1998թ. փետրվարյան հեղաշրջումից մի քանի ամիս անց Հայաստանում սկսվեց չբացահայտված քաղաքական սպանությունների շարքը:
ArmLur.am-ն ընթերցողին է ներկայացնում նոր շարք, որով թարմացնելով շատերի հիշողությունը՝ երեւան կբերվեն բացահայտված համարվող կամ այդպես էլ չբացահայտված աղմկահարույց քաղաքական սպանությունները:
Հայաստանում աղմկահարույց քաղաքական սպանությունների ժամանակագրությունն ակամա տանում է դեպի ոչ վաղ անցյալ՝ 90-ական թվականներ։ Պատերազմող երկիրն ուղղակի ցնցվում էր ոչ միայն աղմկահարույց այդ սպանություններից, այլեւ ամեն օր երեկոյան 8-ից, 10-ից հետո Երեւանում հնչող կրակոցներից։ Ժամանակագրությունից երեւում է, որ 1994 թ. դեկտեմբերի 18-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի սպանությունից հետո, երբ հայտնի «Դրո» գործով նույնքան աղմկահարույց ձերբակալություններ տեղի ունեցան, առնվազն 4 տարի՝ մինչ 1998 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը, հանրապետությունը, կարելի է ասել, խաղաղ էր։
Աղմկահարույց սպանությունները նոր թափով սկսեցին 1998 թվականից, երբ Հայաստանում վարչապետի աթոռն արդեն զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը։ Այդ ժամանակ խորը համոզմունք էր ձեւավորվել թե հանրության, թե շատ պաշտոնյաների մոտ, որ եթե մինչ 1998 թվականի աղմկահարույց սպանությունները ձեռնտու չէին նախկին իշխանությունների վերնախավին, ավելին՝ սպանվել էր նրանցից մեկը՝ ՀՀՇ անդամ, Երեւանի քաղաքապետ, նոր իշխանավորների զինակից Համբարձում Գալստյանը, ապա, գուցե եւ տարօրինակ զուգադիպությամբ, 1998 թվականից հետո բոլոր աղմկահարույց սպանությունները ամրապնդել են Քոչարյանի իշխանությունը։
Որքանով են իրատեսական այդ կարծիքները, մեր օրերում դժվար է հստակ եւ միանշանակ պատասխանել, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ բազում սպանություններ եւ մահափորձեր մինչ օրս բացահայտված չեն, բազում հարցեր անպատասխան են մնացել:
Եվ այսպես, 90-ականների աղմկահարույց սպանությունների մեկնարկը տրվեց հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի՝ բացահայտված համարվող սպանությամբ:
Երկրորդ «զոհը» գլխավոր դատախազի տեղակալ Արամ Կարապետյանն էր: Երկուսն էլ սպանվեցին նույն օրը՝ օգոստոսի 6-ին, նույն տեղում՝ Հենրիկ Խաչատրյանի աշխատասենյակում: Պաշտոնական վարկածը հայտնի է բոլորին. Արամ Կարապետյանը կրակել է գլխավոր դատախազի վրա, իսկ հետո՝ ինքնասպան եղել:
Ցայսօր իշխանամետ մամուլն ու իշխանությանը հավատարիմ «քաղաքական գործիչները» գերադասում էին լռել, շրջանցել 98-ից ի վեր «ի կատար ածված» բոլոր ոճիրները՝ անվերապահ վստահելով սպանություն-ինքնասպանությունների պաշտոնական վարկածներին: Ուսումնասիրելով մամուլի էջերը՝ ArmLur.am-ը պարզեց, որ «լռությունը» վերջին անգամ ճեղքվել է 2002 թվականին, երբ «Իրավունք» թերթի «Հետաքննություն» հավելվածին հարցազրույց էր տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը («Հետաքննություն», 2002թ. հունվար, թիվ 1):
Այս հարցազրույցը, կարելի է ասել, լույս սփռելու փոխարեն, ավելի շատ հարցերի տեղիք է տալիս: Գուրգեն Եղիազարյանը, կարծես, հասարակությանն է ներկայացրել 1998թ. օգոստոսի 6-ին կատարվածի սեփական վարկածը:
- Ոճրագործությունը նախապատրաստվում էր ամիսներ առաջ: 1998թ. ապրիլի 6-ին արդեն Գ. Եղիազարյանը գիտեր, որ կորել է Արամ Կարապետյանի տաբելային զենքը: Ընդ որում, հարցազրույց տվողին քաջ հայտնի էր, որ «նրա կորած «Մակարովը» միշտ սեյֆում էր, չէր օգտագործվում»: Հետեւաբար՝ զենքը «տարել էին» հենց սեյֆից: Հենց դրանով էլ այնուհետեւ պետք է սպանվեին գլխավոր դատախազն ու նրա տեղակալը:
- Արամ Կարապետյանը կրում էր «Բրաունինգ» ատրճանակ, որը միշտ իր մոտ էր: Գուրգեն Եղիազարյանը գիտեր, թե որտեղ էր նա կապում այն՝ ոտքին, եւ պնդում է, որ եթե կրակեր Կարապետյանը, ապա կօգտագործեր հենց «Բրաունինգը»:
- Գ. Եղիազարյանը հերքել է նաեւ Արամ Կարապետյանի՝ խոշոր պարտքեր ունենալու մասին խոսակցությունները:
- ա) դատախազի սպանության օրը փոխված են եղել նրա թիկնապահները.
բ) սուրճ բերող կինը աշխատասենյակ է մտել ոչ թե ընդունարանով, այլ նիստերի փոքր դահլիճից անցել է հանգստի սենյակ, այնուհետեւ հասել է դատախազին: Հայտնի չէ՝ նա փակե՞լ է դռները, թե՞ ոչ:
գ) Պարզ է, որ արդեն բացված դռներով առանց որեւէ խոչընդոտի մարդասպանը մտել է աշխատասենյակ:
դ) Գ. Եղիազարյանը կտրուկ առարկել է Արամ Կարապետյանի ինքնասպանության վարկածին եւ «ականատեսի» համոզվածությամբ պատմել. «Հետնամուտքով դատախազի աշխատասենյակ թափանցած վարձու մարդասպանը նյարդապարալիզացնող գազ է փչել Արամի դեմքին. այդ պարագայում է, որ լեզուն բարձրանում է դեպի քիմքը: Արամն ընկել է: Անհայտ անձնավորությունը մի քանի կրակոցով սպանել է իր աշխատասեղանի մոտից դեպի ընդունարան տանող դուռը վազած Հենրիկին, հետո նորից մոտեցել ու սպանել է Արամին»:
ե) Արամ Կարապետյանի վրա կրակել են լեզվի տակից: Անհնարին է պատկերացնել նման ինքնասպանություն:
Գուրգեն Եղիազարյանը, կարծես, համոզված է եղել, որ տեղի է ունեցել կրկնակի սպանություն, սակայն ինչու այդ ուղղությամբ քննություն չի իրականացվել, դժվար է ասել: Հարկ ենք համարում նշել, որ դեպքից մեկ ժամ անց Ռոբերտ Քոչարյանը «բացահայտել է» հանցագործությունը, որի համաձայն, ինչպես վերը նշվեց, տեղի է ունեցել սպանություն, ապա՝ ինքնասպանություն:
Համենայն դեպս, Գուրգեն Եղիազարյանի խորին համոզվածությունը կասկածի տեղիք է տալիս: «Իմանալ-չհայտնելը» քրեական պատասխանատվություն է ենթադրում: «Իսկ Ձեր այդ ենթադրություններն ինչու՞ ժամանակին չեք ասել ում պետք էր»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ Եղիազարյանն ասել է. «Ի տարբերություն մնացածների, ես ոչ մի հիմք չունեի կասկածելու, օրինակ, Սերժ Սարգսյանին, որովհետեւ, համենայն դեպս, նա էն սպանությունների հետ, ինչի մասին խոսում էր Հենրիկ Խաչատրյանը, ոչ մի կապ չուներ»:
Գուրգեն Եղիազարյանի փոխանցմամբ՝ սպանությունից չորս օր առաջ ինքը հանդիպել է թե′ Արամ Կարապետյանին, թե′ Հենրիկ Խաչատրյանին: Ընդ որում, ՀՀ գլխավոր դատախազի հետ նաեւ «առանձնազրույց է» ունեցել, որի մի մասն ընթացել է Աղվան Հովսեփյանի ներկայությամբ: Ի դեպ, 1998-ի օգոստոսին մամուլում նյութեր են հայտնվել, թե սպանության պահին գլխավոր դատախազի աշխատասենյակում է եղել հենց նույն Աղվան Հովսեփյանը: Լուրերը չեն հերքվել: Բացի դրանից, նույն Աղվան Հովսեփյանն էր զբաղվում գործի հետաքննությամբ, նույն Աղվան Հովսեփյանն էր, որ Հենրիկ Խաչատրյանից հետո նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ:
Ինչեւէ, վերադառնանք «առանձնազրույցին»: Գուրգեն Եղիազարյանը պնդել է, որ Հենրիկ Խաչատրյանը նրան ասել է ինչ-ինչ աղմկահարույց բացահայտումների մասին եւ խոստացել է անուններ տալ, որոնք կցնցեն ողջ հանրապետությունը: Բնական է, Հենրիկ Խաչատրյանն այսօր չի կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել Եղիազարյանի պատմածները: Դա, ըստ երեւույթին, կարող է անել միայն Աղվան Հովսեփյանը: Սակայն որեւէ փաստաթուղթ՝ այս բանավոր «զրույցը» հաստատող, չկա: Ինչու՞: Որովհետեւ սպանությունից անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազի սեյֆից անհետացել են բացահայտումներին վերաբերող նյութեր, փաստաթղթեր: Ո՞վ է տարել, մարդասպա՞նը, որտեղի՞ց գիտեր դրանց գոյության մասին, ո՞վ է նրան ուղղորդել: Եվ վերջապես, ի՞նչ էին ուզում սպանությունից չորս օր առաջ Հենրիկ Խաչատրյանից Գուրգեն Եղիազարյանն ու Աղվան Հովսեփյանը:
Եվ այստեղ տրամաբանական հարցեր են առաջանում՝ Գուգեն Եղիազարյանի խոսքով՝ թիկնազորը դեպքի օրը փոխված է եղել, իսկ ո՞վ է իրավասու եղել նման բան անել: Ո՞վ կարող էր իմանալ, թե որ սեյֆում ինչ է պահպանվում: Եվ վերջապես, ու՞մ սպանություններն էին բացահայտվել, ովքե՞ր սպանվեցին բացահայտումների մասին հայտարարելուց հետո:
Այս հարցերի պատասխանները ArmLur.am-ը կրկին փորձեց ստանալ մամուլի էջերն ուսումնասիրելով:
Այսպես, 1998 թվականին՝ դեպքից մոտ վեց ամիս առաջ, Ա1+-ի եթերում հեռուստադիտողը հարց է ուղղել գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին. «Մինչ երիտասարդ արհեստավարժների գալը Դուք գրեթե չէիք խոսում աղմկահարույց սպանությունների մասին: Եթե իսկապես Դուք չեզոք ու պրոֆեսիոնալ էիք, ինչո՞ւ առաջ այդ հարցերին ուշադրություն չեք դարձրելե:
Ի պատասխան հարցի՝ Հենրիկ Խաչատրյանը վստահեցրել է. «Նախորդ իշխանություններին ոչ ոք չի մեղադրում: Իշխանություն չի փոխվել, փոխվել է հանրապետության նախագահը: Եվ եթե Դուք ասում եք՝ ինչու այն ժամանակ այս գործերը չկային… կներեք՝ այն ժամանակվանից են այս գործերը սկսվել: Սպանությունները, որոնց լավատեղյակ է մեր ամբողջ հասարակությունը, դրանց մասին ես շատ ավելի վաղ եմ խոսել: Այսինքն՝ դեռ այն ժամանակ, երբ ես այս պաշտոնը ստանձնել եմ, ասել եմ, որ պետք է արդյունքի հասնել: Չի կարող ոճրագործություն կատարվել եւ չբացահայտվել՝ անկախ նրանից՝ ով կլինի նախագահը: Բայց իհարկե, շատ բան կախված է ամենաբարձր պաշտոններ զբաղեցնողներից: Նրանք հետեւողական են, որպեսզի անպատժելիության մթնոլորտ չստեղծվի»:
Ապա գլխավոր դատախազը շարունակել է. «…Գործի բացահայտումը լինում է անսպասելի… Շատ հնարավոր է տասը տարի քննություն ընթանա, չբացահայտվի, բայց հանկարծ մի փոքր այլ հանցագործությամբ՝ մի շարք այլ դեպքեր բացահայտվեն»:
Ավաղ, նման բացահայտումների հանրությունն այս տարի ընթացքում ականատես չի եղել:
Հենրիկ Խաչատրյանին ուղղված մյուս հարցերը եւ դրանց պատասխանները նորանոր հարցեր են առաջացնում:
Այսպես, Լաուրա Բարսեղյանը, ով նախկինում աշխատել է Լեւոն Տեր-Պետրոսյանին կից վերահսկողական ծառայությունում, որի ղեկավարն էր Կարապետ Ռուբինյանը, գլխավոր դատախազին ուղիղ եթերում հայտնել է, որ ժամանակին ինքը ներկայացրել է բազմաթիվ փաստեր աղետի գոտուն ուղղված գումարների մսխման մասին: Բայց այդ գործերը Արտավազդ Գեւորգյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Կարապետ Ռուբինյանի ջանքերով փակվել են, փոխարենը պատժել են իրեն՝ Լաուրա Բարսեղյանին:
«Դատախազը չի՞ պատրաստվում ընթացք տալ եւ այդ երեքին պատասխանատվության կանչել»,- հարցրել է Բարսեղյանը:
«Թե աղետի գոտու հետ կապված ում պատասխանատվության կկանչենք, սա հարցի մի կողմն է: Բայց աղետի գոտու հետ կապված հարցադրումներն այդ տեսակետից շատ վաղուց են եղել՝ դեռեւս 90-91 թթ: Այդ ժամանակ ես գլխավոր դատախազի առաջին տեղեկալն էի: Որոշ հանգամանքներ բացահայտվեցին, բայց այդպես էլ իմ դուրս գալուց հետո ընթացքը չլուծվեց: Հիմա մենք որոշ աշխատանքներ կատարում ենք:
Անկեղծ ասած՝ ես ուզում եմ իբրեւ հանրապետության գլխավոր դատախազ՝ մտահոգություն հայտնեմ, որ աղետի գոտու հետ կաված ժամանակին մի պարզ շիլաշփոթ է եղել: Ոչ ոք չի նստել բծախնդիր հաշվապահի նման հաշվարկներ արել՝ ինչ եկավ, ինչքան եկավ: Եվ կոնկրետ մեղադրանք առաջադրելը չափազանց դժվար է, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում ենք: Ազգային ժողովի վերահսկողական բաժինը մեզ իր ուսումնասիրությունների արդյունքներն է ուղարկել վարկերի մսխման վերաբերյալ:
Այսօր վարույթում մի շարք գործեր կան՝ կապված չարաշահումների, հափշտակությունների, պաշտոնական դիրքի չարաշահման հետ: Հայտնի չինական վարկի հետ կապված: Մենք լուրջ խորը աշխատանք ենք տանում, որովհետեւ իրոք այդ ոլորտում չարաշահումներ եղել են: Ճշմարտությունը կոնկրետ է՝ այսօր յուրացման, հափշտակության, պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող Թեթեւ արդյունաբերության նախարար Ռուդոլֆ Թեյմուրազյանի գործն ավարտվել, ուղարկվել է դատարան: Դատարանն իր խոսքը կասի: Բայց ասել, թե մյուս նախարարները…. ներեցեք, ես իրավաբան եմ՝ բռնեցինք՝ բռնեցինք, չբռնեցինք՝ իրավունք չունենք մեղադրել»,- նման երկարաշունչ պատասխան է հնչեցրել հանրապետության գլխավոր մեղադրողը:
Այս խոսքերից մոտ քսան տարի է անցել, սակայն մինչ օրս հայտնի չէ՝ ինչ արդյունք են տվել քննությունները, կոնկրետ ինչ չարաշահումների եւ յուրացումների մասին է հիշատակել գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը:
Տաթեւ Հարությունյան