնարար ազատություններին կամ իրավունքներին, այն է`ազատ տեղաշարժը, խոսքի ազատությունը:

Դա խայտառակություն է, բայց որոշ դեպքերում այդ խայտառակությունը կազմում է որոշների ինքնության բնորոշիչ մասը»,- ասաց ՀՀ արտգործնախարարը: Նա համոզմունք հայտնեց, որ կատարվածը չի կարող նախադեպ դառնալ կամ լինել խոչընդոտ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: «Ղարաբաղ գնացել են, գնում են և էլի կգնան: Եթե նայենք այն սև ցուցակը, որը կազմել են ադրբեջանցիները, այնտեղ մոտ 500 մարդ կա` պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, մշակույթի հեղինակավոր, համաշխարհային համբավ ունեցող դեմքեր:

Որևէ մեկը կարո՞ղ է Ադրբեջանի հետ համագործակցել այդ հարցով կամ հանձնել իրենց` իհարկե ոչ»,- հայտարարեց նախարարը: Նալբանդյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին շրջանում չնայած Ադրբեջանի վայնասուններին, Լեռնային Ղարաբաղ շարունակում են այցելել զբոսաշրջիկները:

«Ղարաբաղն իսկապես դարձել է ձգող ուժ: Որքան ասում են, որ խոչընդոտում են, այնքան գովազդում են, և բոլորը ցանկանում են գնալ, տեսնել»,­- նշեց արտգործնախարարը:

Պատասխանելով Լապշինի մասին հարցին` Նալբանդյանը եզրափակեց իր պատասխանը հետևյալ կերպ. «Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս, այդ պատճառով էլ նման իրավիճակների մեջ է հայտնվում: Կարծում եմ, որ սա միայն վնաս է հասցնում Ադրբեջանի հեղինակությանը և կհասցնի բոլոր նրանց, ովքեր կփորձեն այսպիսի հարցերում համագործակցել Ադրբեջանի հետ»:

Հիշեցնենք՝ Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15­-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog­ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։




Լրահոս