Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը լցվել են գետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը լցվում է Նորաշենիկ եւ Արծվանիկ գետեր: Այս մասին ահազանգում են Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը եւ Հայկական բնապահպանական ճակատը:

Նորաշենիկ եւ Արծվանիկ գետեր լցվող պոչամբարի թափոնաջրերը այնուհետեւ խառնվում են Ողջի գետին: Բնապահպան Արմեն Փարսադանյանը բազմիցս ահազանգել է Նորաշենիկ գետ թափվող աղտոտված պարզանքի համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Փարսադանյանը հայտնեց, որ նման վթարներ հաճախակի են լինում: Բնապահպանը նույնիսկ կասկածներ ունի՝ արդյո՞ք այսկերպ դիտավորյալ բեռնաթափում են Արծվանիկի պոչամբարը, թե՞ ունեն տեխնիկական խնդիրներ, որոնք պարզապես անտեսում են:

«Փաստերը արձանագրելով՝ կարող եմ ասել, որ ընկերության ղեկավարությունը լուրջ չի վերաբերում բնապահպանական խնդիրներին»,- նշեց Փարսադանյանը:
Ըստ Համահայկական բնապահպանական ճակատի՝ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրն իր մեջ պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7 տոկոսը: Այս հանքավայրը շահագործվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կողմից, որի գլխավոր բաժնետերն է գերմանական «Քրոնիմետ» (CRONIMET) ընկերությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսության այս հսկան դեռեւս 2004 թվականին վաճառվեց ընդամենը 132 մլն դոլարով։

ՀԲՃ-ն տեղեկացնում է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Ողջի գետի ավազանից տարեկան վերցնում է մոտ 70 մլն խորանարդ մետր գերազանց (I) եւ լավ (II) որակի դասերի ջուր, իսկ հանքաքարի վերամշակումից հետո Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերի տեսքով հետ է վերադարձնում բնությանը գրեթե նույնքան, բայց արդեն անբավարար (IV) եւ վատ (V) որակի ջուր։

Բացի այս՝ պոչամբարի թափոնաջրերը թափվելով Արծվանիկ ու Նորաշենիկ գետերը՝ լուրջ վնաս են հասցնում գետերի ջրային էկոհամակարգին՝ խախտելով դրա նորմալ կենսագործունեությունը: Օրինակ՝ տոքսիկ մետաղների՝ կոբալտի, կադմիումի, մանգանի, մոլիբդենի, պղնձի, ծարիրի բարձր պարունակության արդյունքում Արծվանիկ գետի ջրում պոչամբարից ներքեւ ընկած հատվածում չի հայտնաբերվում ջրային կենսաբազմազանություն, այդ թվում նաեւ՝ ձկներ:

Խնդրի շուրջ ահազանգած ՀԲՃ-ի համոզմամբ՝ Արծվանիկ, Նորաշենիկ եւ Կավարտ վտակների թափման արդյունքում վատթարանում է նաեւ Ողջի գետի ջրի որակը՝ հասնելով մինչեւ ջրի վատ (V) որակի դասի՝ մանգան, կոբալտ, պղինձ եւ մոլիբդեն մետաղներով։ Արդյունքում Ողջի գետի ջուրը դառնում է օգտագործման համար ոչ պիտանի: Մինդեռ նշենք, որ Արծվանիկ գետից օգտվում է Սյունիք գյուղը, որի բնակիչները այդ ջուրը օգտագործում են իրենց այգիները ոռոգելու համար: Ի դեպ, սյունիքցիները պարբերաբար դժգոհում են, որ ոռոգման ջրի խնդրի պատճառով իրենք չեն կարողանում իրենց հողակտորների մեծ մասը մշակել:

Ե՛ւ ՀԲՃ-ն, ե՛ւ Արմեն Փարսադանյանը պնդում են, որ սա առաջին դեպքը չէ, եւ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը պարտավոր է բոլոր դեպքերում արձանագրել վթարը, հաշվարկել շրջակա միջավայրին հասցված վնասը եւ նշանակել տուժանք:

Ինչու բնապահպանական պետական տեսչությունը հետեւողական չէ վթարները արձանագրելու հարցում եւ արդյոք հետամուտ կլինի բնապահպանների ահազանգին: Այս հարցերին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ԲՆ, որտեղից փոխանցեցին, որ նախարարության բնապահպանական տեսչության մարզային կառույցը եղել է տեղում եւ ջրի փորձանմուշներ վերցրել: Այսպես՝ լաբորատոր արդյունքներից հետո պարզ կլինի՝ ԲՆ-ն տեսչական ստուգումներ կիրականացնի՞ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, թե՞ ոչ:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Ալյոտիգ» ընկերությունը, որը կոչված էր Հայաստանում խնդրահարույց 3՝ Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ զբաղվել, որոշ ժամանակով սնանկ է ճանաչվել: Տեղեկացնենք, որ դեռեւս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին նշված ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված «Մտադրությունների մասին» հուշագրի համաձայն՝ «Ալյոտիգ»-ը պետք է կատարեր 240 մլն դոլարի չափով ներդրում:

Դեռեւս 2015-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկվեց 3 պոչամբարներում կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը: Ծավալված բուռն քննարկումների ընթացքում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ կասկածի տակ դրեցին ծրագրով հետաքրքրված ընկերության գործունեության արդյունավետությունը: Փաստորեն պատգամավորները չէին սխալվել: Արդյունքում՝ այսօր անհայտ է՝ ընկերությունը, ի վերջո, 240 մլն դոլարի ներդրում կատարե՞լ է, թե՞ ոչ: Չէ՞ որ ինչ-որ ժամանակով սնանկացել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս