Արարատյան դաշտում գտնվող Ջրաշենն ունի 387 ընտանիք: Նշենք, որ ջրաշենցիները զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: ՀՀ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում բնակիչները այդքան էլ ոգեւորված չեն ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններով: Ջրաշենի ՀՀԿ-ական գյուղապետ Արտյոմ Ղազարյանի խոսքերով՝ գյուղացիների մտահոգությունների շրջանակն այլ է:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ջրաշենցի գյուղապետ Արտյոմ Ղազարյանի հետ:
-Պարո՛ն Ղազարյան, Ջրաշենի բնակիչները պատրաստվո՞ւմ են ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
-Ո՛չ հետաքրքրվում են եւ ո՛չ էլ քննարկում են խորհրդարանական ընտրությունները: Գյուղացիները խաղաղ, իրենք իրենց համար ապրում են: Բայց այնքան շատ են իրենց հոգսերով տարված, որ չեն հետաքրքրվում կուսակցական գործերով: Նրանց նույնիսկ չի հետաքրքրում, թե ով կամ ոնց է աթոռի համար պայքարում:
-Գյուղեր կան, որտեղ տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ են այցելում, հանդիպումներ են ունենում մարդկանց հետ: Այս ընթացքում Ջրաշենում նման այցելություններ եղե՞լ են:
-Չէ՛, չունենք այցեր: Ո՞ւմ ենք հետաքրքրում, որ: Այստեղ նման բաներ չկան:
-Պարո՛ն Ղազարյան, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը…
-Իր ցանկությունն է, ես ինչ կարող եմ ասել: Ինչպես կամեցել է, այդպես էլ վարվել է:
-Հնարավո՞ր է՝ Դուք էլ հետեւեք իր օրինակին:
– Չէ՛, ես չեմ հետեւի իր օրինակին:
-Իսկ Դուք չե՞ք պատրաստվում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել:
-Ո՛չ, նման բան չի կարող լինել: Այսինքն՝ չեմ մտածել այդ մասին:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ