Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստովանել է, որ «ամենից շատ կցանկանար», որպեսզի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեին: Այս մասին նա ասել է գերմանական Berliner Morgenpost թերթի հարցազրույցում, փոխանցում է Gazeta-ն:
«Գիտե՞ք, թե ով է ամենից շատ ցանկանում, որպեսզի այդ պատժամիջոցները չեղարկվեն: Նախագահ Պորոշենկոն: Սակայն դրանից առաջ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը մեր տարածքից, և այդպիսով Ուկրաինան վերականգնի իր տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը: Պատժամիջոցների վաղաժամ մեղմացումը կարող է ուժգնացնել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ»,-հայտարարել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ պատժամիջոցներն «աշխատում են», իսկ Ռուսաստանը «բարձր գին է վճարում» իր ագրեսիայի համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պորոշենկոն մտադիր է հանրաքվե անցկացնել՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ: