ՀՀԿ-ից արտահոսքը շարունակվում է: Երեկ հայտնել էինք, որ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանից բացի կուսակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել Արարատի մարզի 13 հանրապետականներ, որոնց թվում են մարզի՝ Մխչյան, Բյուրավան, Նշանավան համայնքների ղեկավարները:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանի հետ` հասկանալու համար՝ ո՞րն է եղել կուսակցությունից դուրս գալու պատճառը. «Այդպես եմ նպատակահարմար գտել: Չեմ ուզում խառնվել քաղաքականության մեջ»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրեն պարտադրել են դուրս գալ կուսակցությունից, նա բացասական պատասխան տվեց:
Ի դեպ, Մխչյանի համայնքապետն արդեն հինգ տարի է, ինչ հանրապետական կուսակցությունից է, իսկ այս պահի դրությամբ վերջինս ցանկություն չունի որևէ կուսակցությանն անդամագրվելու:
Հավելենք, որ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հայտարարեց ՀՀԿ-ն լքելու իր որոշման մասին, ապա դրան հաջորդեցին նրա թիմակիցների հրաժարականները:
Լիդա Եղիազարյան