«ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՆԵՐԴՐՈՒՄ ԱՆԵԼ ՈՉ ՓՈՂԱԲԵՐ ՈԼՈՐՏՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է քանդակագործ Տարիել Հակոբյանի հետ: Նա անդրադարձել է իր ոլորտի հանդեպ պետական ուշադրության պակասին, խոսել է հովանավորների բացակայության մասին: Մենք հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչ ակնկալիքներ ունի քանդակագործը ՀՀ մշակույթի նախարարից, հարցրել ենք` Երեւանում ինչպիսի քանդակների պակաս է նա տեսնում: Պարոն Հակոբյանը մեր զրույցի ընթացքում շեշտել է նաեւ, որ ստեղծագործական միությունների մասին օրենք ընդունելու կարիք կա:

-Պարո՛ն Հակոբյան, հիմա Ձեր ձեռքի տակ պետական պատվերներ ունե՞ք:
-Ո՛չ, չունեմ:
-Ի՞նչն է պատճառը:
-Խոստումներ կան, պատվերները չկան: Օրինակ` Գյումրու հետ կապված կարեւոր գործեր կային, որ կիսատ թողեցինք: Քաղաքապետարանից խոստացել էին, որ Պուշկինի արձանն են Գյումրիում կանգնեցնելու, հեղինակը ես պետք է լինեի, բայց այդ ծրագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց` ֆինանսական եւ այլ գործոններից ելնելով: Իսկ, առհասարակ, պետական այրերն ուզում են, որ քանդակը նվեր տաս քաղաքին, չեն ուզում փող ծախսեն: Որոշ քանդակագործներ խաբում են, ասում են, որ նվեր կանեն, հետո, երբ որ արձանը տանում, տեղադրում են, փող են ուզում: Բայց ես այդ ստախոսների նման գործել չեմ կարող:
-Մեր մշակույթի նախարարից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ես ոչ մի պետական պաշտոնյայից ոչ մի ակնկալիք չունեմ, մի քիչ վարչապետի հետ կապված հույսեր ունեմ ու վերջ: Մշակույթի նախարարը հենց մտավ այս ոլորտ, սկսեց փոփոխություններ նախաձեռնել գրականության, երաժշտության ասպարեզներում, այսինքն՝ այնտեղ, որտեղից փող է գալիս: Այնինչ՝ նկարիչների միությունում կարեւոր, շրջադարձային ցուցահանդեսներ են կազմակերպվում, պետությունը ոչ մի պատվեր արվեստագետներին չի տալիս, ամեն բան մնում է վերջիններիս նախաձեռնության հույսին: ՀՀ անկախության 25-ամյակը նշվեց, շատ ավելի վաղ, օրինակ` Հայ գրատպության 500-ամյակն էր նշվել, բա չարժի՞ նման առիթներով 10, 20 նկար, քանդակ պատվիրել արվեստագետներին: Բա որ հանկարծ նրանք բունտ անեն, իրենց նախաձեռնությամբ ոչինչ չներկայացնեն, ու այդ ցուցահանդեսները չկայանան…
-Պարո՛ն Հակոբյան, քանդակագործի աչքով մայրաքաղաքին նայելու դեպքում ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
-Այսօր քաղաքը լցվել է լավ ու վատ քանդակներով, ինչ-որ գիպսե մարդուկներով… Գեղարվեստական խորհուրդ չկա, որ դրա անդամները որոշեն` որ քանդակն է արժանի քաղաքում տեղադրվելուն, որը` ոչ: Պատվիրատուն փողը տալիս, ինչ ուզում, դնում են: Օրինակ` ինչի՞ նման է «Երեք դուդուկահարներ» խմբակային քանդակը, անճոռնի բան է, կամ Ռադիոյի տան մոտ վերջերս տեղադրված արձանը` ծուռ-մուռ երկաթե կտորների հավաքածուն: Կարծում եմ` ստեղծագործական միությունների մասին օրենք ընդունելու կարիք կա: Դրա արդյունքում կստեղծվեն գեղարվեստական խորհուրդներ, պետական բյուջեից քանդակագործությանը, նկարչությանը պարտավոր կլինեն գումար հատկացնել: Հիմա մշակույթի նախարարի քմահաճույքով է որոշվում` փող հատկացնել, թե ոչ, ոչ մի պարտավորություն չկա: Իսկ իրեն ձեռնտու չի փող հատկացնի, փոխարենը նա ներդրում է կատարում այնպիսի ոլորտներում, որոնք, ինչպես նշեցի, փողաբեր են, որտեղ ներդրում կատարելու պարագայում գումարդ վերադառնում է քեզ:
-Դուք Երեւանում ինչպիսի՞ քանդակի պակաս եք տեսնում:
-Մեր մեծերի քանդակների պակասը կա, մարդկանց, որոնց միջոցով աշխարհը ճանաչել է հային, կամ որոնք մեծ ներդրում են ունեցել հայի պատիվը պահելու գործում: Ես ժամանակին ուզում էի, օրինակ, նախաձեռնել Խորեն Աբրահամյանի արձանը ստեղծել, բայց հովանավորներ այդպես էլ չգտնվեցին: Այնինչ՝ սերունդներին մեր մեծերի մասին հիշեցնելու կարիք կա: Սա է կարեւորը:

 

 

 

 
«ՄԻԱՅՆԱԿ ԳԱՅԼԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԵՐ ՄԵՋ ՔԻՉ ԼԻՆԵՆ»

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վերջերս հայտարարեց, որ անդամագրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը` պատճառաբանելով, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաեւ քաղաքական պատասխանատվություն կրի: Այս տեղեկությունն արդեն բուռն կերպով քննարկվում է հայ հանրության, մասնավորապես մշակույթի ոլորտի գործիչների կողմից: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նրանցից մի քանիսի հետ:

Արձակագիր, 1998-2003թ.թ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, դաշնակցական Ռոլանդ Շառոյանը, օրինակ, Ա. Ամիրյանի կուսակցական դառնալուն դրական է վերաբերվում. «Դա Ամիրյանի անձնական տեսակետն է: Նա նախընտրել է կուսակցության ճանապարհով մշակութային քաղաքականություն իրականացնել մեր երկրում: Դրա մեջ նույնիսկ լավ բան եմ տեսնում. միայնակ գայլերը պետք է մեր մեջ քիչ լինեն»,-ասաց նա:
Իսկ ահա երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը հակառակ կարծիքին է. «Ինձ թվում է` մշակույթի նախարարը կարող էր ոչ մի կուսակցության անդամ էլ չլինել: Դա երեւի այն միակ ասպարեզն է, որ պետք է ապակուսականացված լինի, ուրիշ ճանապարհ չկա: Մշակո՞ւյթն ինչու են ուզում քաղաքականացնել, կուսակցականացնել, չեմ հասկանում: Կարծում եմ` նախարարի կուսակցական դառնալու հանգամանքը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ. ես այդպես եմ ընկալում»,-նշեց մեր զրուցակիցը:
Դրամատուրգ, ռեժիսոր Վահրամ Սահակյանն էլ չեզոք է վերաբերվում Ա. Ամիրյանի կուսակցական դառնալուն. «Նախարարը չի կարող որեւէ կուսակցության պատկանել-չպատկանելով վատ օրինակ ցույց տալ: Մարդ կա` երդվյալ անկուսակցական է, մարդ էլ կա` ամբողջ կյանքում մի կուսակցությունից մյուսն է տեղափոխվում. կարծում եմ` այս վերջին տեսակն է, որ ծիծաղելի է եւ որպես օրինակ` վատը»,- եզրափակեց Վ. Սահակյանը:
Հիշեցնենք, որ նոր կառավարության ձեւավորումից հետո, երբ մի շարք պաշտոնյաներ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում գրեցին, Արմեն Ամիրյանը նրանց չմիացավ: Ավելի վաղ էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախարարը, անդրադառնալով ՀՀԿ-ին անդամագրվելու թեմային, ասել էր. «Դեռ չգիտեմ, մտածելու ժամանակ ունեմ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԵՌԱՑԵԼ Է ԹԱՏՐՈՆԻՑ
«Տասը տարի աշխատելուց հետո դուրս եմ եկել Կամերային երաժշտական պետական թատրոնից»,-հայտնել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը` Bravo.am-ի հետ զրույցում: Նա ներողություն է խնդրել հանդիսատեսից, որը հետեւում էր իր խաղին, ապա հավելել. «Թատրոնի ներկա ղեկավարությանը պետք են միայն հլու կատարողներ, որոնց թվում իմ էությամբ չեմ դասվում: Այլեւս չկա այն թատրոնը, չկա իմ սիրելի ղեկավար Դավիթ Հակոբյանը: Կարծում եմ` թատրոնի ճակատագրի վերաբերյալ իմ մտահոգությունները դեռ կհայտնեմ: Բայց սա չի նշանակում, որ որեւէ թատրոնում էլ չեմ լինելու: Անկասկած, կլինեն դերեր, եւ արդեն կան առաջարկներ»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը ավելի վաղ գրել էր նույն թատրոնի աշխատակիցներից ոմանց դժգոհությունների մասին:

 

 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը բաժանվել է ամուսնուց` ֆրանսիական ծագում ունեցող լրագրող Ռոմեն Դորիակից: Այդ մասին հայտնել է CNN-ը: Յոհանսոնին առանց ամուսնական մատանու տեսել են հունվարի 21-ին, Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կանանց երթի ընթացքում: Դերասանուհու ներկայացուցիչները բաժանության վերաբերյալ որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել:
Հիշեցնենք, որ զույգի պսակադրությունը կայացել էր 2014 թվականի մարտին, ամերիկյան Մոնտանա նահանգում: Յոհանսոնն ու Դորիակն ունեն դուստր:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Ամերիկացի դերասան Շայա Լաբաֆը ձերբակալվել է Նյու Յորքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ անցկացվող ցույցի ժամանակ։ TMZ-ը տեղեկացնում է, որ Լաբաֆը ձերբակալվել է Քուինս թաղամասում, որտեղ Թրամփի երդմնակալությունից հետո դերասանը սկսել է «Նա չի բաժանի մեզ» նախագիծը:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ ինչ-որ տղամարդ սկսել է խոսել տեսախցիկի ուղղությամբ, դա դուր չի եկել Լաբաֆին, արդյունքում ընդհարում է տեղի ունեցել: Եվ չնայած Լաբաֆը ձերբակալվել է, նրա աջակիցները շարունակում են ակցիան:




Լրահոս