Չի բացառվում, որ ԱԺ առաջիկա ընտրություններն անցկացվեն ոչ թե ապրիլի 2-ին, ինչպես արդեն որոշված է, այլ դրանից մի քանի օր անց: «Սիրուն չէ» արարը էլի կրկնվեց:
Ինչպես հայտնի է՝ կուսակցություններից ՀԱԿ-ը, «Համախմբումը», ԲՀԿ-ն անընդունելի են համարել ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի առաջին տարելիցի օրը նշանակելու որոշումը: Ավելին՝ իրենց հայտարարությունների մեջ նրանք նաեւ պնդել են, թե ընտրություններն այդ օրը նշանակելը նաեւ հակասում է Սահմանադրությանը: Մինչեւ վերջերս իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ դեմքի հնարավորինս խորիմաստ արտահայտությամբ փորձում էին համոզել, թե ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը որեւէ խնդիր չէ: «Էդ հարցով ես ընդամենը մի բան եմ ասում՝ կա ընտրական օրենսգիրք, դրան համապատասխան՝ նշանակվել է օր, ընտրական գործընթացներն ընթանում են»,-ասել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` դույզն-ինչ չմտածելով, որ ապրիլյան զոհերի տարելիցի օրը հաղթանակի հրավառություն անելը «սիրուն չէ»:
Եւ ահա երեկ ՀՀԿ խորհրդի եւ ԳՄ նիստում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե ընտրություններին մասնակից բոլոր ուժերը ցանկանան, որ ընտրությունների օրը փոխվի, ապա ինքը կգնա այդ քայլին: «Մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, եւ ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի»,- ասել է նա: Սպասվում է, որ այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իրավական եզրակացություն կտա` ինչպես է հնարավոր փոխել ընտրությունների օրը, որը մինչեւ Սերժ Սարգսյանի ելույթը անհնար էր թվում: Տես՝ էջ 3
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերջին շրջանում ակտիվ քննարկումների մեջ է հայաստանյան խճճված քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերի հետ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ այս օրերին Ս.Դեմիրճյանը հանդիպումներ է ունեցել ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Համախմբում» կուսակցության, «Ելք» դաշինքի ներկայացուցիչների, Գագիկ Ծառուկյանի եւ անգամ Արթուր Բաղդասարյանի հետ: Քննարկումների հիմնական թեման խորհրդարանական ընտրություններն են եղել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» դաշինքում Դեմիրճյանին առաջարկվել է 5-րդ, իսկ Օհանյանի գլխավորությամբ ձեւավորվելիք դաշինքում` 3-րդ հորիզոնականը: Սակայն Ստեփան Դեմիրճյանը այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե որ դաշինքին միանալն է իրեն քաղաքականապես եւ անձնապես ձեռնտու: Հավելենք, որ Դեմիրճյանին իրենց կողքին ցանկանում են տեսնել նաեւ ՀԱԿ-ում, որտեղ նրան առաջարկվել է երկրորդ հորիզոնականը: Սակայն Դեմիրճյանը որեւէ մեկին վերջնական պատասխան չի տվել:
Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ողջ կազմը թեեւ չի որոշվել եւ դերաբաշխումը վերջնականորեն չի արվել, այնուամենայնիվ, քարոզչական մասով հստակությունը կարծես թե ուրվագծվում է: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀԿ-ի մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետականի քարոզչության պատասխանատուն լինելու է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Հիշեցնենք, որ 2013-ի նախագահական ընտրություններում եւս Միքայել Մինասյանը եղել է ՀՀԿ նախընտրական շտաբում` որպես պետի տեղակալ: Ուստի նրա հայտնությունը շտաբում ամենեւին էլ անակնկալ չէ: Պարզապես տարակուսելի է, որ նախորդ տարվա հուլիսյան արյունալի դեպքերից հետո, երբ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավեցին «Սասնա ծռերը», Սերժ Սարգսյանի հրահանգով լրատվական ու քարոզչական աշխատանքներից կտրուկ մեկուսացված Միքայել Մինասյանը կրկին վերադառնում է նույն քարոզչական հարթակ, որտեղից, իբրեւ թե ձախողման համար, հեռացրել էր Սերժ Սարգսյանը:
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից կազմակերպված ապօրինի միգրացիայի երկու աղմկահարույց գործ էր բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կեղծ փաստաթղթերի հիման վրա մուտքի վիզա է տրամադրվել 34 ՀՀ քաղաքացու, որոնք, իբր երգ ու պարի անսամբլի կազմ, մեկնելու էին ԱՄՆ` հյուրախաղերի, իսկ իրականում` մշտական բնակության: Կատարվածը բացահայտվել էր, եւ հարուցվել քրեական գործ: Նկատենք, որ մեկ նմանատիպ գործ էլ հարուցվել էր տուրիստական գործունեության քողի ներքո՝ շուրջ 200 ՀՀ քաղաքացիների կեղծ փաստաթղթերի հիման վրա Շենգենյան երկրների վիզա տալու կապակցությամբ: Բնականաբար, երկու դեպքում էլ վիզա ստանալու համար մարդիկ մի քանի հազար եվրո են վճարել: «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` արդյո՞ք այս գործերում ներգրավված են եղել նաեւ պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, եւ ի՞նչ է մտածում ՀՀ ԱԳՆ-ն: «Ովքեր են եղել, ովքեր չեն եղել, ցույց կտա հետաքննությունը»,- կարճ պատասխանեց նա: Տես՝ էջ 4
ԷԼԻՏ ԴՐԱՅՎ
Վարչապետ Կարեն Կարապետյանը բացառիկ հարցազրույց է տվել «Միր» հեռուստաալիքին, որի ընթացքում անդրադարձել է ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդեւի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, երկրի տնտեսական հեռանկարներին ու անհրաժեշտ բարեփոխումներին: Մի կողմ թողնելով ռուսերենի հրաշալի իմացությունը, որը վերջին տարիներին ՀՀ առնվազն առաջին երեք դեմքերի մոտ այնքան ցցուն կերպով բացակայում էր, չգերագնահատելով զուտ մարդկային շարմն ու այս դեպքում՝ նաեւ «դրայվը», պետք է նկատենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի՝ օտարերկրյա լրատվամիջոցին տված հարցազրույցը բացառապես դրական նստվածք է թողնում:
Երբ լրագրողը հայտարարեց, թե «Հայաստանը, փաստացի, միակ երկիրն է, որը «շատ լուրջ շահել է Եվրազեսին/ ԵՏՄ/-ին միավորվելուց», եւ հետաքրքրվեց, թե դա ինչպես է մեզ հաջողվել, Կարեն Կարապետյանը նախ արձանագրեց. «Հայաստանում շատերը համաձայն չեն այսպիսի պնդման հետ եւ ասում են, որ ԵՏՄ-ն չտվեց այն արդյունքը, որը ակնկալվում էր, եւ նրանք ունեն ու ներկայացնում են մի շարք փաստարկներ ու թվեր»: Այդուհետ՝ Կարապետյանը, իհարկե, խոսեց ԵՏՄ-ի 180 միլիոնանոց շուկայի եւ «հինգի ակումբի» անդամակցության ընձեռած հնարավորությունների մասին, սակայն այդ հանգիստ հակադարձումը ուշագրավ էր: Առավել եւս, երբ հիշում ենք, թե ինչպես էր անցած տարվա օգոստոսին Մոսկվա այցելած Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անվրդով դեմքով լսում ՌԴ նախագահի պնդումներն այն մասին, որ ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ամբողջ 10 տոկոսով՝ առանց ասվածը սրբագրելու փորձ անգամ անելու: «Արեւմտամետ» Սերժ Սարգսյանի եւ «Մոսկվայի մարդ» Կարեն Կարապետյանի կեցվածքների այս տարբերությունն իսկապես ուշագրավ է:
Արձագանքելով «փոփոխությունների սիմվոլ» լինելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության՝ լրագրողի հիշեցմանը՝ Կարապետյանը նկատեց, որ դա իր համար պատասխանատվություն է, եւ պետք է այնպես աշխատել, որ միայն Ս. Սարգսյանն այդպես չմտածի: Իսկ այդ ուղղությամբ անելիքների շարքում Կարեն Կարապետյանն ընդգծեց նաեւ Հայաստանի էլիտայի կերպարը եւ վարքը փոխելու անհրաժեշտությունը. «Էլիտան ինչ-որ առումով հասարակության ֆասադն է, եւ եթե հասարակության մեջ էլիտայի հետ կապված սխալ ըմբռնման որոշակի խնդիրներ կան, ապա այդ էլիտան պետք է փոխվի»,- նշեց Կարապետյանը:
Եվ եթե տակավին երեկ ՀՀԿ առաջին փոխնախագահ ընտրված Կարեն Կարապետյանին իր պաշտոնավարման ընթացքում չհաջողվի այլ հարցերում մեծ փոփոխություն մտցնել, հենց միայն էլիտայի կերպարում նրա ջանքերով արդեն իսկ արված եւ, հուսանք, արվելիք փոփոխություններն արդեն իսկ շատ կարեւոր են: Ի վերջո, Կարեն Կարապետյանի քաղաքապետության օրոք լվացված եւ մաքրված շենքերի ֆասադները մինչ օրս գեղեցկացնում են մայրաքաղաքը: