Պաշտոնական անփութությո՞ւն, թե՞ արհեստական խնդիր. ինչո՞ւ են իրականում զինգրքույկներում ուղղումներ արվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների զինգրքույկներում արված, այնուհետեւ անվավեր ճանաչված «մասնակցել է պատերազմական գործողությունների» նշումները մեկնաբանել է պաշտոնական անփութությամբ: «2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի՝ զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետեւ անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա»,- ասված է հայտարարության մեջ:

Ուշադրություն դարձրեք` տեղի է ունեցել պաշտոնական անփութություն, եւ իշխանություններն այդ ամենին իրավական ընթացք տալու փոխարեն լրագրողներին խորհուրդ են տալիս չշահարկել թեման: Մինչդեռ, հիշեցնենք, պաշտոնական անփութությունը համարվում է հանցանք` ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի հատկանիշներով: Եւս մեկ կարեւոր փաստ. իսկ ինչի հետեւանքով է տեղի ունեցել այդ անփութությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրականում բանակի հրամկազմը չգիտի, թե ինչ չափորոշիչներով պատերազմական գործողության մասնակիցներին տարբերակի 2-րդ գծում կանգնածներից: Դրա համար շիլա-շփոթ է դարձել:

Չի բացառվում, որ իշխանություններն այս հարցը արհեստականորեն են սարքել, որպեսզի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մեծ շուքով լուծեն ու զինվորների հաշվին իրենց քարոզարշավը կազմակերպեն: Ի վերջո, պատերազմական գործողություններին մասնակցած զինվորականների համար այնքան էլ մեծ արտոնություններ նախատեսված չեն»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս