Նպաստները չտալու պատճառով մարդկանց տների գազն ու լույսն են անջատում. ահազանգ Լոռու մարզից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունվար ամսվա նպաստները մինչ այսօր վճարված չեն, ինչի հետևանքով հազարավոր քաղաքացիներ այսօր վաղ առավոտից փաստի առաջ են կանգնել՝ կոմունալները վճարել է պետք, իսկ գումար չունեն: Այս ամենի վրա, թերևս, թքած ունեն էլցանցերի ու գազի գրասենյակների ղեկավարությունները, ովքեր չփորձելով մտնել բնակիչների դրության մեջ՝ առավոտից զանգահարում են բոլորին ու սպառնում՝ վճարել, հակառակ դեպքում կանջատեն թե′ գազը, թե′ հոսանքը:

Ու սա այն դեպքում, երբ հարյուրավոր ընտանիքներ ձմռան այս ցրտին բնակարանները ջեռուցում են էլեկտրական սալօջախներով կամ գազի վառարաններով, իսկ վճարումներն էլ ամեն ամիս իրականացնում նպաստն ստանալուն պես:

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ նպաստների ուշացման պատճառը պայմանավորված է հունվար ամսվա՝ աշխատանքային օրերը ուշ սկսելու և նպաստների չափերը հաստատելու հետ: Հայտնեցին նաև, որ նպաստները հավանաբար կսկսեն բաժանել վաղվանից:

Սոցիալապես ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքները դռնեդուռ ընկած գումար են փնտրում՝ կումունալները վճարելու համար, հակառակ դեպքում տեսուչները գիշերն արդեն անջատելու են գազն ու լույսը: Սա էլ այն դեպքում, երբ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Վանաձորի շատ ընտանիքներում մանկահասակ երեխաներ կան, որոնց համար սառնամանիքում մեկ գիշեր անցկացնելն անգամ կարող է ճակատագրական դառնալ:

Բնակիչների խոսքով՝ նման դեպքերում համապատասխան գերատեսչությունները պարտավոր են համապատասխան հանձնարարականներ իջեցնել տարածքային գրասենյակների ղեկավարներին՝ հորդորելով սպասել մինչև նպաստների բաժանելը:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս