ՀՀԿ-Ի ՀՆԱԲՆԱԿՆԵՐԻՆ ՆՈՐ ԱԺ-ՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԲԱԽՏ ՉԻ ՎԻՃԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը: Այսօր կանդրադառնանք Հայաստանի Հանրապետական կուսակցության ավագներից Ռազմիկ Զոհրաբյանի, Լեռնիկ Ալեքսանյանի, Համլետ Հարությունյանի եւ Արա Բաբլոյանի գործունեությանը: Նկատելի է, որ նրանք վերջին շրջանում բավականին պասիվ են եւ Սերժ Սարգսյանի հակառակորդներին պատասխանելու բեռը թողել են երիտհանրապետականների ուսերին: Նաեւ այս հանգամանքով պայմանավորված՝ կասկածելի է նրանց հայտնվելը 2017թ. խորհրդարանում:

Ռազմիկ Զոհրաբյանը ՀՀԿ-ի հիմնադիր անդամներից մեկն է, որը խորհրդային շրջանում քանիցս ձերբակալվել է այլախոհական շարժմանը մասնակցելու համար: 2007 թվականից լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Զոհրաբյանը երբեք չի զլացել պաշտպանել իշխանության բարձունքում գտնվողին՝ լինի Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը: Զոհրաբյանը ՀՀԿ խորհրդի անդամ է, ՀՀԿ փոխնախագահ: 2016թ. նոյեմբերին ձեւավորված ՀՀԿ գործադիր մարմնում, սակայն, Ռազմիկ Զոհրաբյանը չի ընդգրկվել, ինչը պատճառաբանվել է առողջական խնդիրներով: 2012-17թթ. խորհրդարանում Զոհրաբյանը այնքան էլ ակտիվ չի եղել, թեպետ որեւիցե անգամ չի բացակայել ԱԺ նիստերից: Պարզվում է, որ Ռազմիկ Զոհրաբյանը կողմ է քվեարկել ԱԺ նիստերի 98.65 տոկոսի ժամանակ, դեմ՝ 0.93 %: Նա ձեռնպահ է եղել միայն 1 անգամ, քվեարկությունից հրաժարվել 3 անգամ: Զոհրաբյանը այդ ժամանակահատվածում որեւէ հարց չի տվել, ինչպես նաեւ ելույթ չի ունեցել ԱԺ ամբիոնից: Դրա հետ մեկտեղ պարտաճանաչորեն կողմ է քվեարկել աղմուկ բարձրացրած ԱԺ օրինագծերին, այդ թվում՝ «ԱԺ կանոնակարգ-օրենք», «1000 դրամների նախագիծ», «Բյուջե 2017», «Ապօրինի հարստացման քրեականացում» եւ այլն:
ՀՀԿ հնաբնակներից Լեռնիկ Ալեքսանյանը պատգամավորական կյանքը վայելել է 1998 թվականից՝ կարճ ընդհատումներով: Եղել է Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքից եւ հաջողությամբ կողմնորոշվել իշխանության գագաթին տիրակալած Քոչարյան-Սարգսյան հերթագայություններում: Ի դեպ, վերջին օրերին նա հատուկ ակտիվություն է ցուցաբերում՝ հավանաբար ցանկանալով Սերժ Սարգսյանին թույլ չտալ, որ մոռանա իր մասին: Ի վերջո, Սարգսյանն էլ է հասկանում, որ ՀՀԿ-ի ավագներից միանգամից հրաժարվելը այնքան էլ լավ չի դիտվելու: Հատկանշական է, որ խորհրդարանում Ալեքսանյանն անհամեմատ ավելի ակտիվ է եղել իր վերոնշյալ գործընկերոջից: Այսպես՝ 5-րդ գումարման ԱԺ-ի նիստերին նա կողմ է քվեարկել 636 անգամ, դեմ 2, իսկ ձեռնպահ լոկ 1 անգամ: Քվեարկությունից հրաժարվելով 4 անգամ՝ Ալեքսանյանը 5 տարվա ընթացքում բացակայել է միայն 2 նիստից: Այս տարիների ընթացքում նա ԱԺ ամբիոնին է մոտեցել 7, հարցապնդմամբ հանդես եկել 5 անգամ: Ինչպես վայել է իսկական հանրապետականին, Ալեքսանյանը նույնպես կողմ է քվեարկել «ԱԺ կանոնանկարգ-օրենքի» փոփոխություններին, Պնախարար Վիգեն Սարգսյանի «1000 դրամների» նախագծին, Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեին եւ այլն:
Իր սպեցիֆիկ մականվամբ հայտնի Համլետ Հարությունյանը ԱԺ պատգամավոր է 1999թ-ից՝ ընտրվելով «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքի համամասնական ցուցակով: Հիշեցնենք, որ այդ դաշինքը կազմել էին Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը եւ Արտաշես Գեղամյանի ԱՄ-ը: Ի դեպ, վերջիններս այդժամ հանդես էին գալիս որպես ընդդիմություն եւ այդ կարգավիճակում մնացին մինչեւ 2008թ: Ինչեւէ, Համլետ Հարությունյանը արդեն 2003թ. խորհրդարանում հայտնվեց ՀՀԿ-ի ցուցակով՝ մշտապես պաշտպանելով իր համերկրացիներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Պատկերացում կազմելու համար ՀՀԿ-ական պատգամավորի քաղաքական հայացքների մասին՝ հարկ է հիշել նրա հայտարարությունը՝ կապված ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հնչեցրած այն պնդման հետ, թե հայկական ուժերը կռվում են «80-ականների զենքով»: Ըստ Հարությունյանի՝ ռուսները մեզ խաբել էին եւ նոր ու որակով զենքի փոխարեն վաճառել էին հինն ու անորակը: Եվ ահա նման մտայնությամբ էլ Հարությունյանը կողմ է քվեարկել ԱԺ 853 նիստերի ժամանակ, դեմ 5 անգամ եւ ոչ մի անգամ ձեռնպահ: Հրաժարվել է քվեարկությունից 64, բացակայել 42 անգամ: 5 տարվա ընթացքում Հարությունյանը ԱԺ ամբիոնից խոսել է միայն մեկ անգամ՝ առանց հարցապնդումների հանդես գալով:
Մասնագիտությամբ բժիշկ Արա Բաբլոյանի պետական կարիերան ծաղկել է 1991 թվականից, երբ նա զբաղեցրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը: 2007թ. Բաբլոյանը պատգամավոր է ընտրվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով եւ այժմ էլ զբաղեցնում է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Բաբլոյանը քանիցս փորձել է կրկին բազմել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնին, սակայն ապարդյուն: 5-րդ գումարման ԱԺ-ում Բաբլոյանը նույնպես փայլել է ՀՀԿ-ականի «տաղանդով»՝ կողմ քվեարկելով 861 անգամ, դեմ 9, ձեռնապահ 1: 45 անգամ հրաժարվելով քվեարկություններին մասնակցելուց՝ Բաբլոյանը բացակայել է 47 նիստից: Այս ընթացքում հարցապնդմամբ հանդես է եկել միայն մեկ անգամ, իսկ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել 5 անգամ:
Այսպիսով՝ վերոհիշյալ չորս գործիչների պատգամավորական «օրերը» կարծես թե մոտենում են ավարտին: Ռազմիկ Զոհրաբյանն ու Լեռնիկ Ալեքսանյանը հավանաբար կտուժեն ՀՀԿ-ի երիտասարդացման ծրագրի շրջանակներում: Ինչ վերաբերում է արցախցի Համլետ Հարությունյանին, ապա նրա ապագան շարունակում է խաթարված մնալ «ամենայն հայոց իդեոլոգ եւ ծովագնաց» Զորի Բալայանի հետ ունեցած գժտության պատճառով: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ բախումն էլ պատճառ դարձավ, որ Համլետ Հարությունյանը զրկվի «Արցախ» հայրենակցական բարեգործական միությունից, որը բաժին հասավ Վարուժան Գրիգորյանին՝ իշխանության արցախյան թեւի ֆինանսական մատակարարներից մեկին: Արա Բաբլոյանը նույնպես հաշտվել է թոշակի գնալու մտքի հետ, թեպետ ցանկանում է իր մանդատը կտակել որդուն, որը կառաջադրվի Արաբկիրում՝ հոր սրբազան տեղը ԱԺ-ում որեւէ մեկին չզիջելու վճռականությամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԹԱՆԱՀԱՏՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԻՆՉՊԵՍ ԱՄԱՆՈՐԻՆ

ՀՀ Սյունիքի մարզի 40 ընտրող ունեցող սահմանամերձ Թանահատը գտնվում է ծովի մակերեւույթից 1920 մ բարձր: Գյուղը լեռնային է, իսկ ձմռան ամիսները ցրտաշունչ են ու երկարատեւ: Գյուղը գազաֆիկացված չէ, այս պատճառով մարդիկ իրենց տները ջեռուցում են գոմաղբով կամ փայտով, որն էլ հայթայթում են հարեւան անտառներից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղում դպրոց չկա, իսկ աշակերտների թիվը 9-ն է, որոնք հաճախում են հարեւան՝ Աշոտավան գյուղի դպրոց: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանի հետ:
-Պարո՛ն Օհանյան, թանահատցիները ինչպե՞ս են պատրաստվում խորհրդարանական ընտրություններին:
-Ինչքան վատ հարց կա, տալիս եք: Որ ասեմ՝ Նոր տարվա պես, կհավատա՞ք: Տոնական են տրամադրված (ծիծաղում է-Ս.Հ.)…
-Այսինքն՝ իրենց համար խորհրդարանական ընտրությունները տոներին հավասար են:
-Մի ֆիլմ կա, որտեղ հերոսն ասում է՝ ամեն քննություն իր համար տոն է, դրա համար էլ վարդ է ամրացրել կրծքին: Հիմա մեր մոտ է այդ իրավիճակը: Դե, ժողովուրդ են, էլի, զրուցում են, քննարկում, դնում-վերցնում: Անկախ իրենցից, խորհրդարանական ընտրությունները վաղուց են քննարկում: Ամենքը իր կարծիքն ունի, տեսակետն է հայտնում, նաեւ վիճում են ինչ-որ հարցի շուրջ: Մի մասը լուրջ են ընդունել բարեփոխումների մասին խոստումները, մյուս մասը՝ ոչ, իսկ մի մասն էլ լիահույս սպասում է: Ես Ձեզ մի բան ասեմ. 63 տարեկան եմ, գյուղում ինչքան ընտրություն տեղի է ունեցել, մասնակցել եմ, բայց գյուղերում երբեք ուրիշ տեսակի ընտրություն չի լինում: Ընտրախախտումները բացառվում են: Բայց այս ընթացքում ոչ մի շարժ չկա:
-Պարո՛ն Օհանյան, Դուք ՀՀԿ-ակա՞ն եք…
-Ես Ձեր փոխարեն այդ հարցը չէի տա:
-ՀՀԿ-ական եք…
-Կյանքի դրվածքն է այդպես: Կյանքում բաներ կա, թեկուզ պետության մեջ, ընտանիքում… եթե մարդիկ ղեկավար են, ապա պետք է իշխանությանը, կառավարությանը պաշտպանեն: Ո՞նց կլինի հոսանքին հակառակ քայլել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ԸՆՏՐԵԼ
Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հունվարի 17-ին եւ 24-ին նախատեսված մրցույթները չեն կայացել, քանի որ դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից հունվարի 17-ի մրցույթին մասնակցել է 5, իսկ հունվարի 24-ի մրցույթին՝ 4 անդամ: Մինչդեռ մրցույթը կայացած է համարվում, եթե դրան մասնակցել է դպրոցի կառավարման խորհրդի առնվազն 6 անդամ: Տնօրենի պաշտոնի հավակնորդները 3-ն էին՝ Խաշթառակի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գերասիմ Թիրաբյանը, Իջեւանի ավագ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Սամվել Սիմոնյանը եւ կրթության ազգային ինստիտուտի աշխատակից Ռուզաննա Մովսիսյանը: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից հայտնեցին, որ Խաշթառակի դպրոցի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվելու:

 

 

 

ԹՄՐԱՄՈԼ ԵՎ ԲՌՆԱՐԱՐ
Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի 24-ամյա բնակիչ Ս. Ե.-ի կինը թմրանյութ օգտագործած ամուսնու կողմից ծեծի ենթարկվելուց հետո ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացրել իրենց տանը գտնվող թմրանյութը: Իրավապահներից ստացած տեղեկություններով՝ կինն ուղարկվել է դատաբժշկի մոտ հետազոտության, որի արդյունքում պարզվել է, որ նա ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ: Ուշագրավ է, որ նա թեթեւ մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իր բողոքը դեպքից 10 օր հետո չի պնդել, ուստի օրենքի համաձայն՝ այդ դրվագով քրեական գործ չի հարուցվել: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): Սույն հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքով կամ առավելագույնը մեկ տարի կալանքով: Այդ ընտանիքը Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում վարձով էր բնակվում: Նշված դեպքից հետո ամուսինները մի քանի օր առանձին են ապրել, ապա միացել: Թերեւս դրանով է պայմանավորված, որ ծեծի վերաբերյալ ամուսնու դեմ բողոքը կինը հետ է վերցրել: Ներկայումս ընտանիքը փոխել է բնակության վայրը, նոր տուն վարձակալել: Ամուսինները 3 տարեկան աղջիկ ունեն: Նշենք, որ կնոջը ծեծի ենթարկած երիտասարդը 2016թ. հուլիսին, մեկ տարի ժամանակով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, նույն թվականի հոկտեմբերին ոչ սթափ վիճակում, 0.633 մգ/լ աստիճանի հարբածությամբ, տրանսպորտային միջոց է վարել: Այդ կապակցությամբ (ոչ սթափ լինելու) կայացած դատավարութան սկզբում Ս. Ե.-ն դատարանին միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ ասելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է: 2016թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ս. Ե.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 350 հազար դրամի չափով տուգանքի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս