ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ ՀՀ արդարադատության նախարարությունը ՌԴ գործընկերների հետ բանակցելու կարողություն չի դրսևորում. Հրաչյա Հարությունյանի տեղափոխման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի մասով սայլը դեռեւս տեղից չի շարժվում: Ինչպես հայտնի է՝ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում «Կամազ» մակնիշի բեռնատարը եւ ուղեւորատար ավտոբուսը բախվել էին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: Դեպքը անհասկանալի ագրեսիա առաջացրեց մեր ռազմավարական գործընկեր երկրում, որի արդյունքում հայ վարորդին դատարան բերեցին ծաղկավոր խալաթով՝ պատճառաբանելով, թե այլ հարմար հագուստ չի եղել:

Եւ, ահա, 2014 թվականին Ռուսաստանի Դաշնության դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտեց 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Հենց դատավճռի հրապարակումից հետո բարձրաձայնվեց վարորդ Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը, սակայն շուրջ 3,5 տարի է, ինչ չեն կարողանում նրան Հայաստան տեղափոխել:

«Ժողովուրդ» օրաթերթը հերթական անգամ դիմեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «2017 թվականի հունվարի 25-ի 0214-45F4-01FA թվակիր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դատապարտյալների փոխանցումն իրականացվում է Դատապարտյալների փոխանցման մասին 1983թ. Եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով: Նշված կոնվենցիան նախատեսում է ինչպես դատապարտող (Ռուսաստանի Դաշնության), այնպես էլ պատիժը կատարող պետության (Հայաստանի Հանրապետության) հնարավորությունը՝ իրականացնելու դատապարտյալի փոխանցումը վերջինիս քաղաքացիության երկրում դատապարտող պետության դատարանի սահմանած պատժի մնացած մասը կրելու նպատակով: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ կոնվենցիան կողմերից և ոչ մեկի համար դատապարտյալի փոխանցման պարտավորություն չի նախատեսում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ստացել է ՌԴ տարածքում դատապարտված Հրաչյա Հովսեփի Հարությունյանին ՀՀ-ում պատժի մնացած մասը կրելու նպատակով փոխանցելու մասին վերջինիս կնոջ դիմումը, որին ՀՀ արդարադատության նախարարությունը անմիջապես ընթացք է տվել՝ նախապատրաստելով Կոնվենցիայով նախատեսված բոլոր անհրաժեշտ նյութերը և դեռևս 24.12.2014թ. դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը՝ խնդրելով քննարկել և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել դատապարտյալի փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ի պատասխան ՌԴ արդարադատության նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ քաղաք Մոսկվայի Տրոիցկի շրջանային դատարանի 04.08.2014թ. դատավճռով ճանաչվել է քաղաքացիական հայցվորների հայցային պահանջներ ներկայացնելու իրավունքը, ուստի դատապարտյալի փոխանցմանն առնչվող փաստաթղթերը ՌԴ արդարադատության նախարարությունը կներկայացնի վերջինիս ֆինանսական պարտավորությունները վերջնականապես հստակեցնելուց հետո: Այդուհանդերձ, ՀՀ արդարադատության նախարարությունը պարբերաբար հետամուտ է լինում դատապարտյալի փոխանցման գործընթացն արագացնելու հարցին և այդ նպատակով բազմիցս պաշտոնական գրություններով դիմել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը` խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել դատապարտյալի փոխանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Վերջին հիշեցումը ՌԴ արդարադատության նախարարություն է ուղարկվել 17.01.2017 թվականի E-49 գրությամբ»:

Դե, իհարկե, որեւէ պարտավորություն երկու երկրների միջեւ ստորագրած փաստաթղթում նախատեսված չէ, բայց իրականում եթե ՀՀ արդարադատության նախարարությունը ՌԴ իր գործընկերների հետ բանակցելու կարողություն դրսեւորեր, իրականում հեշտությամբ հնարավոր էր լուծել այս պարզագույն խնդիրը: Ի վերջո, տեղի ունեցածը քաղաքական կամ քրեական հողի վրա կատարված հանցանք չէ, այլ փորձանք, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Բայց ինչպես երեւում է՝ այս պարզ ճշմարտությունը արդարադատության նախարարությունը չի կարողանում բացատրել իր ռուս գործընկերներին: Իսկ պաշտոնական «չոր» գրագրությունները չեն օգնում:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է ՌԴ տարածքում դատապարտված Հրաչյա Հարությունյանին ՀՀ-ում պատժի մնացած մասը կրելու նպատակով փոխանցելու մասին նրա կնոջ դիմումը, որով դեռեւս 2014թ դեկտեմբերի 24-ին դիմել էր Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը՝ խնդրելով քննարկել եւ ՀՀ արդարադատությանը ներկայացնել դատապարտյալի փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Սակայն մինչ օրս այդ փաստաթղթերը չեն ուղարկվել: Հավելենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ՌԴ արդարադատության նախարարություն վերջին հիշեցումը ուղարկել է 2017 հունվարի 17-ին: Այդ դիմումից անցել է 14 օր, սակայն էլի պատասխան չկա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս