«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրվել է դասավանդելու ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում, որը ստեղծվել է անցած տարի։ Այս լուրը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀԿ գործող փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մենք դասավանդելու ենք հրավիրում տվյալ թեմայի լավագույն բանախոսներին, որոնք երեք քաղաքական, ակադեմիական կամ փորձագիտական շրջանակներից են։ Պարոն Թորոսյանը բուռն քաղաքական գործունեությունից հետո անցել է նույնքան բուռն գիտամանկավարժական գործունեության։ Նրա մասնագիտական կարողությունները շատ բարձր են, և ես շատ ուրախ եմ, որ նա թեկուզ այս առիթով այցելել է մեր գրասենյակ»,– ասաց Ա. Աշոտյանը։ Հիշեցնենք, որ 2008թ. աշնանը իշխանությունները Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ նշանակելու պատճառով Տ. Թորոսյանին հանեցին այդ պաշտոնից, իսկ վերջինս հեռացավ ՀՀԿ-ից, որի հիմնադիրներից էր եղել։ Արդյոք այս հանգամանքը խնդիր չի առաջացրել Թորոսյանին այդ դպրոց հրավիրելու հարցում։ «Դա ձեր դիտարկումն է, դուք ձեր հարցադրումներով գնում եք դեպի անցյալ, իսկ մենք գնում ենք դեպի ապագա»,- պատասխանեց Աշոտյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։