Փաստաբանական համայնքում կրքերը էլի թեժացել են. պալատի գործող ու նախկին նախագահների թիմերը` միմյանց դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբանական համայնքում կրքերը էլի թեժացել են: Փետրվարի 11-ին տեղի են ունենալու փաստաբանական խորհրդի ընտրություններ, որտեղ միմյանց դեմ են պայքարելու պալատի գործող ու նախկին նախագահների թիմերը:
ArmLur.am-ը զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար, խորհրդի անդամի թեկնածու Մելանյա Առուստամյանի հետ:

-Տիկի՛ն Առուստամյան, շուտով ՓՊ խորհրդի ընտրություններն են, եւ գաղտնիք չէ, որ մրցապայքարը Արա Զոհրաբյանի եւ Ռուբեն Սահակյանի համախոհների միջեւ է։ Դուք համարվում եք Արա Զոհրաբյանի համախոհը:

-Գիտեք՝ անձի շուրջ համախմբվելով՝ երկար ճանապարհ չես կարող գնալ։ Այլ բան է, եթե համախմբվում են գաղափարի շուրջ։ Մեր փաստաբաններն ունեն ինչպես պատմական, այնպես էլ սկզբունքային հիշողություն եւ գիտեն համարյա բոլոր թեկնածուներին եւ նրանց կենսագրությունը։

-Դուք խորհրդի անդամ եք եւ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար: Ուզում եք ասել՝ կախվածություն չունե՞ք ՓՊ նախագահից:

-Որպես խորհրդի անդամ ընտրվել եմ փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից: ՓՊ նախագահը չի կարող իմ՝ որպես խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնել: Ինչ վերաբերում է ՀՊԳ ղեկավարի կարգավիճակին, ապա պետք է տեղեկացնեմ, որ ՀՊԳ ղեկավարին նշանակել է ՓՊ խորհուրդը, եւ ՀՊԳ ղեկավարի լիազորությունները կարող է դադարեցնել միայն ՓՊ խորհուրդը: Որպես ՀՊԳ ղեկավար՝ նույնպես ունեմ անկախության երաշխիքներ: Խորհրդի նիստերում ՀՊԳ-ին առնչվող հարցերի դեպքում չեմ մասնակցում քվեարկություններին:

-ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական աղաղակող չարաշահումների մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Ե՞րբ եք իմացել գումարների կորստի մասին։

-Փաստաբանների պալատից գումարների կորստի հիմնավոր կասկածը ծագել է 2014թ. մարտին։ Մի քանի միջադեպեր նախորդեցին։ Օրինակ՝ մի քանի փաստաբանների նկատմամբ անդամավճարներ չվճարելու հիմքով կարգապահական վարույթներ էին հարուցվել։ Այդ օրերին աշխատակիցներից մեկը տեղեկացրել էր ՓՊ նախագահին, որ իր աշխատավարձը չեն փոխանցել։ Բայց փաստաբանների պալատից գումարների կորուստը տեղի է ունեցել 2012-2013 թվականներին: Արա Զոհրաբյանը պալատի նախագահի պաշտոնը ստանձնել է 2013 թվականի հոկտեմբերի 4-ին: Ըստ փաստաթղթերի՝ Արա Զոհրաբյանը 2013թ. հոկտեմբերի 4-ին բավականին մեծ գումարներով է ՀՀ փաստաբանների պալատն ընդունել, բայց ինչպես հետո պարզվեց՝ իրականում 2013թ. հոկտեմբերի 4-ի դրությամբ այդքան գումար պալատը չի ունեցել, ավելին՝ չնչին գումարներ են եղել պալատի դրամարկղում եւ բանկային հաշվին: Քանի որ փաստաբանների պալատը ինտերնետ-բանկ ծրագրով էր հաշիվները կառավարում, 2013թ. հոկտեմբերի 4-ի տվյալները ներկայացված էր գլխավոր հաշվապահի ստորագրությամբ։ Ստացվեց, որ փաստաբանների պալատը ֆինանսական շատ վատ դրության մեջ է։ Պլանավորված էր 2014թ. ապրիլի 22-ին փաստաբանների պալատի նոր շենքի բացումը կազմակերպել, հրավիրված էին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, միայն արտասահմանից 50-ից ավելի գործընկերներ էին հաստատել, որ այցելելու են։ Շենքի բացման կազմակերպչական վիճակից դուրս եկանք մի քանի փաստաբանների եւ ֆրանսիացի բարերար Ռայմոն Եզեգելյանի տրամադրած միջոցների օգնությամբ։

-Ի՞նչ չափի գումարների կորստի մասին է խոսքը։

-ՓՊ-ում երկու ստուգում է իրականացվել։ Առաջին ստուգման ժամանակաշրջանը ընդգրկվել էր միայն 2013թ.։ Պարզվեց, որ մոտ 35 մլն. ՀՀ դրամի կորուստ կա։ Հետո մտածելով, որ սխալ հաշվապահական ձեւակերպումների պատճառով է հավանաբար այդ գումարն առաջացել, երկրորդ ստուգմամբ ստուգման ժամանակաշրջանն ընդգրկվեց նաեւ 2012թ. եւ ամփոփվեց։ ՀՀ փաստաբանների պալատից պակասում էր ավելի քան 97 մլն. ՀՀ դրամ։ Ընդ որում, այս մեծ թիվն արձանագրվել էր գլխավոր հաշվապահի կողմից որոշ գումարներ վերականգնելուց հետո։
Երկու ստուգումների արդյունքները ներկայացվել է փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը։ Խորհրդի որոշման հիման վրա ՓՊ-ն դիմել է դատարան։ Դատարանը դատահաշվապահական փորձաքննություն է նշանակել։

-Արա Զոհրաբյանը նախկինում ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալն էր, ֆինանսական չարաշահումների մասին չգիտե՞ր, չէ՞ր կարող իմանալ ի պաշտոնե։

-Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահի տեղակալ է եղել 2007 թվականից մինչեւ 2013թ., հասարակական հիմունքներով։ Փաստաբանների պալատում աշխատասենյակ չի ունեցել եւ պալատի ֆինանսական փաստաթղթերին հասանելիություն չի ունեցել։

-Ի վերջո, ո՞վ է ֆինանսական չարաշահումների պատասխանատուն, եւ կարո՞ղ է՝ այլ խնդիրներ էլ բացվեն։

-Կարծում եմ՝ քրեական գործով բազմակողմանի օբյեկտիվ եւ լրիվ քննություն կիրականացվի, եւ շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Իմ տեղեկությամբ՝ փաստաբանների պալատն էլ այժմ աուդիտորական կազմակերպության հետ միասին փորձում է վերականգնել իրական պատկերը։

-Իսկ Արա Զոհրաբյանի եւ Ռուբեն Սահակյանի հարաբերություններն այդ պատճառո՞վ են լարված, հնարավո՞ր է՝ Ռուբեն Սահակյանը Արա Զոհրաբյանին մեղադրում է այդ բացահայտումերի համար:

-Այս մասով կարող եմ միայն ասել, որ Արա Զոհրաբյանը Ռուբեն Սահակյանին անհատույց օգտագործմամբ ՓՊ շենքի 2-րդ հարկում աշխատասենյակ է տրամադրել, որը բացման օրվանից մինչեւ այժմ Ռուբեն Սահակյանն օգտագործում է:
Իմ տեղեկություններով՝ ֆինանսական պակասորդի եւ ստուգում նշանակելու անհրաժեշտության մասին ՓՊ նախագահը տեղեկացրել է Ռուբեն Սահակյանին։ Նա նույնպես համաձայն է եղել՝ պարզելու իրականությունը։ Նախկին գլխավոր հաշվապահի հրապարակային մեղադրանքներից հետո Ռուբեն Սահակյանը դիմել էր դատախազություն, ինչի հիման վրա էլ այժմ հարուցված է քրեական գործ, եւ ընթանում է նախաքննություն։

Հուսանք՝ նախաքննությունը կպարզի իրական մեղավորներին, եւ փաստաբանների պալատի հեղինակությունն արատավորող այս մութ էջը կփակվի։
Մի բան կարող եմ ասել՝ եթե լինեի ՓՊ նախկին նախագահ, եւ իմ լիազորությունների իրականացման ժամանակահատվածում փաստաբանների պալատից գումարներ փոշիանային, ապա ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական պատասխանատվություն կստանձնեի եւ կլուծեի այդ հարցը։ Հաստատ չէի թողնի ՓՊ հաջորդ պալատի նախագահի ուսերին։ Սա ասում եմ իմ անունից, եւ չի նշանակում, որ այլ անձինք նույնպես պետք է այդպես վարվեն:

Արփինե Թովմասյան




Լրահոս