Ինչպես արդեն հայտնել ենք` ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել էր հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:
Հիշեցնենք, որ կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել էր գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:
Ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրությամբ:
Սահմանային լարված իրավիճակի և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինիս նշեց, որ այս պահին սահմանային գոտում վիճակը համեմատաբար կայուն է, և պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքում պահել նախաձեռնողական ռազմավարությունը:
«Մենք ունենք մեկ գերեվարված ադրբեջանցի զինվոր: Նրանք իրենց ահաբեկչական քաղաքականությունը իրականացնում են սեփական ժողովրդի նկատմամբ: Հրաժարվում են անգամ իրենց իսկ զինծառայողից: Նրանց պետք են զոհված հերոսներ կամ շիզոֆրենիկներ, ինչպես Սաֆարովն է, որը որևէ վտանգ, կոռումպացված ռեժիմում, չի ներկայացնում: Հիմա հրաժարվել են այդ մարդուց, ասում են իբրև նա ընդհանրապես բանակի շարքերում չի եղել, եկել է քաղաքական ապաստարան խնդրելու: Չգիտես՝ ինչու հայտնվելով մեր սահմանների ներսում»,-ասաց նա:
Ըստ Բաբայանի՝ խնդիրը կայանում է նրանում, որ 2017թ. յուրահատուկ տարի է: Արցախը պետք է տոնի Շուշիի ազատագրման 25-ամյակ, իսկ Ադրբեջանում հակառակն է. նրանք կորցրել են Շուշին. «Նրանք փորձելու են նենգափոխված ներկայացնել, գումարած դրան նաև պրովակացիաներ են կազմակերպում սահմանի երկայնքով: Մենք դրան պատրաստ ենք և սա ևս մեկ անգամ ապացուցեց դա»:
Լիդա Եղիազարյան