2016թ. ապրիլի 21-ին ժամկետային զինծառայող` Նորայր Զախարյանը Թալիշի դիրքերը ականապատելուց կորցրել է մի ոտքը՝ մինչև ծունկը:
Նշենք, որ Նորայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 70 հազար հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, սակայն վերջինիս հաշմանդամության կարգը պետք է փոփոխության ենթարկվի: Ըստ բժիշկների պատճառանության` այսպիսի անդամահատությունը երրորդ կարգ է պահանջում:
«Ապրիլի 2-ից Մատաղիսիում և Թալիշում կատարում էինք ականապատման աշխատանքներ, որի ժամանակ, կրակոցներից ուշադրությունս շեղվելով դուրս եմ եկել ականի վրա»,-պատմեց նա:
Ստեփանակերտում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո, նրան ապրիլի 27-ին տեղափոխել են Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ ենթարկվել է երկու վիրահատության:
Նորայրը, թեպետ դժվարությամբ, բայց անկեղծացավ, որ ապրում են ծայրահեղ չքավորության մեջ: Բնակարանը որտեղ ապրում են վթարային է, ընտանիքում ոչ ոք չի աշխատում, չորս միլիոն վարկ ունեն:
Նորայրը նաև նշեց, որ քույրն առաջին կարգի հաշմանդամ է. «Հեսա տաս տարի ա սաղ անասուններն ու վարկը տրամադրել ենք հիվանդանոցին»:
Լիդա Եղիազարյան