Պետական պարտքի աճը վտանգավոր չէ՞. ինչ է մեկնաբանում ֆինանսների նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն իսկ կազմում է 5 մլրդ 934.8 մլն ԱՄՆ դոլար, որից 4 միլիարդ 590 միլիոն 500 հազար դոլարը արտաքին պարտքն է: Այսինքն՝ այդ գումարը Հայաստանի կառավարությունը եւ կենտրոնական բանկը պարտք են միջազգային ֆինանսական կազմակերպություններին, բանկերին եւ այլ երկրների կառավարություններին:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տեղեկանքից։ Ստացվում է, որ տարեսկզբի համեմատ՝ պետական պարտքն աճել է 415.8 մլրդ դրամով կամ 828.7 մլն դոլարով։ Միայն դեկտեմբերի ընթացքում պետական պարտքը աճել է 185.3 մլրդ դրամով /342.5 մլն դոլարով/:

2016 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում փորձում էր արդարացնել պետական պարտքի աճը՝ նշելով. «Ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ. մենք մեծացրինք արտաքին պարտքը։ Սակայն նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին, եւ երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը եւ երկրի անվտանգությունը: Այն, բնականաբար, չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա»,- հավաստիացրեց Սարգսյանը:

Սակայն ինչպես հայտնի է՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը դեռ կառուցվում է, ու նույնիսկ հայտնի էլ չէ, թե երբ, ի վերջո, այն կավարտվի։ Նույն ելույթի մեջ Սարգսյանը հպարտորեն վստահեցնում էր. «Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»։ Այլ կերպ ասած՝ նա փաստորեն խոստովանեց, որ պետական բյուջեում գումար չի եղել՝ նախատեսված ծախսերը հոգալու համար, եւ ՀՀ կառավարությունն անհրաժեշտ գումարները հայթայթել է՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելով եւ պետական պարտատոմսեր թողարկելով: Ստացվում է, որ ՀՀ-ն ապրում է պարտքով:

Մինչեւ ե՞րբ ենք շարունակելու գոյատեւել՝ աչքներս այս կամ այն միջազգային կառույցի փողերին. այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:

-Պարո՛ն Արամյան, ամսեամիս շարունակում է աճել Հայաստանի պետական պարտքը: Մինչեւ ե՞րբ եւ ու՞ր ենք շարունակելու այսպես:

-Պետական պարտքի աճը վտանգավոր չէ, եթե դա գտնվում է կառավարելիության սահմաններում: Տնտեսագիտական զարգացման թեզն էլ է ասում՝ եթե դու ունես կապիտալի կարիք, բնականաբար, այդ կապիտալի կարիքը պետք է համալրես արտաքին փոխատվությունների միջոցով, որպեսզի կարողանաս կատարել ներդրումներ այնպիսի տեղերում, որտեղ մասնավորը չի կարող:

Դա հիմնականում ենթակառուցվածքներում է լինում, մասնավորը երբեք ճանապարհ չի սարքելու, պետությունն է դա սարքելու: Վտանգավոր է այն, երբ պետությունն անհեթեթ քաղաքականություն է տանում, երբ պարտքը վերցնում է, եւ դա դուրս է գալիս կառավարելիության սահմաններից:

-Անցած երեք տարիներին ՀՀ պետական բյուջեն թերակատարվել է. կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվել հավաքագրել նախատեսված եկամուտները…

-Մենք այդ սցենարով չենք մտել 2017 թվական:

-2016 թվականի նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ 16-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանն իր ելույթում հավաստիացրեց, որ այլեւս անցյալ է դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը:

-Պարոն նախագահի ասածն այլ կերպ պետք է ընդունել. դա այն է, որ մեր տնտեսական աճի ներուժը պետք է տեղափոխվի վարկային մոտեցումից դեպի ուղղակի մասնավոր ներդրումներ:

-Այս կառավարությունը հայտարարում է, որ ակտիվորեն աշխատում է Հայաստանում ներդրումների ծավալներն ավելացնելու եւ այդ կերպ տնտեսության բարելավմանը նպաստելու համար: Դուք, որպես ՀՀ ֆինանսների նախարար, վստա՞հ եք, որ այս տարի ներդրումների նկատելի աճ կունենանք:

-Այո՛, իհարկե:

Վահագն Հակոբյան




Լրահոս