Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, ընդգծել է Թուրքիայում սահմանադրական փոփոխություննների հարցում իշխանությունների տարանջատման սկզբունքի ապահովման անհրաժեշտության մասին, փոխանցում է Hurriyet-ը:
Այս մասին Մերկելը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հայտնել է, որ նոր համակարգում պետք է պահպանվեն ժողովրդավարական սկզունքները: Մերկելն առաջարկել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելություն հրավիրել սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի ժամանակ: Մերկելի կողմից օգտագործված «իսլամական ահաբեկչություն» տերմինը վրդովվել է Էրդողանին:
«Նման արտահայտության օգտագործումն անթույլատրելի է: Չի կարելի կապել իսլամը ահաբեկչության հետ: Իսլամ նշանակում է խաղաղություն, և այն չի կարելի ընդհանրացնել ահաբեկչության հետ: Նման արտահայտությունը վիրավորում է մուսուլմաններին: Ես՝ որպես նախագահ և մուսուլման, չեմ կարող ընդունել դա»,-ասել է Էրդողանը:
Մերկելն ընդգծել է, որ «իսլամիստ» և «իսլամական» արտահայտությունների միջև տարբերություն կա: «Կրոնական ազատությունն ինձ համար կարևոր է: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ Գերմանիայում իսլամ դավանողների ազատության համար: «Իսլամիստ» և «իսլամական» արտահայտությունների միջև տարբերություն կա»,-ասել է Մերկեը: