ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կյանքը տարեցտարի թանկանում է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ անցած տարվա դեկտեմբերին, 2015 եւ 2014 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում բժշկական եւ կրթական ծառայությունները բավականին թանկացել են:

Օրինակ՝ 2014 թվականի դեկտեմբերին Երեւանում միջնակարգ դպրոցի ուսման ամսական վարձը կազմել է 44 հազար 880, 2015 թվականին՝ 48 հազար 330, իսկ, ահա, 2016 թվականին՝ 49 հազար 320 դրամ: Տարեցտարի Հայաստանում թանկանում է նաեւ նախադպրոցական կրթությունը. այսպես՝ 2014-ին մանկապարտեզի ամսական վարձը կազմել է 6360 դրամ, 2015-ին՝ 6760 դրամ, իսկ 2016-ի դեկտեմբերին՝ 6830 դրամ: Նշենք, որ վերջին տարիների ընթացքում բարձրացել են նաեւ բարձրագույն կրթության՝ բակալավրիատի վարձավճարները: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2014 թվականին Երեւանում բակալավրիատի ուսման կիսամյակի վարձը կազմել է 236 հազար 400 դրամ, 2015-ին՝ 236 հազար 881 դրամ, իսկ 2016-ին՝ 250 հազար դրամ:
Ըստ փորձագետների՝ ուսման վարձերի թանկացման հիմնական պատճառը Հայաստանում դպրոցների շրջանավարտների եւ բուհ ընդունվող երիտասարդների թվի նվազումն է: Ակնհայտ է, որ այս փաստը պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված արտագաղթի մեծ տեմպերով:
Բացի կրթական ծառայություններից՝ վերջին տարիներին Հայաստանում թանկացել են նաեւ բուժծառայությունները: Ատամնաբուժական մեկ ծառայությունը Երեւանում 2014 թվականին արժեցել է 6120 դրամ, 2015-ին՝ 6800, իսկ 2016-ին՝ 6550 դրամ: Ինչպես հայտնի է՝ ստոմատոլոգիան այն ոլորտն է, որտեղ վերջին տարիներին ծառայությունների գները վերանայվում են, իսկ ատամնաբուժական ծառայությունները Հայաստանի բնակչության մեծ մասի համար վերածվում են թանկարժեք հաճույքի: Սակայն ստոմատոլոգներն իրենց բացատրությունն ունեն ատամնաբուժական ծառայությունների թանկացման հարցում: Ըստ այդմ, քանի որ ատամնաբուժական սարքերն ու նյութերը ներմուծվում են հիմնականում Եվրոպայից ու ԱՄՆ-ից, դոլարի ու եվրոյի փոխարժեքի տատանումները նույնպես անդրադառնում են դրանց դրամային արժեքի վրա:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքների մեկ ծառայությունը 2014 թվականին կազմել է 175 հազար 560 դրամ, 2015-ին՝ 186 հազար 770 դրամ, 2016-ին՝ 201 հազար դրամ: Որպես օրինակ նշենք, որ Հայաստանում վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել: Սակայն չնայած հիվանդացության աճին՝ Հայաստանում սրտաբանական ծառայությունները ոչ բոլորին են հասանելի, սրտի վիրահատությունների գները բնակչության եկամուտների համեմատությամբ շատ բարձր են: Սրտի վիրահատության ենթարկվելու համար շատ հաճախ մարդիկ ստիպված են սեփական ունեցվածքը վաճառել: Ինչեւէ: Եթե Հայաստանում կրթության եւ բուժծառայության գները շարունակեն բարձրանալ, մարդիկ կհայտնվեն սոցիալ-տնտեսական անելանելի իրավիճակում: Հայաստանում, որտեղ պաշտոնապես աղքատ է համարվում բնակչության մեկ երրորդը, այս կարեւորագույն ոլորտներում արձանագրված գնաճը, ըստ մասնագետների, կարող է արդեն սոցիալական բունտի նախապայման դառնալ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳԻՆ
Այսուհետ նոտարական որոշակի ծառայություններ սոցիալական մի շարք խմբերի համար կմատուցվեն նվազագույն սակագնով: Ինչպես ՀՀ կառավարության երեկվա նիստում նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, սահմանված վճարների նվազագույն սակագինը կգործի անապահով ընտանիքների անդամների, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի եւ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար: Նախարարը, ներկայացնելով ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 26-ի N 733-ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, նշեց, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքով, որով ընդլայնվել է նոտարական գործողությունների եւ ծառայությունների շրջանակը:
Մասնավորապես, այժմ նոտարը, ի թիվս այլ ծառայությունների, իրավասու է հավաստել կտակակատարի լիազորությունները եւ տալ վկայագիր, հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, տալ կատարողական մակագրության թերթ եւ այլն:

 

 

 

ԿՆՎԱԶԵՑՎԻ՞ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ
Երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց քննարկել 2010 թվականին սահմանված «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը: «Պետք է բարձրացնել ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը եւ նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը պետք է քննարկել նաեւ Կենտրոնական բանկի հետ»,-նշեց Կարեն Կարապետյանը:

 

 

ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
ՀՀ կառավարությունը հաստատել է 2017թ. ընտանեկան, սոցիալական նպաստների, արտահերթ օգնության եւ մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի չափերը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ընդունված որոշմամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստների բազային չափերը կկազմեն 18 հազար դրամ: «Հաստատվում են նաեւ միանվագ օգնությունների չափերը՝ երեխայի ծննդի համար՝ 50 հազար դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50 հազար դրամ»,-ներկայացրել է Ա. Ասատրյանը: Հավելենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստի չափը կրկին կկազմի 18 հազար դրամ:




Լրահոս